Շաքարային դիաբերտով հիվանդների դեղորայքն այլևս ընդհատումներով չի տրվի
Հայաստանում այսօր շաքարային դիաբետով ապրում է մոտ
66.000 մարդ, մինչդեռ տարիներ առաջ այդ թիվը մի քանի անգամ պակաս է եղել:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմանյանը՝ հավելելով, որ այս թիվն արտացոլում է միայն բուժհաստատություններ դիմած և գրանցված հիվանդների քանակը: Պարոն Թորոմանյանի խոսքերով, հնարավոր է` այդ թիվը կրկնապատկվի, քանի որ կան մարդիկ, որոնք ունեն շաքարային դիաբետ, բայց չեն դիմել բժշկի: Վերջին տասնամյակում շաքարային դիաբետ հիվանդության աննախադեպ աճը, ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում գլխավոր էնդոկրինոլոգը պայմանավորում է մի շարք գործոններով՝ ժառանգականություն, ոչ առողջ ապրելակերպ, վնասակար սնունդ և այլն:
«Շաքարային դիաբերտը, ինչպես և սրտանոթային համակարգի հիվանդություններն ամբողջ աշխարհում 3-րդ տեղն են զբաղեցնում` իրենց հաշմանդամության և մահացության ցուցանիշներով: Հայաստանում ևս նույն պատկերն է, և վերջին տասնամյակներում գրանցվել է շաքարային դիաբետի զարգացման աննախադեպ աճ: Այսինքն՝ եթե անդրադառնանք փաստերին, ապա նշեմ, որ 90-ականների սկզբներին մեզ մոտ, տարեկան շաքարային դիաբետի 1000 նոր դեպքով էր հիվանդների քանակն ավելանում, 2000 թվականին նոր դեպքերը տարեկան գերազանցում էին 2000-ը: Իսկ այսօր արդեն, անցյալ տարվա տվյալներով` մեր երկրում գրանցվել է շաքարային դիաբետով 6000 նոր դեպք: Տեսե՛ք, ինչ պրոգրեսիվ աճ է, և, դա ոչ միայն Հայաստանում է, այլև ամբողջ աշխարհում»,- ասում է պարոն Թորոմանյանը:
Մեր երկրում շաքարային հիվանդների իրական թիվը բացահայտելու համար, գլխավոր Էնդոկրինոլոգի ներկայացմամբ, Առողջապահության նախարարությունը նախատեսել է մոտակա տարիներին սկրինինգային մեծ ծրագիր իրականացնել. «Ընդհանրապես համարվում է, որ աշխարհում մեկ գրանցված հիվանդին, որն արդեն բացահայտ է, և որի մոտ առկա է շաքարային դիաբետ, բաժին է ընկնում մեկ չգրանցված հիվանդ, որն անտեղյակ է իր մոտ եղած շաքարային դիաբետի մասին: Մենք այս ծրագրով ուզում ենք բացահայտել այդ դեպքերը և, ընդհանրապես, դա դառնա մեր առօրյայի ծրագիր, այսինքն՝ համակարգում գործող ծրագիր, որն արդեն առաջին իսկ պահից կգրանցի շաքարային դիաբետի նոր դեպքերը»:
Սկրինինգ-հետազոտությունը կատարվելու է բոլոր բուժհաստատություններում` անալիզների միջոցով: Պարոն Թորոմանյանի խոսքերով, անկախ այն բանից, թե ինչ պատճառով է հիվանդը դիմել բժշկի, պարտադիր կստուգվի, թե նրա արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ինչ քանակությամբ է:
Նշենք, որ շաքարային դիաբետը քրոնիկ վիճակ է, որը բնորոշվում է արյան գլյուկոզային մակարդակի կայուն բարձրացմամբ: Այն առաջանում է, երբ ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ ինսուլին չի արտադրում, կամ, երբ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտադրված ինսուլինը:
Էդուարդ Թորոմանյանը շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց համար մեծ ձեռքբերում համարեց նաև առաջիկա 5 տարիներին դեղորայքի «անխափան» մատակարարումը, որը լուծվել է Առողջապահության նախարարության ջանքերով:
«Մինչ այս, այդպիսի տարի չէր լինում, որ ինսուլինի պակասի պատճառով դեղորայքը չտրամադրվեր ընդհատումներով, այդ խնդիրն արդեն լուծված է: Հայտարարվել էր մրցույթ, որի արդյունքում հաղթեց եվրոպական մի ընկերություն, որը 5 տարվա ընթացքում մեզ կմատակարարի ինսուլինի լավագույն դեղամիջոցը: Դեղորայքն ընդհատումներով մատակարարելու խնդիր այլևս չենք ունենալու, քանի որ նախարարությունն ամեն տարի պատվեր է տալու»,- վստահեցրեց նախարարության գլխավոր Էնդոկրինոլոգը:
Նրա խոսքերով` նախարարությունը ջանացել է լուծել նաև ինսուլինի մատչելի գնով ձեռքբերման հարցը, որը նույնպես կարևոր խնդիրներից է եղել. «Եթե նախկինում մեկ սրվակը ձեռք էինք բերում 20 դոլարով, ապա այսօր ինսուլինի գինը զգալի իջել է. մրցույթի և նախարարության աշխատանքների շնորհիվ հաջողվեց այն գնել մեկ սրվակը 3,3 դոլարով: Քանի որ ինսուլին ստացողների թիվը տարեցտարի մեր երկրում աճում է, ապա մեր հիվանդների և մեր հասարակության համար դա զգալի ձեռքբերում է»:
Պարոն Թորոմանյանն ասաց, որ այս տարի Հայաստանին հաջողվել է ընդգրկվել այն երկրների ցանկի մեջ, որոնք իրավունք ունեն շուրջ 50 տարի շաքարային դիաբետ ունեցող հիվանդներին պարգևատրել ոսկե մեդալով. «Դա շատ ուրախալի փաստ է, որ 50 տարի շաքարային դիաբետով ապրող մարդիկ կան: Այդ մարդկանց քանակը շատ սահմանափակ է, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում այս տարի ընդամենը 2-3 դեպք է արձանագրվել: Այս տարի մեզ նույնպես իրավունք տրվեց Հայաստանում այդպիսի հետազոտություններ անել և հայտնաբերել այն անձանց, որոնք 50 տարի ունեն շաքարային դիաբետ: Եթե մեզ մոտ հայտնաբերենք, ապա դա ողջունելի կլինի: Ես կցանկանայի, որ հետագայում մեր բոլոր հիվանդներն արժանանային այդ ոսկե մեդալին»:
Նշենք, որ շաքարային դիաբետ հավասարապես ձեռք են բերում թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ:
Վերջին տարիներին, ինչպես մասնագետներն են փաստում, ոչ միայն Հայաստանում, այնպես էլ` ամբողջ աշխարհում, հիվանդությունը «երիտասարդացել է» և, ըստ պարոն Թորոմանյանի, եթե նախկինում առաջին տիպի շաքարային դիաբետ հայտնաբերվում էր մինչև 30 տարեկան մարդկանց մոտ, իսկ 30 տարեկանից հետո միայն զարգանում էր երկրորդ տիպի՝ ինսուլին ոչ կախյալ դիաբետը, ապա այսօր այդ տարիքային խմբերը շեղվել են, և տարեցտարի գրանցվում են մեծ քանակով շաքարային դիաբետով հիվանդներ և՛ 30 տարեկանում, և՛ 20 տարեկանում, և՛ 40-ից հետո:
Այսօր ողջ աշխարհը նշում է Շաքարային դիաբետի համաշխարհային օրը:
Շաքարային դիաբետ ձեռք չբերելու համար մասնագետները խորհուրդ են տալիս վարել ճիշտ ապրելակերպ, նախընտրել թեթև սնունդ՝ ծովային մթերքներ, մրգեր, բանջարեղեն, C վիտամին պարունակող սննդամթերք, և չչարաշահել քաղցրավենիք, գազավորված ըմպելիքներ, ալկոհոլ և այլն, ինչպես նաև խուսափել ծխախոտից:
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ