
Բաչո Ախալայան բանտային խռովության գործով դատապարտվել է մոտ 4 տարի ազատազրկման

Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր կայացվել է Վրաստանի պաշտպանության ու ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայայի նկատմամբ դատավճիռը: Խոսքը գնում է բանտային խռովության գործի մասին: Դատարանն Ախալայային մեղավոր է ճանաչել 144-րդ հոդվածով:
Ախալայան դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Բացի այդ, որպես հավելյալ պատիժ՝ նրան արգելել են պետական պաշտոն զբաղեցնել 3 տարի և 3 ամիս ժամկետով: Ախալայան տուգանվել է նաև 4000 լարիով:
Դրա հետ մեկտեղ համաներումն առնչվել է Ախալայային և արդյունքում նա դատապարտվել է 3 տարի և 9 ամիս ազատազրկման, զրկվել է 2 տարի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Տուգանքի չափը մնացել է նույնը: Ախալայայի փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են այդ դատավճիռը:
Հիշեցնենք, որ Բաչո Ախալայան կալանքի տակ է վերցվել 2012 թվականի նոյեմբերի 7-ին և մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահման, 2006 թվականի մարտին Թբիլիսիում բանտային խռովություն սադրելու մեջ: