
Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Բիզնես ինովացիոն ֆորում

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանում՝ Դիլիջան քաղաքում առաջին անգամ տեղի է ունենալու Բիզնես ինովացիոն ֆորում: Ֆորումը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):
Միջոցառումը նախատեսվում է անցկացնել Դիլիջան քաղաքի մի քանի հյուրանոցային համալիրներում զուգահեռաբար, ինչը նշանակում է, որ բոլոր ցանկացողները, ովքեր կհետաքրքրվեն ֆորումի թեմաներով` կկարողանան մասնակցել միջոցառմանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԻՏՁՄ PR պատասխանատու Ռուզան Ապրեսյանը՝ նշելով, որ թեմաների հիմնական բաշխումը հետևյալն է.
- Ընկերությունում էֆեկտիվ բիզնեսի կազմակերպման առանձնահատկությունները Հայաստանում,
- Բիզնես միջավայրի բարելավման օրենսդրական, վարչարարական և կազմակերպչական խնդիրներ և Տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության տարբեր ոլորտներում:
«Ինովացիոն ֆորումը կնպաստի նորարարական լուծումների ներդրմանը տնտեսությունում, ուստի միջոցառման մասնակից տարբեր ոլորտների ներկայացուցիչները կկարողանան իրենց համար օգտակար նորարարական լուծումներ գտնել»,- ասաց Ռ. Ապրեսյանը:
Նրա խոսքով՝ սա Հայաստանում անցկացվող միջոցառման բոլորովին նոր ձևաչափ է, որը նախատեսում է նաև հանդիպումներ և ավելի անմիջական շփում, որի ժամանակ ընկերությունները և անհատները կարող են իրենց ծրագրերը ներկայացնել, կլոր սեղանների մասնակցել և, իհարկե, լսել նաև հրավիրված խոսնակներին, բիզնես առաջնորդներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին:
Նշենք, որ Facebook-ում արդեն ստեղծվել է Բիզնես ինովացիոն ֆորումի էջը: