Որքան մարդ է մեկնել Հայաստանից օդային ճանապարհով
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ-ից օդային ճանապարհով ուղևորափոխադրումների բացասական սալդոն գրեթե կրկնակի քիչ է, քան անցած տարի նույն ժամանակահատվածում: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013 թ. 10 ամիսներին ՀՀ-ից օդային ճանապարհով մեկնել է 742,886 մարդ, ժամանել է 713,614 մարդ: Այսինքն՝ բացասական սալդոն 29,272 մարդ է: Մինչդեռ, անցած տարի նշված ժամանակաշրջանում օդային ճանապարհով ուղևորահոսքերի բացասականսալդոն 55,092 մարդ էր:
Սակայն արտագաղթի ծավալների մասին դատելու համար միայն այս ցուցանիշի կրճատմամբ ոգևորվել չարժե, քանի որ ինչպես երևում է Միգրացիայի պետական գործակալության հրապարակած 9-ամսյա ցուցանիշներից, արտագաղթը մեր երկրում ավելացել է 11.2 %-ով և կազմել -108.0 հազար մարդ: Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում եղել է 35.7% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 41.8%-ի դիմաց:
Ըստ ամենայնի՝ ՀՀ քաղաքացիները երկիրը լքելու համար սկսել են ավելի շատ օգտվել ավտոբուսներից: Իսկ ավտոբուսներով նրանք հիմնականում մեկնում են Ռուսաստան, և միայն քիչ դեպքերում՝ Վրաստան, մեր հարևանի օդային փոխադրումներից օգտվելու համար: