Ինչո՞ւ է սուլում վարչապետը
Վարչապետ Տիգրան Սարգսյանին, ի թիվս ամրագոտիների և այլ նորամուծությունների, տարիներ հետո, թերևս, կհիշեն նաև մեկ այլ նախաձեռնության շնորհիվ։ Նա պաշտոնական բառապաշար ներմուծեց «թեզ» բառն ու սկսեց ակտիվորեն շրջանառել այն։
Այս երկար ու ձիգ տարիների ընթացքում վարչապետից լսել ենք ամենատարբեր «թեզեր»` ճգնաժամի մասին, տնտեսական աճի մասին, և այլն։ «Թեզերի» վերջին խմբաքանակը` միանգամից 5 հատ, առիթ ունեցանք լսելու շաբաթ օրը։ Տիգրան Սարգսյանը 5 «թեզ» էր ներկայացրել` Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության օգտին։
Իսկ ինչո՞ւ ենք «թեզ» բառն ամենուր չակերտների մեջ դրել։ Որովհետև, չնայած Տիգրան Սարգսյանը դրանց անվանում է «թեզեր», սակայն` դասական իմաստով, դրանք այնքան էլ թեզեր չեն։ Բանն այն է, որ «թեզ» կոչվում է այն պնդումը, որն ապացուցվում է, հիմնավորվում։ Մինչդեռ Տիգրան Սարգսյանի հնչեցրած «թեզերի» մի մասն ընդհանրապես չի ապացուցվում, մյուս մասն էլ` անբավարար կերպով փորձ է արվում հիմնավորել։ Եվ այսպես, ի՞նչ նոր «թեզեր» է առաջ քաշել Տիգրան Սարգսյանը։
Թեզ առաջին։
«Մեզ ոք ոք չի հրավիրել Մաքսային միություն»։ Որպես այս պնդման հիմնավորում` Տիգրան Սարգսյանն ավելացնում է` եթե մեզ հրավիրեին, դա կանեին 3 տարի առաջ, երբ այդ գործընթացն ընթանում էր։ Իսկ միգուցե 3 տարի առաջ է՞լ են հրավիրել, սակայն` ոչ պաշտոնապես։ Ընդհանրապես, որքան գիտենք, ՄՄ-ն մեռյալ մարմին չէ, և հրավիրել կարող են ցանկացած պահի։ Ի դեպ, այս նույն թեզի ներքո վարչապետը նշում է.
«Մենք երբեք դեմ չենք եղել Մաքսային միությանն անդամակցելուն, այլ ունեցել ենք ընդհանուր ընկալում այն մասին, որ սահմանի բացակայությունը լուրջ խոչընդոտ է Մաքսային միությանն անդամակցելու համար»։
Ճիշտ է։ Բոլորս էլ հիշում ենք, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն ինչպես էր այդ մասին խոսում, և ինչպես էին ռուսները (օրինակ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն) հակադարձում նրան։ Անհասկանալի է միայն` եթե Մաքսային միությանն անդամակցելու հրավեր կամ ճնշում չի եղել, ինչի՞ համար էր այդ հեռակա բանավեճը։ Ավելացնենք, որ բացի ընդհանուր սահմանի բացակայությունից` Տիգրան Սարգսյանը խոսում էր նաև մաքսատուրքերի մասին։
«Խոսքը միայն ընդհանուր սահմանների բացակայության մասին չէ: Հայաստանի առանձնահատկությունը նաև այն է, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը շատ է տարբերվում Մաքսային միության երկրների տնտեսությունների կառուցվածքից, որտեղ էներգետիկ ռեսուրսների զգալի պաշարներ կան, և որտեղ հայրենական արտադրությունը պաշտպանվում է բարձր մաքսավճարների օգնությամբ: Ընդհանուր առմամբ, Մաքսային միությունում մաքսերի մակարդակը երկու անգամ բարձր է Հայաստանում գանձվողից»,- այս տարվա փետրվարին «Մոսկովսկիե Նովոստիին» տված հարցազրույցում ասել էր Տիգրան Սարգսյանը։ Այս մասին վարչապետն իր ոչ մի թեզում չի հիշատակել։
Անցնենք առաջ` թեզ երկրորդ։ «Ոչ ոք Հայաստանի վրա ճնշում չի գործադրել Մաքսային միությանն անդամակցելու համատեքստում»։ Իսկ ո՞ւր է այս պնդման հիմնավորումը։ Չէ՞ որ սա թեզ է, և պետք է հիմնավորում ունենա։ Իհարկե, եթե մեր իշխանությունները` «ճնշում» ասելով, նկատի ունեն այն, որ Ռուսաստանը պետք է իր բալիստիկ հրթիռներն ուղղեր Հայաստանի կողմն ու ստիպեր անդամակցել, բնականաբար, նման ճնշում չի եղել։ Սակայն, որքանով հայտնի է` քաղաքակիրթ աշխարհում ճնշումները կատարվում են անուղղակի և «դիվանագիտական եղանակով»։ Ասենք` Ադրբեջանին «Սմերչ» վաճառելով, միգրանտներին վտարելու անթաքույց սպառնալիքներով, Արցախի հակամարտության հարցում անվտանգության երաշխիքների մասին հիշեցնելով, և այլն։ Նույն «թեզի» մեջ Տիգրան Սարգսյանը շարունակում է` «Դա մեր հավասարակշռված, հաշվարկված մոտեցումն է, որը, մեր համոզմունքով, բխում է հայ ժողովրդի շահերից, և մենք գիտակցում ենք, որ սա չափազանց կարևոր որոշում է, որը մոտակա 20 տարիների ընթացքում լրջագույն հետևանք է ունենալու»։ Այստեղ, առաջին հերթին, անհասկանալի է` ո՞ւմ նկատի ունի Տիգրան Սարգսյանը` «մեր» ասելով։ Ինչ վերաբերում է «հավասարակշված ու հաշվարկված» մոտեցմանը, հիշեցնենք, որ «Մաքսային միությանը Հայաստանի անդամագրվելու ձգտման մասին» առաջին անգամ հայտարարել էգ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` այս տարվա հունիսին, Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։ «Հայաստանն ուզում է մասնակցել դրան (Մաքսային միությանը), և մենք ևս դա կարևոր ենք համարում: Հարկավոր է միայն գտնել նման համագործակցության ճիշտ ձևաչափը»,- ասել էր Ռուսաստանի վարչապետը: Մինչ ոմանք զարմացած սպասում էին, թե Տիգրան Սարգսյանը կհակադարձի (չէ՞ որ մինչ այդ նման «ձգտման» մասին ոչ ոք չէր խոսել), ՀՀ վարչապետը մատուցեց երկրորդ անակնկալը` հայտարարելով, որ Երևանի դիրքորոշումը «հստակ է, և ոչ մի կասկած չկա»։
Այսինքն` Ռուսաստանը մեզ ոչ ստիպել է, ոչ էլ հրավիրել։ Այն մեր փոխարեն որոշում է կայացրել և կանգնեցրել փաստի առաջ։
Անցնենք առաջ։ Տիգրան Սարգսյանի երրորդ «թեզն» այն է, որ ՄՄ-ին անդամակցելը բազմագործոն երևույթ է, և այդ գործոնների վերլուծության վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ։ «Բայց մի բան ակնհայտ է, որ մենք պետք է այն դիտարկենք հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ սպեկտրով` այսինքն` քաղաքական, ռազմական, անվտանգության, տնտեսական հարցերի շարքերի ներքո, և այդ տեսակետից այն ևս հիմնավորված է ամբողջությամբ»։ Եթե փակագծերը բացենք, ապա սրանով վարչապետը ցանկանում է ասել` հարգելիներս, հարցը միայն տնտեսական շահը չէ, կա Ղարաբաղի հարց և բազում այլ հարցեր։ Այսինքն` սա հենց վերը նշված «ճնշման գործիքների» մասին ակնարկ է, որին չենք անդրադառնա։
Այդ սպառնալիքները սահուն անցնում են և տեղ գտնում վարչապետի չորրորդ «թեզում». ըստ Տ. Սարգսյանի` ՄՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները ստեղծում են նոր տնտեսական միջավայր և այդ գործընթացներից Հայաստանի զերծ մնալը կարող էր ստեղծել լուրջ խոչընդոտներ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ հետ տնտեսական, մշակութային հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման առումով։
«Ավելի նպատակահարմար էր, որ մենք նույնպես լինեինք այդ միության անդամ, ինչը հնարավորություն էր տալիս ամբողջովին իրացնել այն ներուժը, որը գոյություն ունի ռազմավարական գործընկերների միջև»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Սա, ըստ էության, ամենա «Չթեզն է», որովհետև մինչև օրս էլ որևէ նորմալ, մասնագիտական, հաշվարկված հիմնավորում չի ներկայացվել` ինչո՞ւ էր ՄՄ-ին անդամակցելն ավելի նպատակահարմար։ Սա` այն դեպքում, երբ ոչ Ասոցացման համաձայնագրի կոնկրետ պայմաններն են հրապարակվել, ոչ էլ ՄՄ-ի պայմանները։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք, որ Տիգրան Սարգսյանը խոսում է ոչ թե ներկա, այլ անցյալ ժամանակով։ Իսկ դա այնպիսի տպավորություն է ստեղծում, որ մենք արդեն դե յուրե մտել ենք Մաքսային միություն և հետահայաց դատողություններ ենք անում։ Մինչդեռ փաթեթը դեռ պետք է մշակվի, հաստատվի ԱԺ-ի կողմից, և այլն։
Եվ, վերջապես, 5-րդ «թեզը»։ Դրանով Տիգրան Սարգսյանը փորձում է շարունակել մեզ համոզել, որ «և-և»-ի քաղաքականությունն իրականություն է դառնալու։ «Մենք ունենք ընդհանուր պատկերացում այն մասին, որ Մաքսային միության ինտեգրման գործընթացը և Եվրամիության հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումն իրարաժերժ գործընթացներ չեն, այլ փոխլրացնող»։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ռուս գործընկերներն ունեն հստակ դիրքորոշում. այն է` նրանք շահագրգռված են, որ Հայաստանը շարունակի իր հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը Եվրամիության հետ, այդ թվում` նաև Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, քանի որ դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։
Այսինքն, ըստ Տիգրան Սարգսյանի` ռուսները հատուկ պայմաններ են ստեղծելու, որպեսզի Հայաստանը և՛ Եվրոպային ինտեգրվի, և՛ Մաքսային միությանը։ Մինչդեռ հիշեցնենք, որ թե ռուսները (օրինակ` Զատուլինը, Գլազևը և այլք), թե եվրոպացիները բազմիցս հասկացրել են, որ բևեռներից մեկին ինտեգրվելը լինելու է` ի հաշիվ մյուսի։
Այսինքն` Հայաստանի առջև կար երկու ճանապարհ` աջ ու ձախ։ Մերոնք հայտարարում են, որ գնալու ենք մեջտեղի ճանապարհով։ Սակայն մեջտեղի ճանապարհ չկա։ Առավելագույնը, որ կարող ենք անել, գնալու ենք դեպի աջ` մերթ ընդ մերթ գլուխներս շրջելով ձախ կողմը։
Կարճ ասած, Տիգրան Սարգսյանի 5 «թեզերը» ոչ թե պատասխանում են եղած հարցերին, այլ ավելացնում դրանց թիվը։ Սակայն ինքը` վարչապետը, թերևս, համարում է, որ իր «թեզերը» պետք է փակեն բոլոր ընդդիմախոսների բերանը, և հանգիստ խղճով կրկին կիթառ է նվագում` այս անգամ սուլելով։ Իսկ թե ինչու է սուլում և ոչ թե` երգում, կարելի է գլխի ընկնել։ Բանն այն է, որ սուլելու դեպքում մեղեդու հարցում կարող ես փոքր-ինչ սխալվել, սակայն խոսքերի հարցում սխալվելու խնդիր չկա։ Ոչ ոք չի ասի` այս երգը նախկինում ուրիշ կերպ էիր երգում` ուրիշ բառերով և շեշտադրությամբ։ Այսինքն` սուլելն ավելի «անշառ» զբաղմունք է, քան երգելը։ Սա էլ կարելի է համարել 6-րդ թեզը։
«168 Ժամ»