Բաժիններ՝

Հայաստանի Կոմկուսը` իշխանափոխության շեմին

Արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունում սպասվում է առաջին քարտուղարի փոփոխություն: Կոմկուսի գործող առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն իր կուսակցական ընկերներին հայտնել է, որ մտադիր է հրաժարական տալ. առողջությունը չի ներում շարունակել պաշտոնավարել:

Կոմկուսի առաջին քարտուղարի հրաժարականը պետք է ընդունի կուսակցության Բյուրոն, այնուհետև` հաստատվի Պլենումում: Բյուրոյի անդամներն էլ պետք է ընտրեն նոր առաջին քարտուղար: Սակայն կուսակցության Բյուրոյի նիստերն արդեն մի քանի շաբաթ անընդմեջ նշանակվում են ու հետաձգվում: Պատճառն այն է, որ կուսակցության 13 հոգանոց Բյուրոյի անդամները չեն կարողանում համաձայնության գալ Կենտկոմի նոր առաջին քարտուղարի թեկնածության շուրջ: Ու քանի դեռ այդ համաձայնությունը չի կայացել, Ռուբեն Թովմասյանը, չնայած իր վատառողջությանը և չնայած այն հանգամանքին, որ դեպքեր են լինում, երբ «Շտապ օգնություն» են կանչում կուսակցության գրասենյակ, շարունակում է մնալ առաջին քարտուղար:

Հայաստանի կոմունիստների վերնախավը բաժանվել է երկու խմբի: Առաջին խումբն այն մարդիկ են, ովքեր պնդում են, որ Կոմկուսի հաջորդ առաջին քարտուղարը պետք է լինի Երևանի քաղկոմի առաջին քարտուղար և Հայաստանի կենտկոմի երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանը: Նա համարվում է Կոմկուսի «լենինականյան» թևի ներկայացուցիչը: Տաճատ Սարգսյանը ծնունդով Գյումրեցի է, և գուցե այդ պատճառով նրա թեկնածությունն ակտիվորեն պաշտպանում և նրա օգտին քարոզչություն է անում Գյումրի քաղկոմի առաջին քարտուղար Գագիկ Մանուկյանը:

Մեր տեղեկություններով` Ռուբեն Թովմասյանն ինքն էլ դեմ չէր լինի, որ կուսակցության առաջին քարտուղար ընտրվեր Տաճատ Սարգսյանը: Հենց այդ պատճառով սեպտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Թովմասյանն իր կողքին նստեցրել էր երկրորդ քարտուղարին` լրագրողներին և նրանց միջոցով` հանրությանը ներկայացնելու համար: Սակայն Թովմասյանի հեղինակությունը Բյուրոյի անդամների մոտ բավական ցածր է. նրան համարում են արդեն հեռացած առաջին քարտուղար և պատրաստ չեն հնազանդորեն կատարել նրա պահանջները:
Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի մյուս թեկնածուն կուսակցության կազմբաժնի ղեկավար Բորիս Գյուրջյանն է: Նրա մասին ասում են, որ, թեև քիչ հայտնի է հանրությանը, բայց ազնիվ ու կազմակերպական հմտություններ ունեցող գործիչ է: Կոմկուսի Բյուրոյի անդամների մեծամասնությունը պատրաստ է քվեարկել նրա օգտին, և Բյուրոյի նիստերի անցկացման շարունակական հետաձգումները պայմանավորված են այն հանգամանքով, որ Ռուբեն Թովմասյանը չի ցանկանում առաջին քարտուղարի տեղը զիջել Գյուրջյանին, քանի որ նրա համար նախընտրելի թեկնածուն, ինչպես նշեցինք, Տաճատ Սարգսյանն է:

Թովմասյանը հույս ունի, որ Սարգսյանին կհաջողվի Բյուրոյի անդամների մեծամասնությանը համոզել հօգուտ իրեն քվեարկելու հարցում, որից հետո նոր կհրավիրվի Բյուրոյի նիստ:

Որքան էլ տարօրինակ լինի, Սարգսյանն իր կուսակիցներին համոզելու համար փորձում է դրամական խոստումներ տալ: Նա չի կաշառում կուսակիցներին, այլ խոստանում է, որ իր առաջին քարտուղար դառնալու դեպքում կուսակցության ֆինանսական վիճակը կտրուկ կբարելավվի, կուսակցական սկզբնական կազմակերպությունները ֆինանսական օգնություն կստանան, և կուսակցական միջոցառումները կանցկացվեն նոր թափով և մասսայականությամբ: Այդ միջոցները նա խոստանում է ներգրավել Ռուսաստանից. Ռուսաստանի Կոմկուսն արդեն տևական ժամանակ դադարեցրել էր հայ գաղափարակից ընկերներին ֆինանսական օժանդակություն տրամադրել` նկատի ունենալով նաև Հայկոմկուսի պասիվությունը և ուղարկված գումարների ծախսման անարդյունավետությունը: Ըստ որոշ տեղեկությունների` Կոմկուսի այսօրվա պարտքը պետական տարբեր կազմակերպություններին, այդ թվում` նաև Պետգույքի կառավարման վարչությանը, մոտենում է 40 միլիոն դրամին:

Եվ նոր առաջին քարտուղարն առաջին հերթին` պետք է կարողանա լուծել նաև պարտքերի մարման խնդիրը, այլապես կուսակցությունը կհայտնվի փողոցում: Այն արդեն կարող էր փողոցում լինել, եթե իշխանությունը բարի կամք չդրսևորեր նախագահ Սերժ Սարգսյանի որոշումները պատմական և հանճարեղ համարող Ռուբեն Թովմասյանի գլխավորած կուսակցության նկատմամբ:
Եթե Տաճատ Սարգսյանը փորձում է իր նպատակին հասնել ֆինանսական խոստումների միջոցով, նրա հակառակորդներն էլ փորձում են նրան հիշեցնել իր անցյալը: Մասնավորապես, նրան մեղադրում են 90-ականների սկզբին կուսակցական տոմսը պատռելու մեջ: Ստացվում է, որ Տաճատ Սարգսյանը լինելով Հայաստանի Կոմկուսի երկրորդ քարտուղար և Երևանի քաղկոմի առաջին քարտուղար` չունի կուսակցական տոմս: Իհարկե, Ռուբեն Թովմասյանը կարող է նրան Հայկոմկուսի նոր կուստոմս տալ, բայց դա ոչնչով չի փրկի իրավիճակը: Տաճատ Սարգսյանը եղել է Խորհրդային Հայաստանի Գյումրիի քաղկոմի վերջին քարտուղարը: Իսկ թե ովքեր և ինչ նպատակով էին պատռում իրենց կուստոմսերը Հայաստանի անկախության առաջին տարիներին, Կոմկուսում լավ գիտեն. դրանք այն մարդիկ էին, ովքեր համոզված էին, որ Կոմունիստական կուսակցության դարաշրջանը փակված է, որ Կոմկուսի հետ իմաստ չունի լուրջ հույսեր կապել, և կուստոմսը պատռելու միջոցով հրաժեշտ էին տալիս կոմունիստական անցյալին: Նրանք վերադարձան Կոմկուս միայն այն պատճառով, որովհետև նրանց որևէ այլ տեղ չընդունեցին:

Իսկ ինչով է կարևոր Հայկոմկուսի առաջին քարտուղարի ով լինելը. չէ որ այդ կուսակցությունը, թվում է, թե վաղուց է ուղարկվել պատմության արխիվ, և գոյություն ունի միայն այն պատճառով, որ մնացել են մի խումբ կոմունիստներ, ովքեր Տաճատ Սարգսյանի նման` չեն կարողացել տեղավորվել: Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետ Հայկոմկուսի դերը կարող է մեծանալ: Ռուսաստանը Հայաստանի ներքին կյանքին միջամտելու ավելի մեծ հնարավորություն է ստանալու, իսկ կոմունիստները, որ ամեն առիթով իրենց հավատարմությունն են հայտնում Ռուսաստանին, կարող են Ռուսաստանի իշխանության համար Հայաստանում գործելու համար գործիք դառնալ:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս