Թուրքիան Իրանին է հանձնել «Մոսադի» 10 գործակալի. The Washington Post
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ նախորդ տարվա սկզբին Թուրքիայի ու Իսրայելի հարաբերություններն այնքան վատ են եղել, որ Թուրքիայի իշխանություններն իրանական հակահետախուզությանը տվյալներ են հաղորդել այն իրանցիների մասին, որոնք թուրքական տարածքում հանդիպումներ են ունեցել իսրայելական «Մոսադ» արտաքին հետախուզության ներկայացուցիչների հետ:
Թերթի լրագրող Դևիդ Իգնատիուսի տվյալներով՝ Անկարան Թեհրանին է հանձնել «Մոսադի» մինչև 10 գործակալի: Իգնատիուսի կարծիքով՝ հենց Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) դավաճանությունն է պատճառ հանդիսացել այն բանի, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրականապես հրաժարվել է Անկարայից ներողություն խնդրել «Մավի Մարմարայի» միջադեպի համար:
Միայն այս տարվա մարտին, այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմերի հետ համաձայնեցրեց փոխզիջումային բանաձևը, Նեթանյահուն հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Սակայն երկու երկրների միջև ճգնաժամը դեռ հաղթահարված չէ:
Նշվում է, որ MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանին նրա իսրայելցի գործընկերները կասկածում են Թեհրանի հետ բարեկամական հարաբերություններ ունենալու մեջ և անվանում են Անկարայում Իրանի հետախուզության ու անվտանգության նախարարության ռեզիդենտ: Նրան նաև կասկածում են Սիրիայում ջիհադական ուղղվածությամբ զինյալներին զենքի մատակարարում կազմակերպելու մեջ:
Հեղինակն ընդգծում է, որ Սպիտակ տանը հայտնի է, որ թուրքերն իրանցիներին են հանձնել իսրայելական գործակալներին, սակայն Օբամայի վարչակազմը շարունակում է ջերմացնել հարաբերություններն Էրդողանի հետ՝ նրան դիտարկելով որպես տարածաշրջանում իր առանցքային դաշնակիցներից մեկը:
The Washington Post-ը հիշեցնում է, որ Իսրայելի ու Թուրքիայի հետախուզական ծառայությունների միջև դաշինքը կնքվել է դեռևս 1958 թվականին, երբ Անկարայում հանդիպել են երկու երկրների վարչապետներ Դավիթ Բեն Գուրիոնն ու Ադնան Մենդերեսը: Ընդգծվում է, որ Իսրայելը շատ հարցերում չափից ավելի է վստահել Թուրքիային: