Ամերիկացի գործարարը պնդում է, թե FBI-ը 2003 թվականից տեղյակ է եղել Բեն Լադենի թաքստոցի մասին
Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Միչիգան նահանգի գործարար Թոմ Լին հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններին է հայտնել ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն, ինչի համար այժմ պահանջում է 25 միլիոն դոլարի պարգև:
Գործակալության տրամադրության տակ է հայտնվել գործարարի փաստաբանների կողմից Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Ջեյմս Կոմիին հղած նամակը, որում վստահեցվում է, որ Լին դեռևս 2003 թվականին է FBI-ին հայտնել, թե որտեղ է գտնվում «Ալ-Քաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենը:
Լին ընդգծել է, որ պակիստանյան հետախուզության աշխատակիցներից մեկը իրեն հայտնել է, որ ահաբեկիչը թաքնվում է Աբբոտաբադ քաղաքում: Դրանից հետո Լին այդ մասին հայտնել է ամերիկյան իշխանություններին:
Բեն Լադենին բռնելուն նպաստելու համար 25 միլիոն դոլարի պարգև սահմանելն առաջարկել էր ԱՄՆ պետդեպարտամենտը: Դա իրականացվել էր Rewards for Justice (Արդարադատության համար պարգև) ծրագրի շրջանակներում: Ներկայումս դրանում «դրամական վարկանիշի» առաջատարը Այման ազ-Զավահիրին է, ով Բեն Լադենի սպանվելուց հետո ստանձնել է «Ալ-Քաիդայի» ղեկավարությունը:
ԱՄՆ-ը Բեն Լադենի վրա է դրել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին երկրում իրականացված ահաբեկչությունների պատասխանատվությունը: Ամերիկացի հատուկջոկատայինները Բեն Լադենին սպանել են 2011 թվականի մայիսի 2-ի գիշերը, Պակիստանի հյուսիսում գտնվող Աբբոտաբադ քաղաքի մոտ ընկած ամրացված տանը:
Նույն թվականի մայիսի վերջին ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ սահմանված 25 միլիոն դոլարանոց պարգևը բաժին չի հասնի ոչ ոքի, քանի որ ահաբեկչին վերացնելու գործողությունը նախապատրաստվել է բացառապես ռադիոէլեկտրոնային հետախուզության տվյալների հիման վրա: