Բաժիններ՝

Տիգրան Առաքելյան. «Ես կալանավոր երբեք չեմ եղել, հիասթափությո՞ւն… ո՛չ մի վայրկյան»

«…Ուժասպառ եմ լինում, դժվար է երկու տարի պառկած լինելուց հետո միանգամից օրական էսքան քայլել, հյուրեր ընդունել, միևնույն ժամանակ հաճելի…»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Տիգրան Առաքելյանը:

«Իրականում ես անազատության մեջ չեմ եղել, քանի որ ես լավ գիտակցում էի՝ որևէ հանցանք ես չեմ կատարել, ընդամենը փորձել են զնդանել, բանտարկել՝ իրենց ակնկալիքով խնդիր լուծեն: Խնդրին փորձել էին շատ կոպիտ լուծում տալ և լուծումը տեսել են բանտարկության մեջ: Դա եկավ ապացուցելու վերջին դատական նիստը, երբ վճիռը կայացվեց, տեսանք ամբողջ սնանկությունը… կարող էին դրա փոխարեն մարդասպանության հոդված դնել, ի՞նչ տարբերություն. ինձ վրա դրվածը ծանր հոդված էր՝ 5-10 տարի ազատազրկում, 2 տարին նստեցի: Որևէ քննություն չկատարելով՝ վերաքննիչ դատարանը ինձ արդարացրեց, ինչու՞ ինձ արդարացրեց, ոչ մեկը չգիտի: Դրանից մի քանի օր առաջ անգամ միջնորդեցինք դատարանին կալանքը որպես խափանման միջոց չկիրառել: Դատարանը մերժում էր, որ ակնկալվող պատժից կարող եմ խուսափել, ու հետո դատարանը որևէ քննություն չկատարելով ինձ արդարացնում է… ինքը քննություն չի կատարում, որ պարզի՝ ես արդա՞ր եմ, թե՞ ոչ, միգուցե ես մեղավո՞ր եմ. ե՞րբ կատարեց քննություն, որ հասկացավ՝ ես անմեղ եմ»,- հարց է տալիս Տիգրան Առաքելյանը: Սակայն այս ամբողջ ընթացքում նա ասում է՝ ինքն ավելի ուժեղ էր, քան հիասթափությունը:

«Ես սիրում եմ իմ հայրենիքը, երկիրը, ձեզ բոլորիդ և հիմա էլ չեմ կարող նստել ու ոչինչ չանել. Եթե ես տեսնում եմ որևէ խնդիր, անպայման բարձրաձայնում եմ, հասկանում էի, որ հիասթափվելով հարց կլուծվի՞… ասենք հիասթափվեցի, ի՞նչ անեմ, ե՞ս էլ թողնեմ գնամ, ոչ, ես չեմ ուզում գնալ, ես ուզում եմ մնալ ու ապրել այստեղ:

Ես երկու րոպեի ընթացքում չեմ կարողանա ներկայացնել երկու տարվա իմ մտորումները, բայց այն եզրահանգմանն եմ եկել, որ ամեն ինչ շատ ճիշտ եմ արել, և երևի թե այն խնդիրները, որոնք ձևակերպել ենք և նպատակ ենք դրել հասնելու, ինձ թվում է ավելի ակտուալ է այս պահին, քան այն ժամանակ կարելի էր մտածել: Մտածելով ես հասկացա, որ շատ կարևոր խնդրով եմ զբաղված, մենք լուրջ խնդիրներ ունենք և չի կարելի դադարել դրանց լուծմամբ զբաղվել:

Հիասթափություն… ոչ մի վայրկյան, ինձ միշտ հարց էին տալիս՝ հ՞ը, ի՞նչ է լինում, ո՞նց է լինում և ե՞րբ կթողնեն, բա էպես ո՞նց կլինի… ես միշտ ասել եմ մեկ նախադասություն՝ մի օր բռնել են, մի օր կթողնեն:

Ո՞րն էր այն Հայաստանը, որի համար ես երկու տարի նվիրեցի, անցկացրի կալանավայրում. այդ Հայաստանը շա՜տ լավն է… Ես պատրաստ եմ միշտ, այսօր էլ զրկանքներ կրել, որ իմ ճակատը մաքուր լինի, պարզ լինի, և որևէ մեկին չխաբեն, որ տեսնեմ իմ կողքին ինչ-որ մեկին խաբում են, թույլ չտամ… եթե դա իշխանությունների ռեպրեսիաներն են ոստիկանների միջոցով, հասկացա, որ դրան էլ պատրաստ էի… Այդ Հայաստանը, իմ Հայաստանը շատ լուսավոր և պայծառ Հայաստան է, ճիշտ է, մի քիչ ռոմանտիկ ստացվեց… իմ պատկերացրածը, այսօրվա Հայաստանը այս պահին էլ եմ շատ սիրում, ընդամենը մի քանի հոգի սխալ են հասկանում՝ ինչ է հայրենիքը… ուղղակի նրանք մեր ոչ բառերն են սիրում, ոչ քարերը, ոչ մի բանը չեն սիրում, ուղղակի փչացնում են: Ես ուզում եմ՝ կարողանանք փողոցով քայլել և զգանք, որ մենք էլ իրավունք ունենք ապրելու այս հողի վրա արժանապատիվ ձևով: Յուրաքանչյուրը հասկանա, որ ինքը ՄԱՐԴ է, իրեն վերաբերվում են որպես մարդու: Իսկ այսօր ես չեմ տեսնում, մարդիկ այնքա՜ն շփոթված են:

Ես մտածում էի ամբողջ ընթացքում… ես ո՞նց կարող էի ընդհանրապես աչք փակեի, անցներ, գնա՞ր, երկու անչափահաս երեխայի ոստիկանությունը տեսնեիք ինչի էր ենթարկում, կարելի՞ էր աչք փակել, այդ երեխաների դեմքը մինչև հիմա աչքիս առաջ են, թե կարմիր բերետավորները ինչպես էին նրանց վերաբերվում, բա չմոտենայի՞նք… դրա համար ես երկու տարի բանտարկվեցի, բայց ես լավ գիտեմ մի բան, որ ես խնդիրը տեսա ու կողքով չանցա, ես կանգնեցի ու կանգնեցի իրավունքի կողքին…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս