Բաժիններ՝

Դատախազությունն ընդունում է, որ փաստաբանի սպանության գործով ոչ բոլոր առերեսումներն է կատարել

Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Արեն Վերանյանի և Սամվել Դիլոյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը նախորդ նիստերից մեկի ժամանակ բացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազ Աշոտ Գրիգորյանի և Լոռու մարզի դատախազության դեմ ընդհանրապես:

Մասնավորապես, բացարկի մեջ հայտնել էր, որ նախաքննության ընթացքում Դատախազությունը խախտել է մեղադրյալների առերես հարցաքննության իրավունքը, նաև դեպքին ականատես անձինք, ինչպես նաև հանգուցյալ Սամվել Շարբաթյանը նույնպես հայհոյանքներ են տվել` խուլիգանություն կատարել, սակայն, անհասկանալի է, թե ինչու է խուլիգանության մեղադրանք առաջադրվել միայն ամբաստանյալներին, իսկ նշված անձանց` ոչ:
Դատախազ Աշոտ Գրիգորյանն առարկեց բացարկի դեմ, ասաց, որ ամբաստանյալների իրավունքները` կապված վկաների առերեսումների հետ, չեն խախտվել:

Ընդունեց, որ ճիշտ է, բոլոր դեպքերում առերեսումներ չեն կատարվել, սակայն դա միտումնավոր չի եղել, պարզապես նախաքննական մարմինն ըմբռնումով է մոտեցել տուժողի ընտանիքի անդամների, մասնավորապես` տուժողի կնոջ և քրոջ որդու հետ կատարվելիք առերեսումներին` հաշվի առնելով վերջիններիս հոգեկան վիճակը, այն, որ նրանց համար դժվար կլիներ ենթադրաբար իրենց հարազատին սպանած անձանց հետ առերեսվելը: Սակայն այդ անձինք, այնուամենայնիվ, պետք է դատարանում առերես հարցաքննվեն ամբաստանյալների հետ, և դրանով իսկ ենթադրյալ խախտումը, ըստ նրա, կվերացվի: Պաշտպան Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ ամբաստանյալները, որոնք մեղադրվում են առավել ծանր հանցագործություն կատարելու մեջ, նույնպես մարդ են, և պետք է նրանց դրության մեջ մտնել, ինչպես նախաքննական մարմինը մտել է տուժողների ընտանիքի անդամների հոգեվիճակի մեջ: Օրենքի տառը խախտելով առերեսումներ չկատարելը` մարդկանց հոգեվիճակից ելնելով, պաշտպանի կարծիքով` արդարացված չէ:

Ինչ վերաբերում է տուժող Սամվել Շարբաթյանի կողմից դեպքի ժամանակ հնչած հայհոյանքների կապակցությամբ որևէ որոշում չկայացնելուն, դատախազի ասելով` դրանով իրենք որևէ նպատակ չեն հետապնդել, նախաքննական մարմինը գտել է, որ պարզապես անհրաժեշտություն չկա սույն գործով նշված անձանց վերաբերյալ բազմակի որոշումներ գրել: Բայց Ռուբեն Հակոբյանը չհամաձայնեց նրա հետ, ասաց, որ, եթե 30 հոգի հայհոյանքներ են տվել, պետք է 30 առանձին որոշում կայացնեն, եթե անհրաժեշտություն կա, պետք է 130 հատ որոշում կայացվի, եթե դա պահանջում է օրենքը:

Դատավոր Նարինե Հովակիմյանը, սակայն, մերժեց պաշտպանի միջնորդությունը` նշելով, որ այն բավարարելու հիմքեր չկան: Պաշտպանն ասաց, որ ընդունում են դատավորի որոշումը, բայց ոչ թե այն պատճառով, որ համաձայն են դրա հետ, այլ` որ այն բողոքարկման ենթակա չէ վերաքննության կարգով:

Բացարկի վերաբերյալ դատավորի որոշումը հրապարակվելուց հետո դատական նիստը հետաձգվեց` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բացակայության պատճառով: Սա արդեն երկրորդ նիստն է, որ հետաձգվում է նրա պատճառով: Տուժողի իրավահաջորդը` հանգուցյալ փաստաբանի կինը, դատարանից ժամանակ խնդրեց Արթուր Սաքունցից բացի` երկրորդ ներկայացուցիչ ներգրավելու համար: Նա 1-ամսյա ժամկետ էր խնդրում, բայց դատավորը բավարարեց նրա միջնորդությունը` նիստը հետաձգելով 2 շաբաթով: Այն վերանշանակված է նոյեմբերի 5-ին` ժամը 12:00-ին:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր ի սկզբանե, որ տուժող կողմն էլ պիտի շահագրգռված լինի, որ գործն ինչքան հնարավոր է արագ ընթանա առաջ, որպեսզի, ի վերջո, պարզաբանվի, թե ինչ է տեղի ունեցել: Բայց իմ այդ կարծիքը փոխվում է, ինձ թվում է` տուժող կողմին ձեռնտու են ձգձգումները: Չգիտեմ` ինչու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Հակոբյանը: Նաև նշեց, որ գործի նյութերին ծանոթանալու համար մեղադրանքի և պաշտպանական կողմերին հատկացված ժամկետներն են անհամաչափ, քանի որ գործի նյութերին ծանոթանալու համար պաշտպանական կողմին տրամադրվել է ընդամենը 5-օրյա ժամկետ: Պաշտպանը լրագրողներին հայտնեց, որ հաջորդ նիստերին քննարկելու են տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի` Արթուր Սաքունցի մասնակցության նպատակահարմարության հարցը: Գործի ելքով նրա շահագրգռության վերաբերյալ փաստեր են ներկայացնելու, որ դատարանը քննարկի դրանք:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս