
ՀՀԿ-ն չնախատեսված նիստ է անցկացրել

168.am-ի տեղեկություններով, ՀՀԿ-ն այսօր չնախատեսված նիստ է գումարվել, որի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ականներին և նախարարներին է ներկայացրել 2014 թվականի պետական բյուջեն:
ՀՀԿ գրասենյակի մոտ մենք հանդիպեցինք նախարարներ Արմեն Աշոտյանին, Արտեմ Ասատրյանին, Վաչե Գաբրիելյանին, փոխնախարար Կարինե Մինասյանին: ՀՀԿ կենտրոնական գրասենյակում էր նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է վարչապետն անսպասելի նիստ գումարել, ի՞նչ է քննարկվել նիստի ընթացքում: Ի պատասխան նա նշեց, թե նիստն անսպասելի չի եղել, որովհետև իրենք ամեն շաբաթ կուսակցության նիստեր անցկացնում են, ապա հաստատեց, որ քննարկվել է 2014 թվականի պետբյուջեն:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն նիստեր գումարում է հինգշաբթի օրերին, որը լուսաբանվում է նաև ԶԼՄ-ներում: