Բաժիններ՝

Հրապարակ են մտնում հոգևորականները

Երեկ «Ոչ գենդերային այլասերման» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Երևանում, երթ են անցկացրել դեպի կառավարության շենք, ինչ-որ նամակ են հանձնել կառավարությանը: Այս նախաձեռնությունն ու բողոքի ակցիան ուղղված է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» աղմուկ հանած օրենքի նախագծի դեմ, որն, ի դեպ, այդ աղմուկից հետո փոփոխության ենթարկվեց, ու դրանից հանվեցին վիճահարույց ձևակերպումները: Թե որքանո՞վ է «գենդերային այլասերման» մտահոգություններն օրենքի ձևակերպման հետ կապելը հիմնավորված կամ որքանո՞վ է արհեստական այս աղմուկը, այլ քննարկման թեմա է: Երեկվա բողոքի ակցիան ավելի հետաքրքիր էր նրանով, որ դրան, բացի վերը նշված նախաձեռնության անդամներից ու Խաչիկ Ստամբոլցյանից, մասնակցում էին մեծ թվով հոգևորականներ: Այն, որ հոգևորականները ևս կարող են մտահոգվել «գենդերային այլասերման» վտանգով, նորմալ է: Նորմալ կարելի էր համարել նաև նրանց մասնակցությունը տարբեր բողոքի ակցիաներին, եթե դա լիներ հոգևորականների հերթական ընդվզումը հասարակության դեմ ուղղված հերթական ոտնձգության դեմ: Բայց մեր եկեղեցին ու հոգևորականները գրեթե անհաղորդ են տարիներ շարունակ հասարակությանը թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես «այլասերող» տասնյակ երևույթներին:

Չնչին բացառություններով, դժվար է հիշել դեպքեր, երբ, ասենք, հոգևորականները նման կերպ իրենց բողոքն արտահայատեին 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ Երևանում տասը մարդ սպանվեց` իշխանությունը պահպանելու համար, որևէ հոգևորական չէր մասնակցում նաև բողոքի ցույցերին, երբ հարյուրավոր մարդիկ ազատազրկվեցին քաղաքական հայացքների համար, հոգևորականները լռում են այն ժամանակ, երբ իշխանության հովանավորությունը վայելող մարդասպաններն ազատ են արձակվում բանտից, նրանք լուռ են նաև այն դեպքերում, երբ եկեղեցու բարձրաստիճան այրերը սկանդալների կենտրոնում են հայտնվում:

Դրանք վտանգավոր թեմաներ են, ու հոգևորականների ընդվզումը կարող է սխալ հասկացվել իշխանությունների կողմից: Բացառված չէ նաև, որ մեր հոգևորականները որոշել են հետ չմնալ իրենց ուղղափառ «գործընկերներից». վերջին շրջանում ընդդեմ համասեռամոլության` հոգևորականների մասնակցությամբ բողոքի ակցիաներ անցկացվեցին Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս