
Ջոն Քերին կասկածում է, որ Իրանը կարող է կառուցողական դեր խաղալ «Ժնև 2» կոնֆերանսում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կասկածում է, որ Իրանը կարող է խաղալ կառուցողական դեր «Ժնև 2» կոնֆերանսում՝ չաջակցելով Սիրիայում անցումային կառավարության պլաններին:
Այս հայտարարությունը նա արել է Փարիզում Կատարի արտգործնախարար Խալիդ ալ-Աթթիայի հետ հանդիպման արդյունքներով: Քերիի խոսքերով՝ շատ բարդ է հասկանալը, թե ինչպես Իրանը կարող է կառուցողական մասնակցություն ունենալ, երբ նա պատրաստ չէ աջակցել բանակցությունների անցկացմանը:
Քերին ընդգծել է, որ այլ բան է եթե Իրանն ընդունի «Ժնև 1»-ի դրույթները և ցանկանա մասնակցել անցումային կառավարության աջակցմանը: «Ժնև 2»-ի ժամկետը դեռ պաշտոնապես հաստատված չէ: Ավելի վաղ Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը հայտարարել է, որ «Ժնև 2»-ն անցկացվելու է նոյեմբերի 23-24-ին: