Շանթ Հարությունյանի կինը՝ դեպքերի մասին
Երեկ Ազատության հրապարակում և դրա մերձակայքում տեղի ունեցած դեպքերից հետո, երբ Շանթ Հարությունյանը, նրա որդին և մյուսները բերման էին ենթարկվել ոստիկանություն, «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը հեռախոսազրույց է ունեցել Շանթ Հարությունյանի կնոջ՝ Ռուզաննա Բադալյանի հետ։ ժամը 20.30-ի սահմաններում նա ևս ոստիկանության կենտրոնի բաժնում էր:
– Տիկին Ռուզաննա, Շանթը փաստաբան ունի՞, ո՞վ է նրա փաստաբանը։
– Չէ, չունի փաստաբան։ Հիմա ես ոստիկանության Կենտրոնի բաժնում եմ, ինձ զանգեցին ոստիկանությունից, ասացին՝ գամ, որդուս տանեմ, հիմա դեռ տեղյակ չեմ՝ ինչ մեղադրանք է ներկայացված Շանթին, ինձ ասացին միայն, քանի որ որդիս անչափահաս է, իրեն մեղադրանք չի ներկայացվի։
– Դուք այս ընթացքում հետևե՞լ եք Շանթի գործողություններին ու կիսո՞ւմ եք նրա հայացքները, հայտարարությունները, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց։
– Նրա հայտարարություններին, որ երկրում պետք է փոփոխություններ արվեն, ես կողմ եմ եղել, նրա գաղափարներն ամբողջությամբ կիսում եմ, բայց այն տարբերակը, որ ինքն ընտրել էր, ճիշտն ասած, մենք երկար ժամանակ գժտություններ ենք ունեցել այդ հարցի շուրջ, որովհետև ես գիտեի, որ էլի կարող է վատ ձևով ավարտվել ու տեսանք՝ ոնց ավարտվեց։ Իսկ գաղափարները, որ պետք է փոխել ամեն ինչ, ամբողջությամբ կիսում եմ։ Բայց այս երկրի բռնապետական վիճակը փոխելը, իմ կարծիքով, արդեն անհնարին է դառնում։
– Ձեր որդին քանի՞ տարեկան է։
– Իմ որդին 14 տարեկան է, ինքն իր հոր գաղափարներով… էդ յութուբի և հեռուստատեսությամբ տարածված Շանթի էդ աֆեկտային վիճակը, էդ արդեն ստեղծված անելանելի վիճակից… որդին էլ հոր հետ գնացել է։ ճիշտն ասած, ես մանրամասներին տեղյակ չէի, ամեն ինչի մասին իմացել եմ, երբ ամեն ինչ վերջացել էր։
– Դուք ասացիք, որ այս վիճակից դրդված՝ Շանթը գնաց Ազատության հրապարակ, բայց նա վերջին շրջանում նաև չէր աշխատում, սոցիալական վիճակն ի՞նչ դեր է ունեցել։
– Սոցիալական խնդիրները ամենաքիչն են Շանթին հետաքրքրել։ Սոցիալական խնդիրների համար չէ, որ նա այս ամենն արել է։ Նրա խնդիրն է՝ երկրում կարգ ու կանոն հաստատել և բազմիցս է ասել, որ բռնապետությունը վերացնելու խնդիր կա, որ, այսպես կոչված, ընդդիմությունները տարբեր ձևերով փորձել են դա անել՝ չգիտեմ ինչ մեթոդներով, հիմա ինքն էլ, քանի որ ասում էր՝ իմ կյանքն անիմաստ է այսպես ապրելով, ավելի լավ է պայքարել, հույս ուներ, հավատ ուներ, որ հնարավոր է խաղաղ ճանապարհով ինչ-որ ժամանակ երթեր անի։ Մահակներով զինված են եղել, բայց գժտությունների նպատակ չի եղել, ուղղակի ինքնապաշտպանության միջոց է եղել իր համար։ Չգիտեմ մնացածը։ Ես մանրամասներ չեմ կարող ասել, որովհետև ինքս տեղյակ չեմ եղել՝ իրենք ինչ նպատակ ունեն։ Միայն մի բան գիտեմ, որ ուզում էր խաղաղ ճանապարհով մեծ զանգվածներ հավաքել ու հեղափոխություն անել։
– Շանթը 2008 թվին նաև «7»-ի գործով» էր անցնում, հետո իրեն մեկուսացրին հոգեբուժարանում։ Հիմա ո՞նց եք պատկերացնում…
– Մենք բազմիցս զրուցել ենք այդ թեմայով, ես, այս իշխանություններին, ամեն ինչին ծանոթ լինելով, բազմիցս ասել եմ, որ լավ չի լինի։ Ինքն էլ ասել է՝ ես գնում եմ, քեզ ու երեխային տիրություն արա։ Արդեն երկու տարի՝ մենք առանձին ենք ապրում։ Ես չեմ պատկերացնում՝ հետագայում ինչ է լինելու։ Ես ինքս հիմա անելանելի վիճակի մեջ եմ։ |
– Իսկ փաստաբանի հարցն ինչպե՞ս է լինելու։
– Հնարավոր է, որ մենք չհանդիպենք, որովհետև ինքն ինձ ասել է՝ ես բանտ ընկնեմ, իմ հետևից չգաս։ Ես չեմ կարոդ ասել՝ հետո ի՞նչ կլինի, ինքը կորոշի՝ փաստաբան վարձե՞լ, թե՞ ոչ։ Իրեն ճանաչելով, կարծում եմ, որ կհրաժարվի փաստաբանից, որովհետև միշտ էլ ասել է՝ իր պայքարը քաղաքական է։ Ինքը ոչ խուժան է, ոչ էլ չգիտեմ ինչ է, որ այդ ձևով նկարագրում են ու ներկայացնում են։ Ես շատ լավ գիտեմ, թե ինքն ինչպիսին է։ Այո, իրական անհանդուրժող մարդն այդպես պետք է լինի, ուղղակի չգիտես ինչու՝ մեր հասարակության մեջ բոլոր գլխիկոր մարդիկ հարմարվել են ու ենթարկվում են ամեն տեսակ քարկոծումներին, էլ չասեմ՝ ինչ ձևերի, իսկ արժանապատիվ, անհանդուրժող մարդը, որը չի կարող այս ամենը տանել և բնականաբար, արդեն երբեմն էլ… բարկության աստիճան կարող է լինել։ Սա իր բարկության կրիտիկական վիճակն էր։ Նրա կողքին էլ եղել են այնպիսի մարդիկ, որոնք միանշանակ նվիրում են ունեցել՝ երկրում հաստատել կարգ ու կանոն և ազատության, եղբայրության, հավասարության իրենց գաղափարները։ Դա է եղել միակ նպատակը։
– Դուք մտավախություն չունե՞ք, որ նախորդ անգամվա պես նրան էլի կտանեն հոգեբուժարան, էլի սրսկումներ, մեկուսացում…
– Իհարկե, ունեմ, ամեն տեսակ մտավախություն էլ ունեմ, բայց եթե մարդ ընտրել է արդեն այդ ուղին և այնպիսին չէ այդ ուղին, որ… ինքը գիտակցաբար է գնացել։ Ինքը չէր կարող ապրել այս տիպի երկրում, ինքն ասում էր՝ ավելի լավ է մահ, կամ էլ հաղթանակ պետք է լինի։ Հաղթանակին ես վերապահումով էի վերաբերվում, որովհետև հնարավոր չէ այս բռնապետության մեջ նման բաներ, իսկ հետագան արդեն չգիտեմ։ Այնպես չէ, որ չեմ կանխատեսել նման բան, բայց ես ի՞նչ պետք է անեմ։ Այն ժամանակ էլ, հիմա էլ անելանելի վիճակ է, ես ի՞նչ պետք է անեմ, չգիտեմ…
Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում