Բաժիններ՝

Արթուր Բաղդասարյանը փոխարինեց Սուրիկ Խաչատրյանին

ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Կոնֆերանսին մասնակցում էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, վոլեյբոլ մարզաձևի մասնագետներ, ֆեդերացիայի անդամներ, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ: Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված էր չորս հարց`

1. ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն,

2. ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության անդամների ընտրություն,

3. ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի վերահսկիչ հանձնաժողովի նախագահի և անդամների ընտրություն,

Կարդացեք նաև

4. Կազմակերպչական հարցեր: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:

Նա նախ տեղեկացրեց, որ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է տվել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ապա, մասնավորապես նշեց. «Վոլեյբոլը Հայաստանում սիրված և մասսայականություն վայելող մարզաձևերից մեկն է, բայց մարզաձևի զարգացմանը խոչընդոտում են մի շարք խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Մեր քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու առաջադրել Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ում ղեկավարությամբ, վստահ եմ, մարզաձևը կբռնի զարգացման ուղին»: Այնուհետև կոնֆերանսին մասնակցող 30 պատգամավորները անցան օրակարգի հարցերի քննարկմանն ու քվեարկմանը: Կոնֆերանսի պատգամավորները միաձայն ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին:

Կոնֆերանսը միաձայն ընտրեց նաև ֆեդերացիայի նախագահության անդամներ, վերահսկիչ հանձնաժողովի նախագահ և անդամներ, քննարկեց կազմակերպչական մի շարք հարցեր: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար, ապա նշեց. «Ես էլ վոլեյբոլը շատ եմ սիրում և սա ինձ համար նոր մեկնարկ է:Մենք ունենք լավ մարզիչներ, մարզիկներ, ավանդույթներ, և մենք պետք է ամեն ինչ անենք Հայաստանում վոլեյբոլը զարգացնելու համար»:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիան Ռուսաստանի Դաշնության Վոլեյբոլի ֆեդերացիայի հետ օրերս ստորագրել է համագործակցության պայմանագիր, ինչը հնարավորություն կտա Հայաստանում վոլեյբոլն ավելի ինտենսիվ զարգացնել: Արթուր Բաղդասարյանը ներկաներին համախմբվածության և ակտիվ աշխատանքի կոչ արեց. «Մենք պետք է լինենք միասնական, ուժեղ և վստահ: Այդժամ ես, համոզված եմ, հաջողությունները սպասեցնել չեն տա:

Մենք նաև սերտ պետք է համագործակցենք Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Ազգային օլիմպիական կոմիտեի հետ, գործընկերային հարաբերություններ պետք է հաստատենք մյուս ֆեդերացիաների և բոլոր այն կառույցների հետ, ովքեր շահագրգիռ են Հայաստանում այս սպորտաձևը զարգացնելու գործում»: Կոնֆերանսը քննարկեց նաև կազմակերպչական հարցեր: Ելույթներով և առաջարկություններով հանդես եկան ոլորտի մասնագետներ, մարզիչներ, ֆեդերացիայի ներկայացուցիչներ:

ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս