Իմիջային պատերազմ ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի միջև

Երեկ ՀՀԿ-ն չկարողացավ միասնական դիրքորոշում ներկայացնել ՕԵԿ ներկայացուցիչներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի ներկայացրած օրենքի նախագծի վերաբերյալ: Նրանք առաջարկում էին փոփոխություն կատարել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում:

ՕԵԿ խմբակցության ղեկավարը և քարտուղարն առաջարկում էին օրենքում օգտագործված «գենդեր» բառը փոխարինել «սեռ» բառով: Այս նախագծի քվարկության արդյունքում այն ստացավ ընդամենը 20 կողմ, 42-ը դեմ էին, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ էր քվեարկել: Գրեթե նույն թվով պատգամավորներ էլ չէին մասնակցել քվեարկությանը: Այս տարվա մայիսի 20-ին ԱԺ-ն ընդունեց նույն Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը, որը բավական մեծ աղմուկ հանեց և հանրային լայն քննարկումների և քննադատության առարկա դարձավ: Հատկապես լուրջ դժգոհության առիթ հանդիսացավ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը:

Այդ կետում նշված է. «Գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց, ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակարգ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր որլորտներում»: Անընդունելի էր համարվում այն, որ գենդերը համարվում էր ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք: Հիմա համարենք, որ «գենդեր» բառի փոխարինում ենք «սեռ» բառով, ինչն առաջարկում են Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը. արդյունքը ստացվում է ավելի անհեթեթ: Ատացվում է, որ սեռն է ձեռքբերովի և սոցիալապես ամրագրված վարք:

Մի՞թե դրանով օրենքի հակառակորդների մտահոգությունները վերանում են. ամենևին՝ դրանք մնում են, որովհետև «գենդեր» բառը մեխանիկորեն «սեռ» բառով փոխարինելով օրենքի էությունը չի փոխվում, չհաշված, որ լեզվական առումով այն դառնում է ավելի անգրագետ:

Բայց Հեղինե Բիշարյանն առաջարկում էր, որ իրենց առաջարկած փոփոխությունը ընդունվի որպես հիմք, և, եթե կլինեն այլ առաջարկներ, իրենք պատրաստ են ընդունել դրանք: Պարզ ասած ՕԵԿ ներկայացուցիչների ասածը հետևյալն էր. մենք ուզում ենք փոխել ընդունված օրենքը, որի պատճառով անընդհատ ենթարկվում ենք քննադատության:

Չգիտենք` ինչպես փոխել այն, չգիտենք` ինչը փոխել, բայց եթե ինչ որ մեկը լավ տարբերակ առաջարկի, մենք դեմ չենք լինի և կընդունենք:
ՕԵԿ նախաձեռնությանը հստակ դեմ արտահայտվեցին մի խումբ ՀՀԿ-ականներ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Նրանք պնդում էին, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի և կառավարության մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի օրենքի փոփոխության իր տարբերակը, և պետք է մերժել օրենքի ՕԵԿ-ական տարբերակը ու սպասել կառավարության տարբերակին: Այս տարբերակի օգտին էին հանդես գալիս նաև ԲՀԿ-ականներ Էլինար Վարդանյանը, ով Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն է, և Նաիրա Զոհրաբյանը: Հեղինե Բիշարյանը պնդում էր, որ ինքը տեսել է կառավարության կողմից մշակված փոփոխության տարբերակը, և այնտեղ իրենց մտահոգող հոդվածը փոփոխված չէ:

ՕԵԿ դիրքորոշման օգտին հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով հայտարարեց, որ կարելի է օրենքի նախագիծը մտցնել ԱԺ օրակարգ և այն հիմք ընդունելով՝ կատարել այն փոփոխությունը, որի արդյունքում օրենքը կունենա ընդունելի տեսք: Հովիկ Աբրահամյանը հենց այդես էլ վարվեց` կողմ քվեարկելով ՕԵԿ ներկայացրած նախագիծն ԱԺ օրակարգ ընդունելու օգտին: Կողմ էին քվեարկել ՀՀԿ խմբակցության մի քանի անդամներ ևս, ինչպես, օրինակ, Հակ Բաբուխանյանը և Վահրամ Բաղդասարյանը, բազմաթիվ ՀՀԿ ականներ էլ ուղղակի չէին մասնակցել քվեարկությանը` չկարողանալով կողմնորոշվել, թե ինչպես քվեարկել: Բայց ՀՀԿ-ականների մեծ մասը դեմ էր քվեարկել կոալիցիոն գործընկերոջ օրինագծին: Կողմ էին քվեարկել միայն ՀՅԴ և ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչները, իսկ ԲՀԿ-ն հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու: ՀԱԿ-ն էլ, պարզ է. ինչպես ԲՀԿ-ն, բայց առանց հայտարարելու:

Ինչո՞ւ ՀՀԿ-ն դեմ դուրս եկավ կոալիցիոն գործընկեր համարվող ՕԵԿ-ի ներկայացրած օրինագծին: Ըստ որոշ ՀՀԿ-ականների, ՕԵԿ-ն ուզում է իր վրայից գցել այդ օրենքի պատասխանատվությունը և այս փոփոխության նախագծով փորձում է ասել, որ ինքը դեմ է օրենքում ամրագրված նորմին, ըստ որի` գենդերը կարող է նաև ձեռքբերովի լինել:

Բայց այդ նորմն օրենքում է հայտնվել միջազգային կառույցների խորհրդատվության արդյունքում, և այդ նորմն օրենքից հանելը կարող է դիտվել որպես վատ վարքի նշան, որպես եվրոպական ընդունված չափանիշներին հակադրվելու միտում: Հիմա եթե ՀՀԿ-ն կողմ է արտահայտվում դրան, ապա ստացվում է, որ ինքն էլ է դեմ դուրս գալիս եվրոպական չափանիշներին:

Բացի այդ, ՀՀԿ-ականները մտածում են, որ եթե օրենքը պետք է փոխել, ապա այն պետք է փոխել կառավարության նախաձեռնությամբ, պետք է այդ փոփոխության հեղինակը լինի կառավարությունը և ոչ թե ՕԵԿ-ը, որ ստացվի այսպես. ՕԵԿ-ը վատ օրենք էր ներկայացրել, որն ընդունվել էր և առաջացրել հանրային դժգոհություն, բայց կառավարությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, և օրենքը փոփոխվեց` ընդառաջ գնալով հանրային պահանջներին: Բայց դա կարվի նոյեմբերի 29-ից հետո, քանի որ մինչև Վիլնյուսի գագաթաժողովը, Հայաստանում հակաեվրոպական որևէ բան պետք է ուղղակի բացառվի:

Տեսանյութեր

Լրահոս