Եվ Անտոնիոնին Երևանում պահանջեց ինքնաթիռ…
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի` 1976 թվականին Հայաստան կատարած այցելության մասին շատ քիչ բան է հայտնի: Պատճառները կարող են տարբեր լինել: Նախ` ուղևորությունը կարճ է տևել, այնուհետև` չիրագործված է մնացել ծրագիրը, որի համար նա եկել էր և, վերջապես, ինչպես պնդում են մի շարք աղբյուրներ, Անտոնիոնին Հայաստանից հեռացել է ոչ այնքան բարձր տրամադրությամբ ու տպավորությամբ:
Անտոնիոնին ԽՍՀՄ էր եկել նշանավոր սցենարիստ Տոնինո Գուերայի հետ:
Նկատենք սակայն, որ Գուերան, ով երկար տարիներ ջերմ կապեր է ունեցել մեր երկրի հետ, հետագայում ևս խուսափել է անդրադառնալ այդ ուղևորությանը, թեև ավելի ուշ իր «Կյանքի յոթ օրը» գրքում հպանցիկ հիշատակել է երևանյան շրջայցը:
Ամեն դեպքում, վերադառնալով 1976 թվական, նշենք, որ իտալացի արվեստագետների ժամանման նպատակն աշխատանքային էր. նրանք պատրաստվում էին մեր երկրում սովետա-իտալական համատեղ ֆիլմ նկարահանել:
«Օդապարուկ» անունով ֆիլմի սցենարը հարուստ էր հեքիաթային տարրերով: Թեման հուշում էր, որ նկարահանումները պետք էր կատարել կամ Միջին Ասիայում, կամ Կովկասում: Այդ պատճառով էլ կերպարներ ու միջավայր որոնելու ակնկալիքով` իտալացիների խումբը նախ` Մոսկվայից մեկնել էր Ուզբեկստան, իսկ հետո եկել էր Հայաստան:
Ինչպես վկայում են ականատեսները, Հայաստանում նրանց դիմավորել են հավուր պատշաճի: Հյուրերին ուղեկցել են թարգմանիչը և, իհարկե, հատուկ ծառայության աշխատակիցները: Պետք է ենթադրել, որ նրանց համար մշակված է եղել այցելությունների ծրագիր, որը, սակայն, կիսատ է մնացել: Հայտնի է, օրինակ, որ Անտոնիոնին այցելել է Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան, դրվատանքի խոսքեր է ասել որոշ նկարիչների հասցեին և նույնիսկ նրանցից կտավ է ստացել` իբրև նվեր: Սակայն, ցավոք, ամեն բան չէ, որ ընթացել է ջերմ մթնոլորտում և առանց լարվածության: Կամա թե ակամա, ի հայտ են եկել մի շարք պատճառներ, որոնք ստվերել են ուղևորության այս կամ այն դրվագը: Դրանցից մեկն առանց վարանելու կարելի էր բնորոշել` գաղափարական-քաղաքական:
Բանն այն է, որ այդ օրերին Իտալիայի մասին վերջին տեղեկությունները, որոնք հայտնի էին Սովետական Հայաստանի քաղաքացիներին, բեմադրիչ և գրող, մարքսիստական հայացքների համակիր Պիեռ Պազոլինիի սպանության հանգամանքներին էին վերաբերում: Բացի այն, որ խորհրդային քարոզչամեքենան առանց այդ էլ առեղծվածային սպանությունը մատուցել էր` իբրև քաղաքական հաշվեհարդար իտալացի կոմունիստի նկատմամբ, այստեղ գիտեին նաև, որ Անտոնիոնին ու Պազոլինին ոչ միշտ էին եղել հաշտ և ոչ բոլոր հարցերի շուրջ էին կարողացել ընդհանուր հայտարարի գալ:
Այդ հանգամանքը բավական էր, որ Երևան ժամանած հյուրին ամեն քայլափոխի հարցեր ուղղեին Պազոլինիի մահվան և նրանց հարաբերությունների մասին: Դա ափերից հանում էր Անտոնիոնիին, ով կարծում էր, թե հայերը կարող էին փոքր-ինչ նրբանկատ գտնվել ինչպես` իր, այնպես էլ` հանգուցյալի հիշատակի հանդեպ: Սակայն այս կարգի փաստարկները որևէ կերպ չէին լիցքաթափում կացությունը:
Ապագա ֆիլմի ծրագրերի հետ կապված նախապատրաստությունները նույնպես այն հունով չէին ընթանում, ինչպես ցանկալի էր: Խոսակցություններն ու պայմանավորվածություններն անորոշ էին, փնտրվող կերպարներին չէր հաջողվում գտնել, իսկ ոմանք ուղղակի չէին պատկերացնում, թե ինչ էր մեծ իտալացու ուզածը: Այս ամենին մեծապես նպաստում էր նաև Անտոնիոնիի «անտանելի» կտրականությունը:
Իր խառնվածքով Անտոնիոնին խիստ, շատ դեպքերում` նաև մռայլ բնավորության տեր էր: Իսկ երբեմն որոշ հարցերում հանդես էր բերում այնպիսի բծախնդրություն, որ շրջապատի կողմից գնահատվում էր ոչ այլ կերպ, քան կամակոր մարդու քմահաճույք: Պատմում են, որ ԽՍՀՄ-ում անցկացրած օրերին մի տեղ նա բարձրակարգ սառնարան էր պահանջել իր սենյակի համար, մեկ այլ վայրում կարգադրել էր գտնել հենց այն մաշկի քսուքը, որն ինքն է օգտագործում, երրորդ վայրում հրաժարվել էր իջնել մեքենայից, թեև մեկնել էր հանդիպման: Իսկ ահա Երևանում նրա «առանձնահատուկ» խստապահանջությունը վերածվեց իսկական սկանդալի:
Այդ ցավալի միջադեպի մասին պատմությունների մի քանի տարբերակներ են շրջանառվում: Համաձայն դրանցից մեկի` դեպքը պատահել է երևանյան հյուրանոցում, գիշերը: Անտոնիոնին արդեն պատրաստվում էր քնել, երբ հանկարծ իր ներքնակի վրա մի մեծ բիծ է նկատում: Այդ ժամանակ ափերից դուրս եկած ռեժիսորը նետվում է միջանցք և բարձր ձայնով հայտարարում է, թե այլևս ոչ մի րոպե չի պատրաստվում մնալ այս քաղաքում, ու թող իրեն շտապ մասնավոր ինքնաթիռ տրամադրեն` Երևանից հեռանալու համար: Ինքնաթիռ, իհարկե, ոչ ոք նրան չտվեց (Խորհրդային Միությունն ամենևին Իտալիա չէր), սակայն հաջորդ օրը նա, այնուամենայնիվ, գնաց օդանավակայան և այնտեղից մեկնեց Բաքու:
Վերջում հավելենք, որ ԽՍՀՄ-ում ֆիլմ նկարահանելու նախագիծը լիովին ձախողվեց: Ասում են, թե կողմերը համաձայնության չեկան հեղինակային իրավունքի և մի քանի տեխնիկական հարցերի շուրջ: Ինչ վերաբերում է դժվարահաճ հյուրին, ապա մեկնումից հետո Անտոնիոնին, այնուամենայնիվ, մի քանի նամակ է ուղարկել Հայաստան` իր նոր ծանոթներին: Բայց դրանք սոսկ նամակներ էին…
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ