
Մուրսիի նկատմամբ դատավարության սկսվելու նախօրեին Ջոն Քերին կայցելի Եգիպտոս

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Եգիպտոս կայցելի նոյեմբերի 3-ին՝ պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի նկատմամբ դատավարության սկսվելուց մեկ օր առաջ:
Նախկին նախագահի նկատմամբ դատավարությունը հավանաբար կհանդիսանա «Մուսուլման եղբայրներ» շարժման և անցումային շրջանի ռազմական կառավարության միջև հերթական «թեժ կետը»: Նոյեմբերի 1-ին Եգիպտոսի մի շարք քաղաքներում փողոցներ են դուրս եկել մի քանի հարյուր իսլամականներ:
Դա տեղի է ունեցել «Մուսուլման եղբայրներ» շարժման համապատասխան կոչով՝ բողոքելու համար նոյեմբերի 4-ին Մուրսիի դատավարության մեկնարկի դեմ: Դրանից հետո գրանցվել էին բախումներ ու ձերբակալություններ:
Ընդգծվում է, որ Ջոն Քերին Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո առաջին անգամ է այցելում Եգիպտոս: Քերիի եգիպտական այցը տևելու է մի քանի ժամ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ եգիպտական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մուրսին չափազանց վախենում է դատավարության մեկնարկից, և դատական առաջին նիստին չմասնակցելու համար ձևացրել է, թե ուժեղ ցավեր ունի սրտի շրջանում: