Ինչի դեմ ընդվզում են Հայաստանի փաստաբանները, զգացել եմ իմ մաշկի վրա
Ամիսներ առաջ ՀՀ փաստաբանների պալատի 46 անդամներ նախաձեռնող խումբ էին կազմել և Հայաստանի դատական համակարգում տիրող ապօրինությունների, անարդարության, կամայականությունների դեմ արդեն երկրորդ անգամ գործադուլ արել: Դա, ընդհանրապես, եթե չասեմ` արտառոց, ապա շատ հազվադեպ հանդիպող երևույթ է ամբողջ աշխարհում (անցյալ տարի կազմակերպված` նախորդ գործադուլին, որքան տեղյակ եմ, շուրջ 500 փաստաբան է մասնակցել):
Այն, ինչի դեմ ընդվզում են Հայաստանի փաստաբանները, զգացել եմ, ինչպես ասում են, իմ մաշկի վրա, ընդ որում, ամենացավագին կերպով` և՛ բարոյական առումով, և՛ նյութական:
Որպես օտարերկրյա գործարար` Հայաստանում կորցրել եմ ահռելի գումարներ, ցավոք, միաժամանակ համոզվել, որ ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը շատ դեպքերում պարզապես ձևական է, քանի որ առկա է միայն դատարաններ հայցադիմումներ, բողոքներ ներկայացնելու առումով, իսկ արդարության և այս երկրի օրենսդրության շրջանակներում դատական պաշտպանություն ստանալու առումով` գոյություն չունի:
Հայաստանում դատական համակարգի կոռումպացվածությունն ազգային սկզբնավորված աղետի հիմնական պատճառներից մեկն է, եթե չասեմ` գլխավորը, քանի որ բոլոր կողմերի միջև բոլոր վիճելի հարցերն, ի վերջո, հանգուցալուծվում են դատարանում, իսկ եթե տևական ժամանակի ընթացքում չկա արդար դատարան, ապա հետևանքները, կարծում եմ, պարզ են բոլորին: Այդ աղետն արտահայտվում է և երկրից բնակչության չափազանց մեծ մասշտաբների հասած ու չդադարող արտագաղթով, և օտարերկրյա ներդրումների էական կրճատմամբ, և տնտեսական աճի նվազմամբ ու տնտեսական մի շարք կարևոր ցուցանիշների անկմամբ: Հայաստանի շատ բնակիչներ դժգոհում են ոչ այնքան սոցիալական վատ վիճակից, որքան մարդկանց վհատեցնող և երկիրը դատարկող անարդարությունից:
Վերոնշյալ իրավիճակում, թերևս, միակ ելքը մնում է այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովի դատական իշխանության բնականոն գործունեությունը: Շատ քաղաքացիներ և օտարերկրյա ներդրողներ, որ դեռ իրենց հույսը չեն կորցրել, սպասում են դրան:
Փորձեմ շատ հակիրճ ներկայացնել և ամփոփել Հայաստանում իմ խնդիրների էությունը` կապված կոռուպցիոն սխեմաների օգնությամբ և դատական համակարգի օգտագործմամբ առանձին անձանց ցանկությունների հետ: Այդ ամենի արդյունքում` ինձ և իմ գործընկերներին, բոլորը` ՌԴ քաղաքացիներ, զրկել են Հայաստանում կատարած և միլիոնավոր դոլարների հասնող մեր ներդրումներից: Բայց ի՞նչ է` այդպես էլ պետք է լինե՞րգ Ի դեպ, մեր նկատմամբ կատարվածը բնավ էլ եզակի դեպք չէ, և եթե արդարության վերականգնման ուղղությամբ համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, ապա, կարծում եմ, դժվար չէ պատկերացնել, թե դրանից հետո այսպիսի օրինակներին ծանոթացած արտասահմանյան քանի գործարար կցանկանա Հայաստանում ներդրումներ կատարել:
Իմ նախորդ հրապարակումներից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակներից, մամուլի ասուլիսից հետո Հայաստանում ԶԼՄ-ների շատ ընթերցողների արդեն հայտնի է, թե իմ ներդրումների հետ ինչպես վարվեց իմ երբեմնի ընկեր Վիկտոր Տեր-Հովսեփյանը` ժամանակին` ՀԽՍՀ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդին: Հայաստանում ներդրումներ կատարելու որոշումը հենց այդ «ընկերոջ» առաջարկությամբ, հորդորով ու կազմակերպչական օգնությամբ էի կայացրել: Այսպիսով` կնշեմ միայն իմ և ռուս գործընկերներիս կողմից Հայաստանում հիմնադրված «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ին առնչվող և մի քանի այլ դատական գործերի անունները, դատական ակտերով վճռվածի կամ որոշվածի համառոտ բովանդակությունը և կանեմ հակիրճ մեկնաբանություններ:
Նախ` «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն ընդդեմ Վիկտոր Տեր-Հովսեփյանի` պարտքը վերադարձնելու պահանջով» գործի մասին: Այդ գումարները Վիկտորը ստացել է 8,175,000.00 դրամի չափով: Սակայն դատարանը 03.03.2009թ. ժողովի մասնակիցների արձանագրության հիման վրա գտնում է, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանն այդ գումարները չպետք է վերադարձնի «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ին: Հիշյալ արձանագրությունում նշված է, որ ընկերության մասնակիցների, Վ. Տեր-Հովսեփյանի և նրա ընտանիքի անդամների միջև չկան փոխադարձ պարտքեր և պահանջներ: Այդ պահին չկային, բայց հետո առաջացան, ինչը, սակայն, դատարանն անտեսում է: Գումարի վերադարձման մասին չկա որևէ ֆինանսական փաստաթուղթ: Հետևելով այդ տրամաբանությանը, եթե կա առքուվաճառքի պայմանագիր, բայց չկա վճարման փաստ, գնորդը կարող է պահանջել գումարը կամ ապրանքը ՀՀ դատարանի վճռով:
Անդրադառնամ հաջորդ գործին` «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն ընդդեմ Վիկտոր Տեր-Հովսեփյանի` 450.000 ԱՄՆ դոլար հաշվանցում իրականացնելու պահանջով» (Վիկտորի պարտքը և նրա պարտքի մասին պայմանագիրը գոյություն ունեն, ինչպես և` Վ. Տեր-Հովսեփյանի օգտին այդ գումարների բանկային փոխանցումների փաստը և նրա առջև 272 մլն դրամով պարտավորությունների նվազեցումը): Հայաստանի դատարանը որոշել է, որ Վ. Տեր-Հովսեփյանը չպետք է վերադարձնի 450.000 ԱՄՆ դոլարը, բայց «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն Վ. Տեր-Հովսեփյանին պարտք է 900.000 ԱՄՆ դոլար` գումարած 142.446 ԱՄՆ դոլար` որպես տոկոսներ: Ընդ որում, դատարանն այսպիսի որոշում է կայացրել` չնայած նրան, որ ՀՀ ռեզիդենտներին այլ երկրների արժույթով վճարումներ կատարելն արգելված է, իսկ պայմանագիրը, որով գգԱնսուր Ինվեստգգ ՍՊԸ-ն դատարանի որոշմամբ պարտք է 900.000 ԱՄՆ դոլար, ընդհանրապես գոյություն չունի: Բացի այդ, դատարանը հաշվի չի առել ժողովի վերոնշյալ 03.03.2009թ. արձանագրությունը, որի համաձայն` արձանագրությունում նշված կողմերից ոչ ոք ոչ ոքի հանդեպ պարտք ու պահանջ չունի: Սա դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման ճչուն օրինակ է, դրա նկատմամբ ա՞չք փակելգ Իհա՛րկե ոչ:
Այս առումով ավելորդ չեմ համարում հիշեցնել անցյալ տարվա օգոստոսին ՀՀ վճռաբեկ դատարանի, Արդարադատության խորհրդի անդամների ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ասածը, որ ոչ մի դատավոր չպետք է գտնվի արտոնյալ դիրքում, և դատավորների թույլ տված խախտումներն անհետևանք չպետք է մնան: Ցավոք, այդ խախտումներն առայժմ հիմնականում անհետևանք են մնում, ավելի ճիշտ, դրանց մի մասը Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասնելով` հետևանքներ ունենում է, բայց արդեն բոլորովին այլ առումով. այդ նույն դատավորների և, ընդհանրապես, ՀՀ դատական համակարգի թույլ տված աղաղակող սխալների, խախտումների հետևանքով Հայաստան պետությունը հօգուտ դիմողների արդեն միլիոնավոր եվրոներ է տուգանվել, տուգանքների գործընթացը շարունակվում է, մինչդեռ Հայաստանի Հանրապետության համեստ բյուջեից դուրս եկող տուգանքների գումարներով երկրի ներսում սոցիալական և բազմաթիվ այլ խնդիրներ կարող էին լուծվել:
Երրորդ գործը` «Արթուր Մանուկյանն ընդդեմ Վիկտոր Տեր-Հովսեփյանի` 111,000,000.00 դրամ պարտքի մարման պահանջով»: ՀՀ դատարանը որոշեց, որ Վ. Տեր-Հովսեփյանն Ա. Մանուկյանի պարտքը պարտավոր չէ վերադարձնել, քանի որ վաղեմության ժամկետը լրացել է: Դատարանն աղաղակող ապօրինություն թույլ տալով` այսպիսի խայտառակ որոշում կայացրեց` չնայած այն փաստին, որ համաձայնագրում պարտքի վերադարձման ժամկետը բացակայում է, և գոյություն ունի ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանություն, որ նման դեպքերում վաղեմության ժամկետը սկսում է հաշվարկվել վարկառուի պարտքը մարելու պահանջի պահից:
Եվս մեկ գործ` Դմիտրի Կոտովն ընդդեմ Լյուբով Փիլոյանի` 284,168,468 ՀՀ դրամի առգրավման պահանջով, որը նա պարտք է գրության հիման վրա: Առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց` հօգուտ Կոտովի: Հետագայում Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները, չնայած ակնհայտ փաստերին, այս դեպքում էլ որոշել են հօգուտ Լյուբով Փիլոյանի, որը Վիկտոր Տեր-Հովսեփյանի մայրն է:
Վ. Տեր-Հովսեփյանի հետ կապված ևս մի քանի գործեր կան, որոնցով նա մեզ գումարներ պետք է վերադարձնի, բայց չի վերադարձնում` սնանկ ձևանալով (իր երկու ընկերությունները զոքանչի անունով են ձևակերպված): Ի դեպ, վերը նշվածը կատարվածի դեռ սոսկ մի մասն է, մնացյալը հանրությանը կներկայացնեմ առաջիկայում:
2012թ. մարտի 10-ին ՀՀԿ 13-րդ համագումարում Հայաստանի Հանրապետական իշխող կուսակցության և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «կարճաժամկետ հեռանկարում Ոստիկանության, Դատախազության ու դատարանների գործունեությունը պետք է կոչված լինի` ապահովել ցանկացած անձի իրավունքների և շահերի համակողմանի պաշտպանությունը, երաշխավորել հասարակության ամեն մի անդամի համար արդարադատության մատչելիությունը և յուրաքանչյուր վեճի արդարացի լուծումը»: Անցել է ավելի քան մեկ տարի, բայց նախագահի այս հայտարարությունը, հատկապես` դատական համակարգի կողմից, դեռ մնում է անտեսված:
ԱԼԵՔՍԵՅ ԿՈՐԵՊԱՆՈՎ