Դատարան չներկայանալու համար Մուրսին ձևացրել է, թե սրտի նոպա է ունեցել. եգիպտական մամուլ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բանակի կողմից պաշտոնանկ արված Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսին չափազանց վախենում է իր դեմ դատական գործընթացի սկսվելուց:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ գաղտնի վայրում պահվող Մուրսին ձևացրել է, թե ունեցել է սրտի նոպա, ինչը նրան հնարավորություն կտար խուսափել նոյեմբերի 4-ին դատարան ներկայանալուց:
Աղբյուրների հաղորդմամբ՝ նախկին նախագահը գտնվում է չափազանց ճնշված և նյարդային վիճակում, ինչը մոտ է հիստերիային: Եվ որքան մոտենում է դատավարության մեկնարկը, այնքան վատթարանում է նրա ինքնազգացողությունը: Մուրսին բողոքում է սրտի շրջանում ուժեղ ցավեր ունենալուց, սակայն նրան զննած բժիշկները չեն հաստատում դա:
Մուրսիին թույլատրել են պարբերաբար հեռախոսազրույց ունենալ իր ընտանիքի հետ, որում նա քննարկում է ապագա փաստաբանների հարցը, որոնք դատարանում կներկայացնեն նրա շահերը: Դեռ հայտնի չեն նրանց անունները:
Այս շաբաթ Մուրսիի կողմնակիցները հայտնել էին, որ նախկին նախագահը չի պատրաստվում ճանաչել իրեն դատել պատրաստվող դատարանի իրավասությունը, ինչի համար էլ Մուրսին իր համար չի խնդրելու որևէ փաստաբան, ընդ որում՝ ո՛չ եգիպտացի, ո՛չ էլ օտարազգի փաստաբան: