Գործազրկության նպաստից զրկում են՝ գործազուրկ մնալու համար

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հայտարարեց, որ գործազրուկների համար սահմանված նպաստը խիստ անարդյունավետ է, հատկացված գումարների 94%-ը չի հասել անապահով գործազուրկներին և միայն 6 տոկոսն է հասել շահառուներին: Անդրադառնալով այս հայտարարությանը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ասաց. «Գործազրկության նպաստ տրամադրելիս մենք հաշվի չենք առնում սոցիալապես անապահով լինելը, խնդիրը դրան է վերաբերվում: Մենք վերլուծություններ ենք անցկացրել նախորդ 3-4 տարիներին իրականացված ծրագրերի համար՝ ներմուծելով մի շատ կարևորագույն ցուցանիշ, թե կոնկրետ ծրագրի իրականացման արդյունքում ծրագրի ավարտից հետո ինչքա՞ն ժամանակում է անձը դարձել զբաղված։ Եվ դա, կարծում եմ, մեր ծրագրի կարևորագույն արդյունքը պետք է լինի։ Երբ ծրագիրն իրականացվում է և ավարտվում է, անձը պետք է դառնա զբաղված, իսկ մենք դիտարկում ենք արել` առնվազն մեկ տարի հետո անձը արդյոք զբաղվա՞ծ է, բայց երբ ընդամենը 6%-ն է դառնում զբաղված, դա նշանակում է, որ արդյունավետ չի ծրագիրը»:

Նախարարը նշեց, թե նպաստ` որպես այդպիսին, այլևս չի տրվի, բայց կլինի ծախսերի փոխհատուցում։ «Էությունը աշխատանք փնտրող անձի որոշակի ծախսերը փոխհատուցելն է։ Աշխատանք փնտրողը, դիմելով և հաշվառվելով համակարգում, դրանից հետո ձեռք է բերում գործազուրկի կարգավիճակ։ Այնուհետև, մեկ տասնյակիրց ավելի ծրագրեր կան, զբաղվածության ոլորտում իրականացվող, որոնց ներքո դիտարկվելու է տվյալ անձի կարիքը և նրան որևէ ծրագրում ընդգրկելը: Ընդգրկելով որևէ ծրագրում՝ գործատուի ծախսերի փոխհատուցում է կատարվելու նպաստի գումարի չափով` մասնագիտական ուսուցում, աշխատատեղերի հարմարեցում, որոնք թույլ են տալու ավելի ակտիվ աշխատանք իրականացնել»,- ասաց Արտեմ Ասատրյանը։ Սոցապ նախարարի համոզմամբ, հիմնական խնդիրը երիտասարդների գործազրկություն է, որոնց գործատուները չեն ուզում ընդունել աշխատանքի՝ համապատասխան փորձ չունենալու պատճառով: Ըստ նրա՝ պրակտիկայի կազմակերպումը թույլ կտա որպեսզի այդ ծախսերը երեք ամսում փոխհատուցվեն ծրագրի հաշվին, որից հետո գործատուն կընդունվի աշխատանքի. «Ուսումնասիրություները ցույց են տալիս, որ դա կազմում է 78%։ Այսինքն այդ ծրագրից հետո 78%-ին ընդունում են աշխատանքի»:

Տեսանյութեր

Լրահոս