Այսօրվա օրենքի նախագծով իրականում ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին տեղեկացնում և զգուշացնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ըստ էության ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը:
Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հետևանքով բացառվում է նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով Վճռաբեկ դատարանի պալատի դատավորին և պալատի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, այն դեպքում, երբ կարգապահական պատասխանատվության նշված հիմքերը կիրառելի են մնում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորների նկատմամբ:
Պաշտպանի գնահատմամբ՝ այս փոփոխությունների հետևանքով առանց բավարար հիմնավորման տարբերակված մոտեցում է դրսևորվում առաջին երկու ատյանների դատարանների և վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ:
Միջազգային չափորոշիչների ուսումնասիրությունը վկայում է, որ դատավորների կարգապահական պատասխանատվության համատեքստում տարանջատում բարձրագույն և մյուս դատական ատյանների դատավորների միջև չի իրականացվում, գործածվում է «դատավոր» եզրույթը, որը վերաբերում է պետությունների դատական համակարգի բոլոր դատավորներին, անկախ կարգավիճակից:
Նախատեսվող փոփոխությունները համահունչ չեն նաև Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հետ, որը նախատեսում է վճռաբեկ դատարանի դատավորի նկատմամբ միայն նյութական իրավունքի խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու հնարավորության բացառումը, մինչդեռ այս դեպքում բացառվում է նաև կարգապահական պատասխանատվությունը՝ դատավարական օրենքի խախտման հիմքով:
Նախագծով կարգավորվում է նաև դատարաններում գործերի բաշխման կարգը, սակայն Վճռաբեկ դատարանի համար այստեղ նույնպես նախատեսված է բացառություն. բաշխման համակարգ են ներառվում միայն այն բողոքները, որոնց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի պալատի կողմից բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում է կայացվել, այն դեպքում, երբ դատական վիճակագրության համաձայն՝ Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքների մոտ 90 տոկոսը վարույթ չի ընդունվում:
Մարդու իրավունքների պաշտպանն իր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացրել է դեռևս նախագծի մշակման փուլում: Թեև ներկայացված առաջարկությունների մի մասն ընդունվել է, սակայն, ցավոք, հիմնական մտահոգիչ դրույթները մնացել են նախագծի տեքստում:
Պաշտպանի աշխատակազմ