
«Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումները սպառնում են Իրաքի ազգային անվտանգությանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքը մտադիր է ահաբեկչության դեմ պայքարող իր ուժերի համար ԱՄՆ-ից գնել համապատասխան տեխնիկա: Այս մասին նշված է երեկ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի բանակցությունների արդյունքներով տարածված համատեղ հայտարարությունում:
Օբաման հայտարարել է, որ կիսում է Մալիքիի այն գնահատականը, որ «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումները սպառնում են Իրաքի ազգային անվտանգությանը: Հայտարարությունում նշված է, որ կողմերը շեշտը դրել են նրա վրա, որ իրաքյան ուժերին անհապաղ անհրաժեշտ է հավելյալ տեխնիկա, որպեսզի կարողանան գործողություններ վարել հեռավոր շրջաններում, ուր գտնվում են ահաբեկիչների ճամբարները:
Ամերիկյան կողմի տվյալներով՝ վերջին մեկ տարում ԱՄՆ-ն Իրաքին հատկացրել է C-130 տիպի 6 ռազմափոխադրման ինքնաթիռ, զենիթային հրթիռների մարտկոց, 27 հետախուզական ինքնաթիռ, 12 պարեկային մոտորանավակ: 2005 թվականից տվյալ ոլորտում համագործակցության ծավալը գերազանցել է 14 միլիարդ դոլարը: