
Էլեկտրոնային լրտեսությունն արգելող բանաձևը ՄԱԿ ԳԱ-ում քվեարկության կդրվի նոյեմբերի 27-ից ոչ ուշ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` էլեկտրոնային լրտեսության անթույլատրելիության մասին բանաձևի նախագիծը ՄԱԿ ԳԱ-ում քվեարկության կդրվի նոյեմբերի 27-ից ոչ ուշ: Այս մասին գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում նրա դիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ` ներկա դրությամբ Բրազիլիան ու Գերմանիան արդեն իսկ այդ փաստաթուղթը ներկայացրել են ՄԱԿ-ի քարտուղարությանը: Հաջորդ շաբաթ կմեկնարկեն դրա շուրջ ոչ պաշտոնական խորհրդակցությունները, որոնք չպետք է տևեն երկար: Որոշ ժամանակ անց, բայց նոյեմբերի 27-ից ոչ ուշ, բանաձևը պետք է դրվի ՄԱԿ ԳԱ-ի դիտարկման ներքո:
Աղբյուրն ընդգծել է, որ այդ քվեարկությունը կրելու է ձևական բնույթ, քանի որ դրա ընդունումը չի հարուցում որևէ կասկած: Բրազիլիան ու Գերմանիան տվյալ բանաձևի նախապատրաստմանը ձեռնամուխ եղան ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից էլեկտրոնային գաղտնալսման աննախադեպ մասշտաբների մասին իրազեկվելուց հետո:
Դա կլինի ԱՄՆ-ին նրանց և մյուս երկրների պատասխանը: Չնայած դրան` բանաձևում ուղիղ նշված չէ ԱՄՆ-ի անունը: