Վարդան Այվազյանը՝ երեկվա դեպքերի մասին. Ես կոֆեի բաժակի մեջ ենթադրություններ կատարող չեմ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը չի համարում, որ երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածը քաղաքական ակցիա էր: Հարցին, թե չե՞ք կարծում, որ դա հեղափոխության սկիզբն էր, ՀՀԿ-ական պատագամավորը ծիծաղեց, ապա ասաց. «Ոնց ասեմ ախր Ձեզ: Որևէ ուղիղ համեմատական՝ հեղափոխության փորձի ու անկարգության այդ փոքր դրսևորման միջև չկա»:
Ըստ նրա՝ երեկվա իրադարձությունները պարզապես բողոքի արտահայտման ձև էր. «Դա ինձ թվում է ոմանց բողոքի արտահայտման ձևն էր, բայց ոչ ճիշտ տարբերակով՝ մահակներ…: Չգիտեմ, ինչո՞ւ էին այդ ձևն ընտրել, բայց ամեն մեկն իր սեփական քայլի համար է պատասխանատու»:
Հարցին, թե չե՞ք կարծում, որ մարդկանց համբերության բաժակը լցվել է, Վարդան Այվազյանն այսպես պատասխանեց. «Երևի իրենց հարցնեք»:
Հարցին, թե ոստիկանության գործողություններն իրավաչա՞փ էին, նա պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ՝ այո: Այնքանով՝ որքանով լրատվության հետ ծանոթացել եմ, այն ինչ տեսել եմ, միանշանակ այո, որովհետև աղմուկ էր, մահակներով համապատասխան գործողություններ, իսկ ոստիկանությունը պետք է պահպանի հասարակական կարգը»:
168.am-ի հարցին, թե տեղեկություններ կան, որ բերման ենթարկված ակտիվիստներից շատերը անմեղ էին, ՀՀԿ-ական պատագամավորն ասաց. «Տեղեկացված չեմ, դուք ավելի լավ տեղեկացված կլինեք, բայց կրկնում եմ՝ այն, ինչ ես տեսել եմ համարժեք էր ոստիկանության իրականարած գործողություններին, որովհետև մահակներով մարդիկ փորձում էին բողոքել, իսկ դա դուրս էր ընդունված կանոններից, նորմերից: Ասում եք, թե մարդկանց համբերության բաժակը լցվել է, բայց լցվել է նաև հասարակական կարգը պահողների բաժակը: Այնպես չէ որ… ես չեմ ուզում ավելորդ պիտակարվորումներ տամ, բայց եղած գործողություններին համապատասխան են»:
Հետարքրքվեցինք նաև, թե զարմանլի չէ, որ միջադեպի արդյունքում միայն ոստիկաններն են վնասվածքներ ստացել: «Ես կոֆեի բաժակի մեջ ենթադրություններ կատարող չեմ: Հարցը տվեք նրան, ով այդ լրատվությունը ներկայացրել է: Այն, ինչ տեսել եմ համացանցում, կարող եմ ասել, որ ոստիկանության գործողություններն իրավաչափ էին, համարժեք էին, որովհետև մահակներ կային, խուճապի երանգ ունեցող գործողություններ պայթուցիկների միջոցով: Էլ ի՞նչ պետք է աներ ոստիկանությունը»:
Նա նաև հավելեց. «Դուք դիտարկում եք դա որպես քաղաքական ակցիա՞: Իմ կարծիքով՝ դա քաղաքական ակցիա չէր: Քաղաքական ակցիան թույլատրված է բոլոր օրենսդրության կանոններով, լինում է խաղաղ երթերի միջոցով, բողոքի այլ ակցիաների միջոցով, բայց չի լինում սենց ինչ-որ սարքած պայթուցիկներով, մահակներուվ, դեմքերը փակած վիճակում: Որակավորումները թողնում եմ Ձեզ»:
Դիտարկմանը, թե ակցիայի ժամանակ հեղափոխության կոչեր էին արվում, ինչը քաղաքական պահանջ է, Վարդան Այվազյանն այսպես արձագանքեց. «Գիտե՞ք ինչ կա… ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ հասարակությունը տվյալ պարագայում լինի անվտանգ: Խնդիր կա անվտանգության: Որևէ մեկը նրանց չի արգելել նստացույց, միտինգ կազմակերպել, ներկայացնել իրենց…»: