
Մոսկվայում թղթադրամներ կեղծելու գործով ձերբակալվել են հայեր ու դաղստանցիներ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվայում ձերբակալել են Հայաստանի ու Դաղստանի 5 ներկայացուցչի, որոնց կասկածում են 1000 և 5000 ռուբլի արժեքով թղթադրամներ կեղծելու մեջ: Դատարանի որոշմամբ բոլոր ձերբակալվածները, այդ թվում նաև հանցավոր խմբի ենթադրյալ առաջնորդը, վերցվել են կալանքի տակ:
Ոստիկանությունը կարծում է, որ կասկածյալներն ունեն ևս մի քանի օգնականներ, որոնց ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել: Հետաքննությունը կարծում է, որ հանցավոր սխեմայի կազմակերպիչը Հայաստանի ներկայացուցիչն է, ով ունի ռուսական քաղաքացիություն և բնակվում է Մերձմոսկովյան մարզում:
Հետաքննությունը կարծում է, որ նա կեղծ թղթադրամների արտադրություն է կազմակերպել դեռևս 2010 թվականին: Կեղծ թղթադրամները պատրաստվել են Մոսկվայում և մերձմոսկովյան Չեխովում, ապա տարածվել են մյուս քաղաքներում: