«Չեմ տեսել որևէ մեկին՝ քեռուս հարվածելիս»
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ շարունակվում է փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործի դատավարությունը: Խմբակային սպանության և խմբակային խուլիգանության համար մեղադրանք է առաջադրված Արտակ Վերանյանին` ՀՀ Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Արեն Վերանյանին և Սամվել Դիլոյանին` ՀՀ Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ամբաստանյալներ Արեն Վերանյանն ու Սամվել Դիլոյանը, սակայն, իրենց մեղավոր չեն ճանաչում մեղսագրվող արարքներում: Արտակ Վերանյանն էլ հերքում է, որ խմբի կազմում որևէ հանցագործություն է կատարվել, սակայն ընդունում է, որ ինքը հարվածել է Շարբաթյանին և գազային ատրճանակով կրակել նրա ուղղությամբ (հիշեցնենք, որ դեպքի հաջորդ օրը Արտակ Վերանյանն ինքնակամ ներկայացել էր իրավապահներին և ինքնախոստովանական ցուցմունք տվել, նաև ներկայացրել էր նշված ատրճանակը):
«Խմբակային ոչ մի բան չի եղել, վիճաբանությունը եղել ա իմ և Շարբաթյանի միջև: Ես հարվածել եմ Շարբաթյանին: Դեպքը պետք ա չլիներ, չեմ ուզեցել, որ լինի: Չեմ ուզեցել Շարբաթյանին սպանեմ: Ստացվել ա»,- դատարանում հայտարարեց ամբաստանյալ Արտակ Վերանյանը: Նաև հայտնեց, որ կհամաձայնի քաղհայցի հետ կապված դատարանի ցանկացած որոշման հետ և կփոխհատուցի տուժողի գումարային պահանջը: Հանգուցյալի կինը` տուժողի իրավահաջորդ Սաթիկ Սարգսյանը, առայժմ չներկայացրեց նյութական վնասի փոխհատուցման պահանջ, ասաց, որ վերջում կհայտնի իր որոշումը: Չնայած, նրա խոսքով, մարդու կորուստը չունի նյութական փոխհատուցման ոչ մի չափանիշ:
Դատարանն ապացույցների հետազոտման կարգ սահմանեց` նախ հարցաքննել գործով վկաներին: Եվ առաջինը դատարան հրավիրվեց Հայկ Հրանտի Ասլիկյանը` հանգուցյալ փաստաբանի քրոջ որդին: Հիմնականում նրա նախաքննական ցուցմունքներով է խմբակային սպանության մեղադրանք առաջադրվել երեք անձանց նկատմամբ: Դեպքից հետո Հայկ Ասլիկյանը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, որն անցնում է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում:
Եվ քանի որ նախորդ դատական նիստերին դատակոչված վկան չէր ներկայանում, իսկ այժմ դատարանը դժվարությամբ կարողացել էր ապահովել նրա մասնակցությունը դատական նիստին` բերելով Ղարաբաղից, ուստի հենց Հայկ Ասլիկյանն էլ առաջինը հարցաքննվեց: Ամբողջ 2 օր տևած հարցաքննության ընթացքում 19-ամյա զինվորը ցուցմունք տվեց հետևյալի մասին. Արտակ Վերանյանի հետ ծանոթացել է անձնական խնդրով, վերջինս համակրելիս է եղել իր քրոջը և ամուսնության նպատակով ցանկացել է շփվել նրա հետ: Իր այդ մտադրությունների մասին Արտակը հայտնել է նաև Հայկին:
Վերջինիս ասելով` այդ հարցի կապակցությամբ որևէ խնդիր, տարաձայնություն չի եղել Արտակի հետ: Քույրը ոչ մի անգամ չի ասել, որ Արտակն անհանգստացնում է իրեն, միայն մի քանի անգամ նշել է, որ չի ուզում շփվել նրա հետ: Նրանց քեռին էլ որոշել է անձամբ գալ Վանաձոր և զբաղվել այդ հարցով, քանի որ Ասլիկյանների հայրը բացակայում էր երկրից: Քեռուն Հայկը չի կանչել, նույնիսկ չգիտի` ինչպե՞ս է նա իմացել այդ հարաբերությունների մասին: Դեպքի նախորդ օրը` 2012թ. նոյեմբերի 17-ին, քեռին եկել է Վանաձոր, բայց ոչ Ասլիկյանների տուն: Զանգել է Հայկին և ասել, որ եկել է հանդիպելու Արտակի հետ, որից հետո ամեն ինչ կպատմի իրեն: Հաջորդ օրը զանգել- կանչել է Հայկին` Վանաձորին հարակից Շահումյան գյուղում գտնվող, իր ընկերոջը` Էդվարդ Խլղաթյանին պատկանող «Մուշ» ռեստորանային համալիր:
Այստեղ Հայկը հանդիպել է քեռուն ու նրա ընկերոջը, երեքով նստել են սեղանի շուրջ, և քեռին պատմել է Արտակի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին: Մեկ ամիս հետո Արտակն ու իր քույրը քեռու ներկայությամբ պետք է գնային ինչ-որ մի սրճարան և ընդհանուր հայտարարի գային, հասկանային` տարբերություն կա՞ երիտասարդների զգացմունքներում, թե՞ ոչ: Իսկ մինչ այդ Արտակը չպետք է մոտենար իր քրոջը: Ռեստորանի սենյակում, բացի իրենից, քեռուց ու Էդվարդ Խլղաթյանից, ուրիշ անձինք չեն եղել: Ընթացքում որոշ մարդիկ են եկել-գնացել, որոնց ինքը չի ճանաչում:
Իսկ կեսօրին` ժամը 13:00-14:00-ի սահմաններում, եկել են Սամվել Դիլոյանն ու Արեն և Արտակ Վերանյան եղբայրները: Չի հիշում` միասի՞ն են եկել, թե՞ առանձին-առանձին: «Հաց կերան, խմեցին, ես չեմ խմել, չգիտեմ` ո՞վ ինչքան խմեց, ով խմեց-չխմեց: Չեմ կարա ասեմ հաստատ` ընդեղ նստածները սաղ խմե՞լ են, թե՞ չէ: Եկավ ժամը 10-ը, չեմ կարա ասեմ` 7-8 ժամվա ընթացքում ինչից են խոսացել: Ընդհանուր խոսակցություն էր, սեղանի շուրջ նստած խոսում էին, տենց լուրջ թեմա չի շոշափվել: Ուղղակի ընկերական միջավայր էր»:
Հետո սեղանի շուրջ վեճ է ծագել. «Ինչ-որ հարցի շուրջ իրար չհասկացան քեռին ու Արտակը: Անցել ա 11 ամիս, չեմ հիշում` ի՞նչ ա եղել, բայց վստահ եմ, որ նյութն անձի չէր վերաբերում, ու լուրջ նյութ չէր: Ուղղակի ոչ սթափ լինելն էր պատճառը, խմած մարդիկ էին, տենց իրար պահի տակ չհասկացան: Քեռին էլ էր խմած: Չեմ կարա ասեմ` ով ինչքան ա օգտագործել, կամ օգտագործե՞լ ա, թե՞ չէ, բայց ալկոհոլ օգտագործելուց կենացներ էին ասում, դրանից եզրակացնում եմ, որ խմել են»:
Այնուհետև, ինչպես վկան է պատմում, ինքը, քեռին, Սամվել Դիլոյանն ու Արտակ Վերանյանը դուրս են եկել սենյակից, Արեն Վերանյանը նրանց հետ չէր, 2-3 ժամ առաջ արդեն գնացել էր: Խոսելով, բայց ոչ վիճաբանելով` դուրս են եկել միջանցք, ապա` ռեստորանի բակ, որտեղ վերսկսվել է վիճաբանությունը. «Դուրս եկան իրանք, ես` հետ ընկած, իրանք դրսում էլի նորից սկսեցին, բայց չեմ կարող ասել` էդ նո՞ւյն հարցի շուրջ, թե՞ ուրիշ հարցի շուրջ: Կոնկրետ Արտակին ու քեռուս եմ տեսել, որ վիճաբանում էին: Որ դուրս եկա իրանց հետևից, քաշքշում էին, ես եմ խառնվել, ու Դիլոյանն էր խառնվում: Գնացի Խլղաթյանին կանչեմ` գիտակցելով, որ քեռու ընկերն ա, ավելի շատ կարա ինքն ազատի»:
Գնալով ռեստորանի տիրոջ հետևից, որ մնացել էր սենյակում, Հայկը վերադարձել է նրա հետ 2-5 (մինչև 10) րոպե անց։ «Տեսադաշտում արդեն մենակ քեռիս էր: Տեսա, որ քեռիս ընկած ա, քեռուս մոտ էի գնում, արդեն իրանից հեռացող մարդիկ էի տեսնում, կոնկրետ չեմ տեսել` ովքեր էին հեռանում, բայց մինչև ներս մտնելը որ գիտեմ` 2-ով դուրսն են եղել, դրանից եզրակացնելով` կարամ ասեմ, որ իրանք են եղել:
Բացի քեռիս, բակում նկատել եմ, որ էլի մարդ ա եղել, ռեստորանի աշխատողին եմ տեսել: Քեռուս մոտ չէ, բայց բակը մեծ էր, մի քիչ հեռու էլի անծանոթ անձինք կային, իրանց վրա ուշադրություն չեմ դարձրել, չեմ տեսել` հեռանո՞ւմ են, թե՞ կանգնած են: Քեռուս դեմքին տեսա կապտուկ ու արյուն, շնչում էր ու արյուն էր գալիս: Որևէ մեկին դեպքի ժամանակ քեռուս հարվածելիս չեմ տեսել: Հայհոյանքներ եղել ա, բայց չեմ կարա ասեմ` ում կողմից, ում միջև, երևի իրանք են իրար հայհոյել` քեռին և Արտակ Վերանյանը»,- պատմում էր վկան:
Հայկ Ասլիկյանի նախաքննական ցուցմունքներում, որոնք նույնպես դատարանում ընթերցվեցին, գրված էր, որ քեռին մահացել է Սամվել Դիլոյանի, Արեն և Արտակ Վերանյանների ձեռքերի և ոտքերի բազմաթիվ հարվածներից: Վկան հայտարարեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Դատավորի հարցին` ինչո՞վ կբացատրի իր տարբեր բովանդակության ցուցմունքները, չէ՞ որ նախկինում նրա տված այդ ցուցմունքների հիման վրա երեք անձի մեղադրում են խմբակային սպանություն կատարելու մեջ, մի՞թե չէր գիտակցում դրանց լրջությունը, Հայկ Ասլիկյանը պատասխանեց.
«Ես հիմա ճիշտ եմ պատմում, որոշ չափով վերականգնվել եմ էդ դեպքից հետո: Պատճառն էն ա, որ ծանր ապրումների մեջ եմ եղել, վատ վիճակում: Էն ժամանակ լարվածությունն էնքան մեծ ա եղել, որ էդ ամեն ինչը չեմ պատկերացրել` ինչ աստիճանի ա: Հիմա որոշեցի ճիշտը ասեմ»:
Դատավարական կողմերի հաջորդող հարցերին վկան նույնաբովանդակ պատասխաններ տվեց:
Հարց. – Երբ նախաքննական մարմինը ձեզ հարցաքննում էր, բռնություններ, ճնշումներ գործադրվե՞լ են:
Պատասխան. – Չի եղել, բայց ես որ գնացել եմ միանգամից ըտեղ, որոշ բաներ անգիտակցաբար իրանք ասել են` կարո՞ղ ա էսպես ա եղել, ես ասել եմ` հնարավոր ա` էղել ա:
Հարց. – Ձեր առաջին ցուցմունքն անձամբ դո՞ւք եք գրել, Ձե՞ր ձեռքով:
Պատասխան. – Հա:
Հարց. – Միակ անձը, որ դեպքի մասին ամենից շատ գիտեր, Դուք էիք, ո՛չ քննիչը, ինչպե՞ս կարող էր ասել այն, ինչ գրված է Ձեր կողմից, Ձեր ձեռքով:
Պատասխան. – Քննիչը չէր պնդում, որ` էդ բանը տենց ա եղել, տենց ասա, ասում էր` հնարավո՞ր ա` էս ձև եղել ա: Ես էլ վատ վիճակում եմ եղել, մինչև ժամը 5-ը ցուցմունք եմ տվել վատ վիճակում: Շատ հարցերին իմիջիայլոց նայելով` ասել եմ` կարա և էդ ձև էլ էղած էղնի:
Հարց. – Ի՞նչ պատմեցիք Դուք ձեր տեսածի մասին ձեր հարազատներին` մայր կլինի, քույր կլինի, քեռակին:
Պատասխան. – Նույն բանը, ինչ որ ցուցմունքում գրել եմ:
Հարց. – Ինչ որ պատմել եք ձեր հարազատներին, ճշմարտությո՞ւնն եք պատմել, թե՞ ոչ, Ձեր տեսա՞ծն է:
Պատասխան. – Իմ տեսած ճշմարտությունը էս ա, ինչ որ նոր ասեցի:
Հարց. – Այն, ինչ պատմել եք ձեր մորաքրոջը, ճի՞շտ եք պատմել, թե՞ սուտ:
Պատասխան. – Բնական բան ա, եթե հիմի փոփոխություն կա, ուրեմն էն վախտ ճիշտը չեմ պատմել իրանց:
Հարց. – Կարճ ժամանակ անց Ձեզ առերեսել են Արտակ Վերանյանի հետ: Առերես հարցաքննվելիս Ձեր տված ցուցմունքը կհիշե՞ք:
Պատասխան. – Նույն ցուցմունքն եմ տվել, ինչ որ դեպքից հետո: Առերեսումից առաջ զգուշացվել եմ սխալ ցուցմունքից հրաժարվելու համար, որ կարող եմ պատժվել, դրա համար նույն ցուցմունքը կրկնել եմ, որպեսզի խնդիր չունենամ, ու նրա պատճառով, որ վախ ա էղել մեջս, ու նորից դեպքից հետո շատ ժամանակ չի անցել, նույն վիճակում եմ եղել ես:
Հարց. – Ի՞նչ գիտես, ի՞նչ ես իմացել, ինչի՞ արդյունքում մահացավ քեռիդ:
Պատասխան. – Չեմ կարող ասել: Գիտեմ, որ մահացավ: Նշեցի, որ եկել եմ, արդեն ընկած ա եղել:
Հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 15-ին` ժամը 14։30-ին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԴԱՐՅԱՆ