
Եվրամիությանն անդամակցությունը թանկ է նստում Մեծ Բրիտանիայի վրա. տարեկան 27 մլրդ ֆունտ

«Բաց Եվրոպա» գիտահետազոտական կենտրոնի տվյալներով` Բրյուսելի կողմից մտցված օրենքները Մեծ Բրիտանիայի վրա բավական թանկ են նստում` տարեկան 27 մլրդ ֆունտ: Կենտրոնը կազմել է ԵՄ ամենաթանկարժեք օրենքների ցանկը, որոնց թվում են երթեւեկության կանոնների պահպանության, գենետիկորեն մոդիֆիկացված ապրանքների մասին, ինչպես նաեւ աշխատաժամանակը կարգավորող ակտերը, հաղորդում է RT-ն:
Պարզվել է, որ առնվազն 24 դեպքերում ծախսերը գերազանցում են եկամուտները, ինչը նշանակում է, որ կառավարությունը գիտակցաբար ծախսում է հարկատուների գումարները` չստանալով որեւէ եկամուտ:
Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից, այդ ծախսերն անմիջապես չեն նվազի, բայց դրանք առնվազն կլինեն սեփական օրենսդրության համար եւ ուղղված` հենց երկրի քաղաքացիներին: Փորձագետների կարծիքով` վարչապետ Քեմերոնի` ԵՄ գագաթնաժողովում բարեփոխումների անցկացման մասին առաջարկությունը ԵՄ-ում ուժերի հավասարակշռությունը փոխելու առաջին քայլն է: ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի նախաշեմին նա բրիտանացիներին խոստացել է, որ շարունակելու է պաշտպանել այդ գիծը: