«Հարսնաքարի» գործով տուժող. «Ես դեմք չեմ տեսել, տեսել եմ ձեռքեր»

Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Նախորդ դատական նիստի ընթացքում դատավոր Դավիթ Հարությունյանը որոշել էր, որ գործով անբաստանյալների տված նոր ցուցմունքների շուրջ պետք  է հարցաքննել գործով տուժողներին`ամբաստանյալների ցուցմունքների արժանահավատությունը գնահատելու համար:

Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ միայն ինքն է հարվածներ հասցրել տուժող Վահե Ավետյանին, ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն ասել էր, որ դեպքի օրը հարվածներ է հասցրել միայն Արտակ Բայադյանին, իսկ ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը հայտարարել էր, որ հարվածել է միայն Գարիկ Սողոմոնյանին:

Այսօր դատական նիստին տուժողներից ներկայացել էր միայն Էդգար Նիկոյանը: Հարցաքննության ընթացքում Էդգար Նիկոյանը նախ պնդեց ավելի վաղ իր տված ցուցունքները: Գործով մեղադրող Արմեն Մարուխյանի հարցին պատասխանելով՝ Էդգար Նիկոյանն ասաց, որ չի կարող ասել գործով ամբաստանյալի տված նոր ցուցմունքները համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ. ըստ տուժողի՝ ինքը չի տեսել ամբաստանյալների գործողությունները, դեմքեր չի տեսել: «Կոնկրետ ինձ նպատակաուղղված հարվածներ ես չեմ զգացել: Ես պաշտպանել եմ Արկադիին, այդ ժամանակ ստացել եմ ինչ-որ հարվածներ»,- ասաց տուժող Էդգար Նիկոյանը:

Հարցին, թե ումի՞ց է Էդգար Նիկոյանը պաշտպանել Արկադի Աղաջանյանին, տուժողը պատասխանեց, որ չի կարող ասել:  Նա ասաց, որ ամբաստանյալներին մարդ ծեծելիս չի տեսել. «Ես դեմք չեմ տեսել, տեսել եմ ձեռքեր»:

Կարդացեք նաև

Գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանը հայտարարեց, որ տուժողի ցուցմունքներն արժանահավատ չեն: Ամբաստանյալը տուժողից նախ հետաքրքվեց՝ արդյոք վերջինս դեպքի օրը ավտոկայանատեղիում տեսե՞լ է իր գործողությունները: «Ես նորից եմ ասում՝ ոչ միայն ձեր, այլև ոչ մեկի գործողությունները չեմ տեսել»,- ի պատասխան ասաց Էդգար Նիկոյանը:

Ապա ամբաստանյալ Արման Խաչատրյանը մեջբերեց տուժողի և իր ճանաչման արձանագրությունը: Տուժողը, ըստ Արման Խաչատրյանի՝ հայտնել էր, որ իրեն տեսել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկայանտեղիում ծեծկռտուքի, վիճաբանության ժամանակ: Ըստ նրա՝ իր մատնացույց արած անձին չի տեսել որևէ մեկին հարվածելիս և նկատել է նրան. վերջինս հանգիստ կանգնած է եղել: Ամբաստանյալը նշեց, որ թե իր նախորդ, թե այժմյան դատաքննական ցուցմունքներում տուժողը հայտարարում է, որ իրեն չի տեսել: Արման Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այժմ տուժողը չի հայտնում այն մասին, որ իրեն տեսել է հանգիստ կանգնած վիճակում: Էդգար Նիկոյանն էլ ի պատասխան ասաց, թե ինքը խառնաշփոթի ժամանակ ոչ մեկի դեմքը չի տեսել:

Հիմնավորելով իր այն կարծիքը, որ տուժողի ցուցմունքներն արժանահատվատ չեն՝ Արման Խաչատրյանը մատնանշեց երկու պատճառ. «Նախ առաջինը, երբ այդ նախաքննության ժամանակ ցուցմունքները տվել է, այդ ժամանակ իրենց, ոչ էլ երևի պարոն Եգորյանին հայտնի չի եղել, որ տեսախցիկները չեն արձանագրել, ձայնագրություն չկա, ասել է այն, ինչ ճիշտն է, ապա հետագայում արդեն, իմանալով, որ տեսախցիկները չեն արձանագրել, ասում է այն, ինչ իրենց է պետք: Դա այդպես չէ, ու էլի պատճառներ կան: Երկրորդ պատճառն էլ, որ Էդգար Նիկոյանը հանդիսանում է Վահե Ավետյանի անմիջական հարազատը, ավելի ստույգ՝ բաջանաղը, ու շատ հնարավոր է, որ նրա տան անդամներն էլ նրան ճնշած լինեն, որ գա ու այսպես ասի: Իսկ ամենահիմնական, կարևոր պատճառը, որ էդգար Նիկոյանն այսօր այսպես է ասում՝այն է, որ բոլորին էլ հայտնի է, որ սցենար է գծվել, որ միտումնավոր դիտավորությամբ բոլորին մեղադրեն նույն բանի մեջ:

Դրա համար եթե Էդգար Նիկոյանն ասեր, որ իմ գործողությունները… ասեր, որ տեսել է հանգիստ կանգնած վիճակում, բնականաբար, իմ վրայից մեղադրանքը դուրս էր գալու: Երկրորդն էլ արդեն իրեն հարցնելու էին, ասելու էին՝ բա էդ ժամանակ, որ Արմանին տեսել ես, ո՞նց է՝ մյուսների գործողությունները չես տեսել: Իսկ որ պատասխաներ ամեն մեկի գործողությունը, արդեն պետք է տարանջատվեր մարդկանց գործողությունները: Քանի որ պարոն Եգորյանը միասնական դիտավարության ֆոն է ստեղծել, բոլորին էլ հայտնի է, դրա համար էլ այսօր Էդգար Նիկոյանը դա է ասում: Ճիշտ չի ասում էդգար Նիկոյանը, հարգելի´ դատարան»:

Նշենք, որ գործով մյուս տուժողները ներկա չէին դատական նիստին: Էդգար Նիկոյանի խոսքով՝ տուժող Արկադի Աղաջանյանը գտնվում է ՀՀ-ից դուրս, Արտակ Բայադյանը դատական նիստին չէր կարողացել ներկայանալ՝ աշխատանքի էր, իսկ Գարիկ Սողոմոնյանը՝ ասպիրանտական քննության էր:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 25ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս