Թող Զարուհին այդ հարցը բարձրացնի ԵԽ ԽՎ-ում

Այսօր Հայաստանի խորհրդարանում «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, նախ՝ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ապա՝ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը հարց ուղղեցին նրան այն մասին, թե արդյո՞ք  նա ծանոթ է իր օրինագծի նկատմամբ ԼՂՀ իշխանությունների վերաբերմունքին, կո՞ղմ են նրանք Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչմանը, թե՞ դեմ: Զարուհի Փոստանջյանը երկու դեպքում էլ խուսափողական պատասխան տվեց՝ հայտարարելով, որ իրեն հայտնի է Արցախի հանրության դիրքորոշումը, որ այն դրական է տրամադրված Հայաստանի կողմից անկախության ճանաչմանը, քանի որ ԼՂՀ-ն արդեն արտահայտել է իր դիրքորոշումն անկախության հանրաքվեի միջոցով, և հիմա Հայաստանի հերթն է՝ ճանաչելու անկախության հանրաքվեի արդյունքները:

Քանի որ Զարուհի Փոստանջյանն այդպես էլ հստակ չասաց, թե ինչ տեսակետ ունեն իր ներկայացրած օրինագծի նկատմամբ ԼՂՀ իշխանությունները, 168.am-ը փորձեց այդ հարցը հստակեցնել ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի միջոցով:

Վերջինս չափազանց վրդովված էր. «Այս անձնավորությունը որևէ բարոյական իրավունք չունի արտահայտվելու Արցախի ժողովրդի անունից, քանի որ իմ կարծիքով՝ նա նույնիսկ Արցախի տեղն էլ չգիտի, երևի Ղարաբաղում չի էլ եղել: Համենայն դեպս, ես նրան ոչ մի անգամ չեմ տեսել Ղարաբաղ այցելած պատվիրակությունների կազմում»:

Դավիթ Բաբայանն ասում է, որ Արցախի և Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են ԼՂՀ միջազգային ճանաչման համար:

«Բայց Հայաստանը չէ, որ պետք է առաջինը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Դա կարող է լինել ցանկացած պետություն, բայց ոչ Հայաստանը: Հիմա գնում է բանակցային գործընթաց, և Հայաստանն այդ բանակցային գործընթացի  մասնակիցներից է:

Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, սադրել նոր պատերազմի սկիզբ: Այսինքն՝ այս անձնավորությունն՝ իր սադրանքով, Ադրբեջանին և միջազգային հանրությանը հնարավորություն կտա Հայաստանին մեղադրել բանակցային գործընթացը տապալելու և պատերազմ սանձազերծելու մեջ»:

Մեր այն հարցին, թե անարդար չէ՞ Արցախի ճանաչումը պահանջող գործչին սադրիչ որակելը, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե նա ինչ շարժառիթներ ունի նման գործողությունների համար, բայց, որ նման քայլերով նա հարվածում է մեր պետականությանը, որ դա չի բխում հայ ժողովրդի շահերից, դա միանշանակ է: Եթե նրան իսկապես մտահոգում է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը, ապա նա կարող էր այդ հարցը բարձրացնել ԵԽ ԽՎ նստաշրջանների ժամանակ, կարող էր եվրոպացի խորհրդարանականների առջև հարց դնել, թե ինչու իրենց երկրների խորհրդարանները չեն ճանաչում ԼՂՀ անկախությունը: Բայց նա և իր կուսակցությունն անընդհատ այդ հարցը բարձրացնում են Հայաստանի խորհրդարանում՝ լավ հասկանալով, որ Հայաստանը չի կարող գնալ նրան, որ նման օրենք ընդունի: Մենք հոգնել ենք նման մուտիլովկաներից, նման սադրանքներից. մի բան է, որ դա անում են ադրբեջանցիները, բայց մեզ համար շատ ծանր է, որ դրան են միանում նաև հայաստանցի պատգամավորները»:

Մեր զրույցի վերջում Դավիթ Բաբայանը մի ընդհանրացում արեց՝ ցույց տալու համար, թե ում կարող է ձեռնտու լինել Զարուհի Փոստանջյանի և այն մարդկանց գործունեությունը, ովքեր պահանջում են Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը:

«Այդ անձնավորությունը և նրա կուսակցությունն արդեն մի քանի անգամ բարձրացրել են Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը, և Հայաստանի խորհրդարանը ստիպված է եղել մերժել այդ նախաձեռնությունները: Այն երկրները և այն ուժերը, ովքեր դեմ են ԼՂՀ ճանաչմանը, ովքեր հանդես են գալիս Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնելուն, ասում են՝ տեսե՛ք, Հայաստանի պատգամավորներն էլ են դեմ ԼՂՀ ճանաչմանը, Հայաստանն էլ է դեմ Ղարաբաղի ինքնորոշմանը: Հիմա պարզ չէ, թե ում է ձեռնտու Զարուհի Փոստանջյանի գործունեությունը, և ով է շահում այդ գործունեության արդյունքում»:

 

Տեսանյութեր

Լրահոս