Հրանտ Մարգարյանը՝ Վահան Հովհաննիսյանին դեսպան նշանակելու մասին
«Այո, կան պետություններ, որտեղ դեսպան են նշանակում նաև ընդդիմությունից, կամ չեն նշանակում ընդդիմությունից, և դա տվյալ երկրներում նորմալ է ընկալվում: Շեշտը դրեք նրա վրա` ինչո՞ւ իշխանություններն այդ կարևոր պաշտոնին ուզում են տեսնել Վահան Հովհաննիսյանին»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` անդրադառնալով իրենց հասցեին հնչող քննադատություններին:
«Եթե Գերմանիո ճակատում աշխատելու համար պետությունն ընտրել է Վահանին, բնականաբար, նա չպետք է զլանար: Եթե պետք լիներ ադրբեջանական ճակատում դերակատար լինել` մենք կրկին չէինք զլանա` կաշխատեինք: Եթե սրանից իշխանությունը կշահի, թող շահի…
Մենք դրական ուժ ենք, մեր մոտեցումը դրական է: Որքան ուզում են` թող խոսեն, թե սա նշանակում է` իշխանության մաս կազմել, բայց դա այդպես չէ. մեր մոտեցումը չի փոխվել, մենք եղել ենք ընդդիմություն և շարունակում ենք լինել ընդդիմություն»,- նշել է նա: Հրանտ Մարգարյանն ասել է, թե պաշտոն ստանալը ամենևին չի նշանակում, որ «իշխանությանը դեմ լինելու վճռականությունը պակասել է»: «Մենք ընդդիմություն չենք իշխանություն լինելու համար, մենք այս երկրով ու ժողովրդով ենք երդում կատարել, մեր կյանքի իմաստը Հայաստանն ու հայ ժողովուրդն են, ոչ թե իշխանություն կամ ընդդիմութուն լինելը»:
Հրանտ Մարգարյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: