Սպասում են բոլորը
Արտաքուստ հանգիստ թվացող Հայաստանի ներքաղաքական կյանքում ներկայումս ինչ-որ չերևացող գործընթացներ են տեղի ունենում: Դրան ուղղակի կամ անուղղակի մասնակցում են ոչ միայն ոչ իշխանական ուժեր, այլև, հաճախ շատ ավելի ակտիվորեն՝ իշխանության տարբեր, հակադիր բևեռների ներկայացուցիչները:
Այդ բոլոր գործընթացների հիմքում ընկած է սպասումը, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը պետք է ունենա նաև ներքաղաքական հետևանքներ, առաջին հերթին` իշխանության մեջ կտրուկ փոփոխությունների տեսքով: Սակայն սեպտեմբերից հետո Հայաստանում, ըստ էության, որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, եթե հաշվի չառնենք գլխավոր դատախազի փոփոխությունն ու Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ ամեն օր իրականացվող մարզային ոստիկանապետերի տեղափոխությունները: Մինչդեռ սեպտեմբերի 3-ն «օրհնող» բոլոր քաղաքական ուժերն ու իշխանության տարբեր բևեռները սպասում են, որ Մոսկվան պետք է փոխհատուցի իրենց նվիրվածությունը և իրենց իշխանության բերելու միջոցով պատժի Եվրոպայի հետ խաղեր տված գործող իշխանությանը:
Վերջինս շատ լավ գիտակցում է այդ վտանգը, և, պատահական չէ, որ խնդրում է արագացնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը: Հայաստանում այլևս քաղաքական պայքարն ընթանում է այն հիմնական հարցի շուրջ, թե իշխանությունից ու ընդդիմությունից ով է ավելի շատ հավատարիմ «ռուսական գծին»:
«168 ԺԱՄ»