Դավութօղլուն հերքել է Թուրքիայի կողմից «Մոսադի» գործակալներին Իրանին հանձնելու մասին տեղեկատվությունը
Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հերքել է ամերիկյան The Washington Post թերթի այն հրապարակումը, թե Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը Իրանին հայտնել է իսրայելական «Մոսադ» արտաքին հետախուզության համար աշխատող 10 գործակալի մասին տվյալներ:
Դավութօղլուն ընդգծել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը՝ հավելելով, որ Հաքան Ֆիդանի առաջին գործն իր երկրի անվտանգության ապահովումն է: Դավութօղլուն կարծում է, որ Ֆիդանի նկատմամբ ներկայացված մեղադրանքը վկայում է նրա լավ աշխատելու մասին:
Դավութօղլուի խոսքերով՝ MIT-ն ընդլայնել է տեղեկատվություն հավաքելու պլանում իր հնարավորությունները՝ Թուրքիայի դեմ ուղղված հնարավոր սպառնալիքներին ու ռիսկերին դիմակայելու համար. «Միակ ատյանը, որի առջև պատասխանատու են Հաքան Ֆիդանն ու անվտանգության մյուս կառույցները, մեր ժողովուրդն է, երկրի խորհրդարանն ու կառավարությունը»: