Աղքատների կրթական լռությունը
Մեր վարչապետն ուկրաինական մամուլին տված հարցազրույցում նոր բացահայտումներ է արել: Նոր ու տարօրինակ: Նա Հայաստանում աղքատության հիմնական պատճառներից է համարում կրթության ցածր մակարդակը: Մի շտապեք հայտարարել, թե վարչապետը պետական գաղտնիքներ է հրապարակում: Հակառակը` նա փորձում է խնամքով ու խորը թաքցնել դրանք: Մեր օլիգարխների ու պատգամավորների կրթական ցենզի մասին արտասահմանում հավանաբար ոչինչ չգիտեն: Այլապես հակասություն կտեսնեին վարչապետի հայտարարության ու առկա փաստի միջև:
Հայ օլիգարխներից ամենահաջողակները (ամենահարուստները) նրանցից ամենաթերուսներն են: Բայց մեր վարչապետը միշտ էլ աչքի է ընկել հայտնի ու անգամ չափազանց հայտնի հասարակական երևույթների ուրույն մեկնաբանությամբ:
Սովորաբար նա իր վերլուծություններում ամենաարմատական ընդդիմադիր քննադատներից ավելի արմատական է: Հայաստանում կրթության որակի անկման մասին շատերն են խոսում: Խոսում ու նկատելի ցուցանիշներով ու չափելի փաստերով հիմնավորում են իրենց դիտարկումը: Կրթության որակի նվազման չափանիշներից էր, օրինակ, այն, որ մի քանի տարի առաջ ՀՀ կրթական փաստաթղթերը` բարձրագույն կրթության վկայական-դիպլոմները, ճանաչելուց հրաժարվեցին Իրանն ու Սիրիան: Կտրուկ նվազել է արտասահմանցի ուսանողների թիվը: 90-ականներից սկսած առաջին սերնդի էմիգրանտներն իրենց երեխաներին հայրենիք էին ուղարկում նախնական բարձրագույն կրթություն ստանալու:
Նախ` այն պատճառով, որ Հայաստանում կրթավարձն ավելի մատչելի էր, քան, ասենք, Ռուսաստանում: Երկրորդ` սովորական էմիգրանտը կարող էր ուսանող երեխայի ծախսերը հոգալ: Կյանքը Հայաստանում համեմատաբար ավելի էժան էր: Հիմա արդեն` ոչ: Թե՛ կյանքն է թանկացել, թե՛ կրթավարձն է բարձրացել: Այդ ամենը տեղի է ունեցել (և` ունենում) մեր վարչապետի կառավարության օրոք: Վարչապետն ասում է, որ հարկավոր է պայքարել ոչ թե աղքատության դեմ, այլ` դրանք ծնող հետևանքների: Հետևաբար` պետք է քաղաքացիների համար կրթություն ստանալու հավասար պայմաններ ապահովել: ՀՀ մի քանի տարիների բյուջեների համադրումը հնարավորություն կտա պարզել` որքանով է մեր կառավարությունն ուշադիր կրթության նկատմամբ: Կրթության ոլորտի հիմնական օղակը միջնակարգ դպրոցն է: Հանրակրթության համար 2011 թ. պետական բյուջեից հատկացվել է մոտ 46,3 մլրդ դրամ: 2012-ին` 49,6 մլրդ դրամ: 2013-ին` 48,9 մլրդ: 2014-ին նախատեսվում է հատկացնել 52,1 մլրդ դրամ: Զուտ թվաբանության տեսանկյունից` տատանում ու աճ կա: Եթե, իհարկե, հաշվի չառնենք մի պուճուր մանրուք: Այս տարիների ընթացքում հիմնական դպրոցը ֆինանսավորվել ու ֆինանսավորվում է համարյա նույն չափով:
Վերջին երեք տարում հիմնական դպրոցին հատկացվել է տարեկան 31-32 մլրդ դրամ: 2014-ի համար նախատեսված է 33 մլրդ: Հանրակրթության ծախսերի ավելացումը բաժին է ընկնում ավագ դպրոցին: Իսկ դա ոչ թե կառավարության «հայրականց» հոգածության արդյունք է, այլ` բարեփոխումների: Մի քանի տարվա մեջ մեր երկրում հանրակրթությունը նախ` անցավ 11, ապա` 12 դասարանների համակարգի: (Կարծեմ Բոլոնյան շարժում է կոչվում): Այս ողջ ընթացքում դպրոցում աշխատող ուսուցիչների քանակը համարյա նույնն է մնում` մոտ 42 հազար:
Բայց անգամ 12 դասարանի անցնելու պարագային` չորս տարում աշակերտների թիվը նվազում է: 2008թ. 431,3 հազար աշակերտի փոխարեն` 11/12 ուստարում սովորում էր 386,4 հազար աշակերտ: Համարյա նույն ֆինանսական վերաբերմունքին է արժանանում բարձրագույն դպրոցը: Վերջին տարիներին պետությունը բուհերին հատկացնում էր տարեկան 7,8-8,1 մլրդ դրամ: 2014-ին նախատեսված է հատկացնել ավելի` 9,8 մլրդ դրամ: Սա էական տարբերություն չէ: Արևմտյան երկրներում ձևավորված չափանիշներով բուհերի ֆինանսների մեկ երրորդ մասն են ապահովում կրթավարձերով: Հայաստանյան բոլոր` բուհերի ֆինանսական հիմնական աղբյուրը կրթավարձերն են: Տարեցտարի աճող կրթավարձերը: Եվ այս ֆոնին քաղաքացիների կրթություն ստանալու հավասար իրավունքների մասին խոսելը, մեղմ ասած, չափազանցություն է: Հատկապես, որ խոշոր հարկատուների ցուցակում խոշոր բոլոր բուհերը մշտապես առաջամարտիկ են:
Կրթությունը զարգացնելու և, առավել ևս, հանրամատչելի դարձնելու նպատակ ունեցող կառավարությունը դժվար թե այդ գործի համար փորձեր միջոցներ հայթայթել` բուհերը հարկելով: Մնացյալը, ինչպես կասեր դասական հերոսը, լռություն է:
«168 Ժամ»