Իշխան Զաքարյանն այլևս «ռեվիզորի» պես չի աշխատելո՞ւ
Վերահսկիչ պալատի հայտնի բացահայտումներին, ինչպես հայտնի է՝ հաջորդեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խիստ գնահատականները՝ ուղղված ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին: «Շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի»,- նկատել էր ՀՀ նախագահը: Սակայն նոյեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի պաշտոնում դարձյալ վերաառաջադրեց Իշխան Զաքարյանի թեկնածությունը:
168.am-ը Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե այլևս «ռեվիզորի» պես չի աշխատելո՞ւ: Ի պատասխան Իշխան Զաքարյանն ընդամենը ժպտաց` այդպես էլ չպատասխանել հարցին: Հաշվի առնելով, որ ՎՊ նախագահը օրերս փակ դռների հետևում հանդիպումներ է ունեցել խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ, բացառությամբ իշխող Հանրապետական կուսակցության, հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում Իշխան Զաքարյանը խմբակցությունների հետ իր հանդիպումները:
«Շատ լավ»,- պատասխանեց նա՝ ավելացնելով, թե ընդդիմադիր խմբակցություններն իրեն այս օրերի ընթացքում «շատ հարցեր են տվել»: Մեր հարցին, թե ի՞նչ առաջարկներ են Ձեզ ներկայացրել ընդդիմադիր խմբակցությունները, Իշխան Զաքարյանը պատասխանեց. «Առաջարկներն ընդհանրապես ծրագրերի քննարկման ժամանակ են լինում: Ծրագիրը ես երևի դեկտեմբերին նոր կներկայացնեմ ԱԺ-ին»:
Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ տպավորություններ ունի նա ոչ իշխանական ուժերի հետ հանդիպումից, արդյոք ընդդիմությունը լա՞վ է վերաբերում իր վերաառաջադրմանը: «Էդ ընդդիմությանը հարցրեք»,- պատասխանեց Իշխան Զաքարյանը:
Ճշտմանը` Ձեզ չե՞ն հայտնել իրենց վերաբերմունքի մասին, նա կրկնեց. «Իրենց հարցրեք»: Նշենք, որ երկուշաբթի օրը` նոյեմբերի 11-ին, Աժ քառօրյա նիստերի օրակարգում է նաև ՎՊ նախագահի պաշտում առաջադրված թեկնածուի հարցի քննարկումը: