Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքը ևս հանձնվեց դատարանի նախագահին
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Դատարանը քննում էր Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշման դեմ Հայկ Ալումյանի բողոքը: Դատավոր Արմեն Բեկթաշյանը հարցրեց՝ արդյոք Բուդաղյանների փաստաբանը ծանոթացե՞լ է նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացված նյութերին: Հայկ Ալումյանը նշեց, որ ծանոթացել է քրեական գործի այն մասին, որը քննիչի կողմից ներկայացվել է դատարան, սակայն իր բողոքը դատարանում քննելու համար անհրաժեշտ են քրեական գործի բոլոր նյութերը:
Քննիչ Ալեքսան Ղազարյանը դատարանում ասաց, որ մեղադրյալ Արտակ Բուդաղյանը նախաքննական մարմնին դիմում է ներկայացրել, որով մեղադրյալը խնդրել է համաներմամբ իր նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնել: Նրա մասով, ինչպես նաև քրեական գործի այլ հանգամանքներով, ինչպես օրինակ՝ ավտոմեքենայում տեղի ունեցածի մասով, նախաքննությունը շարունակվում է. որոշ հանգամանքների և անձանց գործողությունների դեռ անհրաժեշտ է իրավական գնահատական տալ: Անդրադառնալով քրեական գործի բոլոր նյութերը դատարան ներկայացնելու հարցին՝ քննիչն ասաց, որ դրանք չի կարողներկայացնել դատարան՝ հղում անելով նախաքննության գաղտնիությանը. «Քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի հիման վրա՝ ես իրավունք չունեմ տրամադրել նախաքննության ամբողջ նյութը: Բողոքի վրաբերյալ նյութերը, ես համոզված եմ, որ ամբողջությամբ ներկայացարել եմ»,- ասաց Ալեքսան Ղազարյանը: Նա նշեց, որ հետագայում անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացնել որոշ նյութեր. «Իսկ այսօր ես չեմ կարող քրեական գործի նյութերը ներկայացրել, ինչքան էլ որ ցանկանամ»:
Քանի որ Հ. Ալումյանի մյուս երկու բողոքները քննող դատավորները որոշում էին կայացրել բողոքները հանձնել դատարանի նախագահին դրան միասին մեկ դատավորի վարույթում քննելու հարցը լուծելու համար, դատավոր Արմեն Բեկթաշյանը ևս հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Նա նույնպես որոշում կայացրեց Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքը հանձնել դատարանի նախագահին՝ երեք բողոքները մեկ դատավորի վարույթում քննելու հարցը լուծելու համար: