Մինչև 2100 թվականը կեռապատկվի աղբի օրական արտադրության ծավալն աշխարհում
Nature պարբերականի փոխանցմամբ՝ աղբի վերամշակման խնդիրը գնալով դառնում է ավելի սուր՝ կապված Երկրի բնակչության աճի և քաղաքում բնակվող մարդկանց մասնաբաժնի աճի հետ:
Գիտնականները կարծում են, որ եթե չնվազի թափոնների արտադրության ծավալի աճը, ապա մինչև 2100 թվականն աշխարհում օրական կարտադրվի 11 միլիոն տոննա աղբ, ինչը եռակի կգերազանցի ներկայիս ցուցանիշը:
Գիտնականներն ընդգծում են, որ 1900 թվականին աշխարհի մասշտաբով քաղաքներում բնակվող մարդկանց քանակը կազմում էր ընդամենը 220 միլիոն մարդ (մարդկանց ընդհանուր քանակի 13 տոկոսը), որոնք օրական արտադրում էին 300.000 տոննայից էլ պակաս աղբ:
2000 թվականին քաղաքներում արդեն բնակվում էր 2.9 միլիարդ մարդ (Երկրի բնակչության 49 տոկոսը), որոնք օրական արտադրում էին ավելի քան 3 միլիոն տոննա աղբ: Մինչև 2025 թվականն այդ ցուցանիշը կկրկնապատկվի:
Գիտնականների կարծիքով՝ 2050 թվականից հետո աղբի արտադրման ծավալը կնվազի տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ, ինչը հնարավորություն կտա առավել տնտեսել առկա ռեսուրսները:
Անգամ ներկայումս օրինակ Ճապոնիայում մեկ անձին բաժին ընկնող աղբի ծավալը 1/3-ով ավելի պակաս է՝ համեմատած ԱՄՆ-ի հետ, և դա այն դեպքում երբ երկու երկրներում առկա է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի գրեթե նույն ցուցանիշը: Պատճառը բնակչության խտությունն է, ներկրվող ապրանքների առավել բարձր գները և մշակութային ավանդույթները:
Սակայն Արևելյան Ասիայի երկրներում և հատկապես Չինաստանում նկատվում է հակառակ միտումը: Գիտնականները կանխատեսում են, որ 2025 թվականին Չինաստանում աղբի օրական արտադրության ծավալը կհասնի մինչև 1.4 միլիոն տոննայի, մինչդեռ 2005 թվականին այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 500.000 տոննա:
Արևելյան Ասիան ներկայումս աղբի արտադրության պլանում ամենաարագ աճող տարածաշրջանն է: Սակայն 2025 թվականին նա դիրքերը կզիջի Հարավային Ասիային (հիմնականում Հնդկաստանին), իսկ մոտավորապես 2050 թվականին՝ Աֆրիկային՝ Սահարայից հարավ ընկած տարածաշրջանին:
Հետազոտողները հաշվարկել են, որ 2025 թվականին աղբի համաշխարհային օրական արտադրության ծավալը կհասնի ավելի քան 6 միլիոն տոննայի՝ 2010 թվականի 3.5 միլիոն տոննայի դիմաց:
Զարգացած երկրներն աղբարտադրության գագաթնակետը կհաղթահարեն մոտավորապես 2050 թվականին, իսկ Ասիան և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները՝ մոտ 2075 թվականին, ինչից հետո դրա աճը կշարունակվի Հարավային Աֆրիկայի աճող քաղաքների հաշվին:
Եթե թափոնների արտադրութան աճը չնվազի,ապա 2100 թվականին աշխարհում օրական կարտադրվի 11 միլիոն տոննա աղբ՝ երեք անգամ ավելի, քան՝ այսօր: Եթե Երկրի բնակչության քանակը կայունանա, նրանք սկսեն քաղաքներում բնակվել ավելի խիտ և սպառեն ավելի քիչ ռեսուրսներ, ապա աղբի արտադրության գագաթնակետը կհաղթահարվի արդեն 2075 թվականին և մեկ քառորդով (օրական՝ 2.6 միլիոն տոննայով) ավելի պակաս կլինի 2100 թվականի ցուցանիշից: