Եվրոպայի հայերը վախենում են ռեադմիսիայից

Սպասվում է, որ ԱԺ հաջորդ քառօրյայի ժամանակ խորհրդարանը կվավերացնի նախագահի կողմից ԱԺ ներկայացված երկու միջազգային համաձայնագիր: Դրանցից առաջինը 2012թ. դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև վիզաների տրամադրման դյուրացման» մասին համաձայնագիրն է, իսկ մյուսը՝ 2013թ. ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանարապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը:
Այս համաձայնագրերից հատկապես վերջինի վավերացումը մեծ արձագանք է ստացել եվրոպական սփյուռքում, որը վերջին 20 տարիներին զգալիորեն ստվարացել է Հայաստանից արտագաղթածների հաշվին:

Եվրոպայում փախստականի կարգավիճակով ապրող հայաստանցիները մտահոգություն ունեն, որ այդ համաձայնագրի ստորագրումից հետո Եվրամիության անդամ երկրներում իսկական որս կսկսվի ՀՀ քաղաքացիների նկատմամբ, և նրանց անմիջապես ռեադմիսիայի կենթարկեն Հայաստան:
Հայաստանը Եվրամիության անդամ 28 երկրներից 13-ի հետ արդեն կնքել է ռեադմիսիայի պայմանագիր: Դրանք այն երկրներն են, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ավելի հաճախ են դիմում ապաստան ստանալու խնդրանքով: Սակայն, ըստ պաշտոնական վիճակագրության` 2012 թվականին այդ 13 երկրները միասին 31 դիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը` քաղաքացիների հետհանձնման համար: Սա նշանակում է, որ, եթե Հայաստանը Եվրամիության հետ վավերացնի հետընդունման համաձայնագիրը, միևնույն է՝ Եվրոպայում գտնվող հայաստանցիներին բռնությամբ Հայաստան վերադարձնելու վտանգն առանձնապես չի մեծանա: Համենայն դեպս, այդպես են վստահեցնում հայ պատգամավորները, ովքեր հասկանում են, որ իրենց գործունեության նկատմամբ դժգոհություն կարող է առաջանալ նաև Եվրոպայում: Հայ փախստականներն ասում են, որ իրենք Հայաստանից փախչելով անգամ չեն կարողանում ազատվել Հայաստանի իշխանական մարմինների կողմից իրենց սպառնացող վտանգներից:

Նոյեմբերի 4-ին խորհրդարանական երկու հանձնաժողովներ` Արտաքին հարաբերությունների և Եվրաինտեգրման հանձնաժողովները պատրաստվում են խորհրդարանական լսումներ անցկացնել, որին կհրավիրվեն նաև Հայաստանում ներկայացված եվրոպական կառույցների ներկայացուցիչներ: Խորհրդարանական լսումները վերաբերելու են այս երկու համաձայնագրերին. ո՞ւմ վրա են դրանք տարածվում և գործնական ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ վավերացումից հետո: Մեր խորհրդարանականները մասնավորապես պատրաստվում են հավաստիացումներ տալ Եվրոպայում ապաստանած հայաստանցիներին, որ ռեադմիսիայի համաձայնագիրը վավերացնելով` իրենց դեմ ուղղված որևէ քայլ չեն կատարում, որ իրենք ինչպես ապրել են, այնպես էլ շարունակելու են ապրել եվրոպական երկրներում: Ըստ նրանց, հետընդունման մասին համաձայնագիրը, ընդհակառակը, Հայաստանի քաղաքացիներին ավելի պաշտպանված է դարձնում:

Այս հավաստիացումները որևէ արժեք չունեն և որևէ կերպ չեն կարող փարատել այն մարդկանց մտահոգությունը, ովքեր Հայաստան վերադառնալու հնարավորության մասին մտածելու դեպքում դիվահար են դառնում: Եվրոպայում հայտնված հայերի մեծ մասը հսկայական գումարներ է ծախսել անօրինական ճանապարհով այնտեղ հասնելու համար, գումարներ է ծախսել փաստաբանական ծառայությունների համար` փորձելով եվրոպական երկրների դատարաններին համոզել, որ իրենց համար Հայաստանում անհնար է և կյանքի համար վտանգավոր: Հիմա Հայաստանի իշխանությունը փորձում է օրենսդրական հիմք ստեղծել նրանց բռնի հետվերադարձն ապահովելու համար: Ստացվում է, որ այդ ֆինանսական ծախսերը ջուրն են լցվում:
Եվրոպական երկրներն այլևս համարում են, որ Հայաստանում չկա ոչ քաղաքական, ոչ կրոնական, ոչ գենդերային, ոչ ազգային և ոչ էլ այլ կարգի խտրականություն կամ հետապնդում: Այս համաձայնագրերի վավերացմամբ էլ Հայաստանը պարտավորվում է հետ ընդունել իր քաղաքացիներին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եվրոպացիներն ուզում են ուղարկել իրենց երկիր, սակայն նրանք ամեն կերպ փորձում են դիմադրել այդ հեռանկարին: Եվրոպացիները պատրաստվում են իրականացնել «Գնա տուն» ծրագիրը, բայց հայերը գերադասում են փախստականի կարգավիճակով կամ, նույնիսկ, առանց որևէ կարգավիճակի` մնալ Եվրոպայում, բայց ոչ երբեք` Հայաստանում:

Լա՞վ է ռեադմիսիան, թե՞ վատ: Առաջին հայացքից` թվում է, թե անընդհատ ավելացող արտագաղթի պայմաններում վատ չէր լինի, եթե մեր որոշ հայրենակիցներ վերադառնային Հայաստան: Բացի այդ, ՀՀ այն քաղաքացիները, ովքեր մտադիր էին գնալ Հայաստանից և ապաստան գտնել Եվրոպայում, կարող են հրաժարվել այդ մտքից, քանի որ տեսնելով հետ վերադարձվածներին` նրանք կարող են մտածել, որ նույն ապագան սպասում է նաև իրենց, դրա համար իմաստ չունի ռիսկի դիմել:
Բայց կա նաև խնդրի մյուս կողմը. եթե մարդը չի ուզում ապրել Հայաստանում, եթե մարդը մի քանի տարի ապրել է Եվրոպայում և սովորել է եվրոպական բարքերին, նրան այլևս ոչ մի կերպ չես պահի Հայաստանում: Նրանց, իհարկե, հնարավոր կլինի բռնությամբ ինքնաթիռ նստեցնել և վերադարձնել Հայաստան, բայց նրանք, միևնույն, է գնալու են, եթե անգամ

Եվրոպա չստացվի, ապա, այլ տեղ, բայց Հայաստանում չեն մնա հաստատ: Բացի այդ, ստացվում է, որ Հայաստանը մի տեղ է, որտեղ կարելի է գալ միայն պարտադրաբար: Համաձայնեք, որ այդ տրամաբանությունը կարող է բացասաբար ազդել Հայաստանում մնացածների վրա: Մարդիկ կսկսեն ավելի խորությամբ ընկալել այն իրողությունը, որ Եվրոպայից Հայաստան կարելի է գալ միայն պարտադրաբար, և միայն պարտադրանքը կարող է նրանց պահել այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս