
Կառավարությունը հրաժարական կտա՞

ՀՀ Կառավարությունը, ինչպես հայտնի է, հրապարակել է տնտեսական և հարկաբյուջետային հիմնական ցուցանիշների կանխատեսումները, ըստ որոնց 2013 թվականին կարձանագրվի 4.1% տնտեսական աճ (բյուջեի հիմքում դրված 6.2%-ի փոխարեն), իսկ 2014 թվականի համար կանխատեսվում է 5.2% տնտեսական աճ: Սակայն, դեռ այս տարվա մարտին նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախազգուշացրել էր. «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որը տարվա արդյունքով չի ապահովի 7-տոկոսանոց տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»: 168.am-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքվեց, թե չկատարելով Սերժ Սարգսյանի հորդորը, Կառավարությունը հրաժարական տալո՞ւ է: Ի պատասխան՝ նա նշեց. «Կառավարությունը իրականացնում է իր աշխատանքները: Երբ անդրադարձ կկատարենք արդյունքներին, այն ժամանակ կանդրադառնանք բոլոր հարցերին: Մենք իրականացնում ենք մեր աշխատանքը: Գնահատողը իրականացնում է գնահատումը, որի հիման վրա կատարվում են որոշումներ»: