Հայաստանը Մաքսային միությունում կունենա ինչ-որ հատուկ կարգավիճակ
Մեր զրուցակիցն է ՌԴ Պետական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան, Եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը
– Օրերս Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ստորագրվեց փոխգործակցության խորացման հուշագիր, սեպտեմբերի 3-ից հետո ակտիվ աշխատանքներ են տարվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ: Ինչպե՞ս եք գնահատում իրադարձությունների զարգացումը:
– Գիտեք, դա դրական է Եվրասիական ինտեգրման նախագծի զարգացման համար: Բնական է, մեծ քննարկումներ են եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամության խնդրի շուրջ: Կան հարցեր, որոնք դեռ չունեն պատասխաններ, ընդհանուր առմամբ` դժվար է հասկանալ, թե ինչպես կարելի է պահպանել ՄՄ ռեժիմը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄՄ անդամ երկրների և Հայաստանի միջև չկա ընդհանուր սահման: Դա շատ լուրջ խնդիր է: Բացի դա, պետք է հաշվի առնել, որ ԱՀԿ կանոնները, որի անդամ է Ռուսաստանը, նույնպես կազդեն ՀՀ կարգավիճակի վրա: Ամենայն հավանականությամբ, ենթադրում եմ, որ Եվրասիական ինտեգրման գործընթացում Հայաստանը կունենա ինչ-որ հատուկ կարգավիճակ, և հենց դա է քննարկվելու առաջիկա ժամանակաշրջանում: Այլ կերպ չի ստացվում ՀՀ անդամությունը ՄՄ-ին՝ հաշվի առնելով նաև ընդհանուր սահմանի բացակայության հարցը:
– Իսկ ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանը Մաքսային միությունում, առավել ևս, որ վերջերս Ղազախստանի և Բելառուսի նախագահները հայտարարեցին, թե առաջիկայում Հայաստանը չի կարող դառնալ ՄՄ անդամ:
– Ճիշտ նկատեցիք, որ Եվրասիական ինտեգրացիայի և Մաքսային միության հարցով Ռուսաստանի 2 գործընկերները` Ղազախստանն ու Բելառուսը, շատ մեծ կասկածանքով են վերաբերվում ՄՄ ընդլայնմանը, քանի որ իրենց տնտեսության համար բացասական հետևանքներ են կանխատեսում: Բացի այդ, գիտակցում են, որ Հայաստանը ՄՄ անդամության շրջանակներում ունենալու է որոշակի նախապատվություններ և որոշակի դոտացիաներ, որոնք կցանկանային ունենալ նույն Բելառուսը կամ նույն Ղազախստանը:
– Պարոն Սուզդալցև, Մաքսային միության երկրներն էներգետիկ ռեսուրսներ արտահանող են, իսկ Հայաստանը` ներկրող: Ի՞նչ եք կարծում, այս խնդիրն ինչպե՞ս կարող է լուծվել:
– Այո, ՄՄ անդամ 3 երկրներից 2-ն արտահանում են էներգակիրներ, մյուսը տրանզիտային է: Հայաստանը երկիր է, որ չունի լուրջ էներգետիկ ռեսուրսներ և ներկրում է: Բայց հաշվարկ կա, որ ՄՄ սահմանը չի սահմանափակվում միայն էներգառեսուրսներով, չնայած անդամ երկրների համար շատ կարևոր կետ է և՛ արտահանումը, և՛ առևտրաշրջանառությունը: Հավանաբար այդ հաշվարկի հետ է առնչվում միասնական էներգետիկ քաղաքականությունը: Բայց կրկնում եմ, որ տարածքի կապերի հարցը մնում է գլխավորը:
– Դուք նշեցիք ընդհանուր սահմանի բացակայության խնդիրը: Այսօրվա դրությամբ հավանականություն տեսնո՞ւմ եք, որ աբխազական երկաթուղին կբացվի, և կարո՞ղ է դա լուծել խնդիրը:
– Առայժմ այդ հավանականությունը 50/50 է: Ես կարծում եմ, որ իրադրության որոշ փոփոխություն հնարավոր է Վրաստանի նոր նախագահի, նոր վարչապետի և նոր կառավարության պայմաններում: Վրաստանն այսօր երկիր է, որտեղ նախագահն այլևս առաջին դերակատար չէ, ինչպես Սահակաշվիլիի ժամանակ էր, բայց ռուս-վրացական հարաբերությունների զարգացումը մեծապես կախված է հենց Հայաստանի տրանսպորտային խնդրի լուծումից:
– Ամեն դեպքում, եթե, ի վերջո, աբխազական երկաթուղին բացվի, այդ հանգամանքը որքանո՞վ կլուծի ընդհանուր սահմանի բացակայության հարցը:
– Մասամբ կլուծվի, քանի որ ենթակառուցվածքն արդեն ռազմավարական կլինի, բեռնափոխադրումների մեծ մասը դրանով կկատարվի, Հայաստանը կսկսի շնչել, բայց, ամեն դեպքում, ցանկալի կլիներ` ընդհանուր սահման լիներ: Իդեալական կլիներ, իհարկե, եթե Վրաստանը ևս որոշեր ՄՄ անդամ դառնալ, բայց դա անհնար է:
– Իսկ դառնալով ՄՄ անդամ, Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտներում Հայաստանը կկարողանա շարունակել Եվրամիության հետ համագործակցությունը, ինտեգրացիան:
– Դա չափազանց տարօրինակ է. իրականում առաջ է գալիս Բելառուսի կազուսը: Ինչպես գիտեք, Բելառուսը մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերությանը, միաժամանակ` ոչ միայն Եվրասիական միության ինտեգրացման ծրագրի մասնակից, Մաքսային միության անդամ է, այլ նաև ՌԴ-ի հետ միություն է կազմում: Այնպես որ, կարծում եմ, սկեպտիկ տրամադրությունների կարիք չկա:
– Ձեր կարծիքով` Հայաստանը ե՞րբ կդառնա Մաքսային միության անդամ, կարո՞ղ եք ժամկետ նշել:
– Եթե որոշվի Հայաստանի կարգավիճակի հարցը, որը ներկայումս քննարկվում է, կարծում եմ` 1 տարուց հետո: Հնարավոր է նաև, որ կլինեն որոշակի քաղաքական որոշումներ, որը կարագացնի գործընթացը: Դա չի բացառվում:
– Հենց Մաքսային միությունում այսօր կարծես խնդիրներ կան, Ղազախստանը գոհ չէ, և կարծիք կա, որ ՄՄ-ն ինքը կարող է չկայանալ` որպես կառույց, և կարող է քանդվել:
– Չեմ կարծում, որովհետև, բնականաբար, և Ղազախստանը, և՛ Բելառուսն այսօր շատ շահագրգիռ են Ռուսաստանից աջակցություն ստանալ, իսկ այդ աջակցությունը հնարավոր է միայն ինտեգրացիոն նախագծում մասնակցության դեպքում: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես կարող է գոյատևել Բելառուսը` առանց ՌԴ աջակցության: Ոչ մի կերպ: Դրա համար անհանգստանալու կարիք չկա, որ Մաքսային միությունը չի կայանա:
– Իսկ Ղազախստանի կողմից դժգոհություննե՞րը:
– Այնտեղ շատ ուժեղ ընդդիմություն կա, ընդհանրապես աշխարհաքաղաքական ընտրության համար պայքար է գնում, բայց ամեն դեպքում` Նազարբաևին ստիպել փոխել աշխարհաքաղաքական ուղղությունը, ընդդիմությունը չի կարողանա: