Իրանը կարող է հրաժարվել Պակիստանին գազ մատակարարելու նախագծից. Fars

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կարող է հրաժարվել Պակիստանին խողովակաշարով բնական գազ մատակարարելու բազմամիլիարդանոց նախագծի իրագործումից:

Համապատասխան հայտարարությամբ երեկ երեկոյան Թեհրանում ածխաջրածինների թեմայով անցկացված  միջազգային կոնֆերանսի ժամանակ հանդես է եկել Իրանի նավթարդյունաբերության նախարար Նամդար Զանգանեն:

Վերջինիս խոսքերով՝ ամենայն հավանականությամբ, չեղյալ կհայտարարվի Պակիստանին գազ մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը: Նախարարը ոչինչ չի հայտնել Իրանի կառավարության կողմից նման սենսացիոն որոշում ընդունելու պատճառների մասին:

Խողովակաշարի իրանական հատվածը վաղուց կառուցված է, նրա երկարությունը կազմում է 1100 կիլոմետր: Միևնույն ժամանակ խողովակաշարի պակիստանյան հատվածի կառուցումն անգամ չի էլ մեկնարկել, դրա երկարությունը կազմելու է 780 կիլոմետր: Պակիստանի կառավարությունը դա պատճառաբանում է ֆինանսական ճգնաժամով և Իրանին խնդրում է այդ նպատակով հատկացնել 2 միլիարդ դոլար:

Սկզբնական շրջանում պլանավորված էր, որ «Իրան-Պակիստան-Հնդկաստան» խողովակաշարի ընդհանուր երկարությունը կազմելու է 2700 կիլոմետր, սակայն Հնդկաստանը շուտով առանց որևէ պատճառների հրաժարվեց այդ նախագծից:

Տեսանյութեր

Լրահոս