
2015 թվականին Ռիգայի գագաթաժողովը կլինի «Արևելյան գործընկերության» երկրների հաջողության հաջորդ ցուցիչը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եվրաինտեգրման ճանապարհին Մոլդովային աջակցելը շարունակում է մնալ Լատվիայի իշխանությունների առաջնահերթություններից մեկը, և որ հաջորդ տարվանից սկսած՝ Ռիգան կմեծացնի Քիշնևին իր աջակցությունը: Այս մասին Քիշնևում Մոլդովայի արտգործնախարար Նատալյա Գերմանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը:
Մոլդովայի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են եվրոպական օրակարգի առաջնահերթ հարցերը, որոնք կապված են նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հետ:
Ռինկևիչսը հիշեցրել է, որ «Արևելյան գործընկերության» հաջորդ գագաթաժողովը տեղի է ունենալու 2015 թվականի առաջին կեսին, Ռիգայում, երբ Լատվիան կնախագահի ԵՄ-ի Խորհրդում: Ռինկևիչսը վստահություն է հայտնել, որ Ռիգայի գագաթաժողովը կհանդիսանա «Արևելյան գործընկերության» երկրների հաջողության հաջորդ ցուցիչը: