Կարգավիճակի ինքնահաստատման պոզիտիվ ատրիբուտիկա

Հայաստանում տպավորություն կա, որ պատգամավորների կամ կառավարության անդամների կողմից սեփական պաշտոնական դիրքը չարաշահելը, պետական միջոցները սեփական կարիքներին ծառայեցնելը, միջնորդություններով զբաղվելը զուտ ազգային կամ, առնվազն, արևելյան տիպի պետություններին հատուկ դրսևորումներ են: ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոններ» թեմայով խորհրդարանական լսումներին  հրավիրված երկու միջազգային փորձագետներ`   Կանադայի Մաքգիլի համալսարանի Զարգացմանն ուղղված միջազգային օժանդակության գծով ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր, խորհրդարանական էթիկայի գծով փորձագետ Ռիկ Սթեյփնհերստը և Մեծ Բրիտանիայի խորհրդարանի էթիկայի գծով միջազգային փորձագետ Ջոն Լյոն, պատմում էին, որ նման խնդիրների առաջ են կանգնած աշխարհի բոլոր խորհրդարանները: Պատգամավորները միջնորդում են, որ իրենց ծանոթներն ընդունվեն համալսարաններ, իրենց կնոջը կամ բարեկամուհուն ընդունում են աշխատանքի, սակայն պարզվում է, որ նա ոչ մի աշխատանք էլ չի կատարել, զբաղվում են տարբեր միջնորդություններով, չարաշահում են պետական բյուջեի միջոցները, նվերներ են վերցնում, որը կարելի է դիտել որպես կաշառք՝ մատուցած տարբեր ծառայությունների դիմաց:

Սակայն, եթե արևմտյան երկրներում սրանք ավելի շուտ բացառություն են, ապա Հայաստանում՝ օրինաչափություն:

Ինչպես իր ելույթում նշեց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ «եթե մինչև վերջ անկեղծ լինենք, ապա այդպիսի գործունեությունը խորթ չէ Հայաստանի խորհրդարանի 131 պատգամավորներից յուրաքանչյուրի համար»:

Բայց արևմտյան երկրներում պատգամավորների կողմից նման վարքագծի դրսևորումը համարվում է էթիկայի և պատգամավորի վարքագծի կանոնների խախտում: Խորհրդարանների կողմից ընդունված են «Պատգամավորի վարքագծի կանոնների» մասին հատուկ օրենքներ, որոնք սահմանում են հատուկ պատիժներ. սկսած պարսավանքից՝ մինչև պատգամավորի լիազորությունների կասեցում: Բրիտանացի  Ջոն Լյոն ասում է, որ, եթե պատգամավորի մեքենան խախտի ճանապարհային երթևեկության կանոնները, օրինակ՝ անցնի կարմիր լույսի տակով, ապա նրան կարող են ենթարկել հասարակական պարսավանքի: Կամ անցյալ տարի 12 ամսով կասեցվել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներից մեկի լիազորությունները, քանի որ պարզվել էր, որ նա աշխատանքի է ընդունել իր ազգականներից մեկին, որն իրականում որևէ աշխատանք չի կատարել, բայց վարձատրվել է բյուջեից: Պատգամավորն իր լիազորությունների կասեցումից հետո հրաժարական է տվել:

Հայաստանում ևս կա Խորհրդարանական Էթիկայի հանձնաժողով, որը կոչված է քննարկելու պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքերը: Այդ հանձնաժողովը գոյություն ունի արդեն 1 տարուց ավելի, բայց որևէ մեկը չի կարող հիշել դեպք, որ հանձնաժողովը որևէ պատգամավորի հանրային պարսավանքի ենթարկելու որոշում կայացնի, էլ չենք խոսում լիազորությունների կասեցման մասին:

Նկատի ունենալով այս տարբերությունները՝ Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ մենք քաղաքակրթական տարբեր հարթություններում ենք, և այն, ինչ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում կարող է դիտվել պատգամավորի կողմից էթիկայի կանոնների խախտում,  Հայաստանում «իրենց կարգավիճակի ինքնահաստատման պոզիտիվ ատրիբուտիկա է»: Պարզ ասած, էլ ինչո՞ւ է մարդ պատգամավոր կամ նախագահի աշխատակազմի պաշտոնյա դառնում, եթե նրա մեքենան, շարքային քաղաքացու մեքենայի նման, պետք է կարմիր լույսի տակ կանգնի:

Այս քննարկմանը Հայաստանի խորհրդարանի 131 պատգամավորներից մասնակցում էր ընդամենը 8-ը, այդ թվում՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ոչ բոլոր անդամները: Պատգամավորներն իսկապես անհեթեթ զբաղմունք են համարում էթիկայի կանոների մասին խոսելը կամ դրանց հետևելը. պատգամավորների մի մասն իրեն Վարչական և Քրեական օրենսդրության նորմերից է վեր դասում, էլ ուր մնաց՝ էթիկայի կանոնները:

Բայց կարևորն այն է, որ Հայաստանում միջազգային փորձագետների մասնակցությամբ անցկացվեցին խորհրդարանական լսումներ: Սրանով Հայաստանի խորհրդարանը մեծ քայլ կատարեց միջազգային համագործակցության ոլորտում և այլ երկրների խորհրդարանների հետ փորձի փոխանակման և մերձեցման առումով:

Տեսանյութեր

Լրահոս