Մեծամորի երբեմնի հսկա մարզահամալիրը հոգածության կարիք ունի (լուսանկարներ)
Մեծամորի մարզական համալիրը կարող է դառնալ Արմավիրի մարզից սպորտի աստղեր տվող կենտրոն, ընդունել միջազգային մրցաշարեր, բազմաթիվ քաղաքացիների ապահովել աշխատատեղերով… կարող է, եթե, իհարկե, հիմնովին վերանորոգվի:
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքը Հայաստանի երիտասարդ քաղաքներից մեկն է: 1969 թվականին էներգետիկներն ու շինարարները գցեցին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հիմքերը, իսկ մեկ տարի անց Մեծամորն ընդունեց իր առաջին բնակիչներին, որոնց մեջ կային ԽՍՀՄ հանրապետություններից եկած տարբեր ազգությունների ներկայացուցիչներ: Բազմազգ բնակչության համար ԽՍՀՄ իշխանությունները 1986 թվականին շահագործման հանձնեցին հսկայական տարածք զբաղեցնող մարզական համալիրը: Խորհրդային կարգերի փլուզումը ճակատագրական եղավ նաև համալիրի համար:
Մեծամորի բնակիչները հիշում են, որ Ղարաբաղյան շարժման տարիներին մարզական համալիրը հերթապահ ջոկատների համար դարձել է կացարան: Նրանց գործունեության հետևանքով գույքը փչացել է, շատ սարքավորումներ՝ այրվել, իսկ հետո եկել են տարբեր պաշտոնյաներ, ովքեր վերանորոգումներ իրականացնելու փոխարեն՝ թալանել են համալիրից մնացածը…
2009 թվականից մարզական համալիրի համար նոր փուլ սկսվեց: Դատարկված կառույցը, որին կենդանության շունչ էր հաղորդում միայն շենքի պահակի՝ ժամանակ առ ժամանակ հայտնվելը, մասնակիորեն վերանորոգվեց, գնվեցին սպորտային նոր պարագաներ, Մեծամորի մարզական դպրոցն իր մի քանի խմբակներով սկսեց գործունեությունը ծավալել հենց համալիրում: Եվ այս ամենի համար մեծամորցիները և մարզական դպրոցի տնօրեն Սուրեն Քոչարյանը շնորհակալ են քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանին:
«Ռոբերտ Գրիգորյանի ջանքերով վերանորոգումներ արեցինք: Քաղաքապետն անձամբ շաբաթներ շարունակ, պտտակը ձեռքին՝ լողավազանների քանդված հատվածներն էր սարքում, մասնակցում վերանորոգման աշխատանքներին: Որքան կարողացել է՝ օգնել է, բայց քաղաքապետարանի բյուջեով համալիրը հիմնովին չես վերանորոգի»,-պատմում է Մեծամորի մարզական դպրոցի տնօրեն Սուրեն Քոչարյանը:
Չնայած պայմանները հեռու են իդեալականից՝ կառույցում գործող սպորտային դպորցում երեխաները մեծ ոգևորությամբ են սովորում: Համալիրում գործում են ֆուտբոլի, թեթև ատլետիկայի, վոլեյբոլի, բասկետբոլի, հունահռոմեական ըմբշամարտի, ծանրամարտի խմբակներ: Լավ մարզիկներ դառնալու ակնկալիքով՝ խմբակներին հաճախում են ոչ միայն Մեծամոր քաղաքի, այլև հարակից գյուղերի երեխաները: Սակայն լավ մարզիկ դառնալու համար անհրաժեշտ են լավ պայմաններ, ոգևորող պարգևատրումներ, մարզական ֆեդերացիաների կողմից ուշադրություն:
Սուրեն Քոչարյանը ցավով է նշում, որ միջմարզային կամ հանրապետական մրցաշարերի մասնակցելիս՝ պատանի մարզիկները կրկին աջակցությունը ստանում են միայն քաղաքապետարանից:
«Երբ Ռոբերտ Գրիգորյանն իմանում է, որ այսինչ օրը մրցումներ կան, ապա ամեն ինչ անում է, որպեսզի երեխաները մասնակցեն դրանց, տարեվերջին լավագույններին պարգևատրում է: Ինքը սպորտին նվիրված մարդ է և փորձում է ամեն գնով զարգացնել մեր գործունեությունը: Մեր աշխատավարձերը, համալիրի ծախսերն ամբողջությամբ քաղաքապետի ուսերին են: Ֆինանսավորման համար դիմել ենք տարբեր կառույցների, բայց մեր հույսն ու հավատը շարունակում է մնալ քաղաքապետարանը: Մեր միակ խնդրանքն այն է, որ մեզ մի փոքր ուշադրություն դարձնեն, հաշվի առնեն նաև ֆեդերացիաները, մարզական կառույցնեըր»,- ասում է Սուրեն Քոչարյանը:
Համալիրում առկա ջեռուցման խնդրի, տաք ջրի բացակայության պատճառով ձմռանը պարապմունքների ժամերը ստիպված կրճատվում են, և, քանի որ մարզական սարքավորումների պակաս կա, ցուրտ եղանակներին մարզվելիս երեխաներն անընդհատ կրկնում են նույնը՝ ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վարժությունները: Նմանատիպ օրիգինալ պարապմունքներին վերջ տալու համար կրկին քաղաքապետարանի բյուջեով համալիրը շուտով կգազիֆիկացվի, և արդեն անցկացվում են գազատար խողովակները:
Մեծամորի մարզահամալիրի ճակատագրի վայրիվերումների ականատեսներից է մարզական դպրոցի ուսմասվար Լարիսա Խաչատրյանը:
«ԽՍՀՄ փլուզումից հետո համալիրը միմիայն անկում էր ապրում, վերջին տարիներին է, որ քաղաքապետն իր աջակցությունն է ցուցաբերում, բայց քաղաքապետարանի բյուջեն այնքան քիչ է, որ հազիվ իր աշխատողներին է բավականացնում: Լուրջ խնդիրները լուծելու համար մեծ աջակցություն է անհրաժեշտ: Հիշում եմ, որ նախքան ԽՍՀՄ փլուզումը 1000-ից ավելի երեխաներ հաճախում էին տարբեր խմբակների, որոնց թիվն այդ տարիներին անհամեմատ շատ էր, այսօր սաների թիվն ընդամենը 222 է»,- նշում է տիկին Լարիսան:
Այս ամենի հետ մեկտեղ, Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը լավատես է: Նա ամիսներ առաջ դիմել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին, ով ևս ժամանակին մարզումներ է անցկացրել Մեծամորում: Նախարարը խոստացել է աջակցություն ցուցաբերել, բայց թե ե՞րբ՝ հայտնի չէ. կոնկրետ ժամկետներ չեն նշվել:
Ռոբերտ Գրիգորյանը պատմում է, որ ժամանակին եղել են նաև մարզահամալիրի որոշ հատվածներ վաճառելու և տեղում այլ կառույցներ հիմնելու առաջարկներ:
«Վաճառքի առաջարկներ եղել են, բայց մենք նման բան չենք կարող թույլ տալ: Մարզահամալիրը մեր քաղաքինն է, ես ինքս նման բան երբեք թույլ չեմ տա: Համալիրի տարածքը շատ մեծ է. միայն, եթե որևէ գործարար կառույցի ընդհանուր գործունեությանը չխոչընդոտող խելացի նախագիծ առաջարկվի, որի շնորհիվ մեծամորցիների համար աշխատատեղեր կբացվեն, պատրաստ կլինենք քննարկել: Բայց հաստատապես որևէ մեկին համալիրի տարածք չենք վաճառելու՝ այնտեղ, օրինակ, սրճարան հիմնելու համար»,- ասում է Ռոբերտ Գրիգորյանը:
Այն հարցին, թե ինքն ինչպե՞ս է պատկերացնում Մեծամորի մարզական համալիրի ապագան, քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը հուսադրող պատասխան է տալիս. «Մի օր ֆինանսավորում կլինի…»:
Իսկ մինչև գա այդ մի օրը, գուցե քաղաքապետարանի բյուջեն այլևս չկարողանա ամուր հիմք լինել կիսախարխուլ մարզասենյակներով համալիրի համար, շատ երեխաներ էլ վերջնականապես հրաժարվեն մարզիկներ դառնալու իրենց երազանքներից:
ԳԱՅԱՆԵ ԱԲԱՍՍՅԱՆ