Փոփոխություն, որ տեղի է ունենում մեր գիտության մեջ
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ստեղծման 70-ամյակի առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ ԳԱԱ: Կառավարության ղեկավարը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել է ակադեմիայի տարբեր ինստիտուտների ձեռքբերումների ու գիտական նորարարությունների ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված նյութերին:
Շնորհավորելով ՀՀ ԳԱԱ-ին 70-ամյակի կապակցությամբ՝ վարչապետը կարևորել է երիտասարդների ներգրավումը գիտահետազոտական ինստիտուտներ, որպեսզի նրանց մոտ էլ գիտությամբ զբաղվելու ցանկություն առաջանա: «Մանավանդ, որ մենք այսօր տեսանք, թե հայ գիտությունն ինչ առարկայական արդյունքներ է առաջարկում, որից օգտվում են նաև բնակչությունը, արտադրական ձեռնարկությունները: Ունենք բավականին հետաքրքիր աշխատանքներ, որոնք ԶԼՄ-ների շնորհիվ պետք է լավագույնս ներկայացվեն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը՝ վարչապետը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր այցի ընթացքում պարզվել է, որ Սիլիկոնյան հովտի առաջատար ընկերություններն էլ ունեն ֆինանսական խնդիրներ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է առաջին հերթին ստեղծել գիտության ֆինանսավորման և արտադրության շղթա, որպեսզի մասնավոր հատվածն էլ մասնակցի գիտության ֆինանսավորմանը: «Ուրախ եմ, որ այսօր մեր ինստիտուտներն այդպիսի ուղղություն են ընտրել, որ ոչ միայն պետությունից ակնկալեն ֆինանսավորում, այլև մասնավոր հատվածից: Արդեն տեսնում ենք, որ այդ փոփոխությունը մեր գիտության մեջ տեղի է ունենում: Մենք տեսանք տարբեր առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել գյուղատնտեսության, շինարարության և այլ ոլորտներում»,- նշել է վարչապետը:
Գիտության բնագավառում երկարատև, բեղմնավոր գիտական գործունեության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի կապակցությամբ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանին և ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր Հովհաննես Այվազյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար, տեխնիակական գիտությունների թեկնածու Տիգրան Զարգարյանը և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Զավեն Անդրիասյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով: