Վերջի սկիզբը

Գրող, հրապարակախոս, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից երևի մի քանի տասնյակ կոչումների ու մեդալների արժանացած, ի վերջո, մեծ «նավապետ» Զորի Բալայանը նամակ է հղել ռուսաց թագավորին՝ Վլադիմիր Պուտինին: Մեղմ ասած՝ ծավալուն այդ նամակում Զորի Գայկովիչը Պուտինին փորձում է համոզել, որ Ղարաբաղի հարցը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի խնդիրն է:

Նա Պուտինին թախանձագին խնդրում է վերականգնել Գյուլիստանի պայմանագիրը, «պատմական արդարությունը» ու Ղարաբաղը «վերադարձնել» Ռուսաստանի կազմ: Այս նամակը կարելի էր զառանցանք համարել, եթե դրա հեղինակը չլիներ մեկը, ով իր պատվավոր տեղն է ունեցել և ունի Հայաստանի ու Ղարաբաղի բոլոր իշխանությունների կողքին, մշտապես արժանացել է պետական բարձր պարգևների, վերջին տարիներին էլ պետության հաշվին նավարկում է աշխարհով մեկ:

Այս նամակի վտանգավորությունը ոչ միայն դրա բովանդակությունն է, այլ նաև այն իրողությունը, որ պալատական թիվ մեկ մտավորականի համարում ունեցող Բալայանը՝ որպես «պետականության բարձր կրող», երբեք աչքի չի ընկել ինքնուրույնությամբ և իր բոլոր քայլերն արել է ոչ միայն` իշխանությունների բարձր հովանավորությամբ, այլև, առաջին հերթին` համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Ըստ ամենայնի, ոչ միայն հայկական իշխանությունների:

Ու պատահական չէ, որ այս նամակի հրապարակումից հետո հնչող հարցերից մեկն այն է՝ արդյոք Զորի Բալայանը այն գրել է Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի իշխանության «հորդորով»: Կամ գուցե՝ երկուսը միաժամանա՞կ: Սակայն դա արդեն էական չէ:

Ավելի կարևոր ու վտանգավոր է այն, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից հետո Հայաստանում արագ տեմպերով բացահայտվում է մինչև այժմ գոնե ձևականորեն զսպվող ստրկամտությունը. Հայաստանի անկախությունն անվանարկող ժողովներ են տեղի ունենում, այս մեկը Պուտինին խնդրում է հազարավոր հայերի արյամբ ազատագրված Ղարաբաղը դարձնել Ռուսաստանի մաս, նրան ողջունում են պալատական այլ «մտավորականներ»:

Իսկ իշխանությունը լուռ է, չի արձագանքում հաստիքային մտավորականների ռուսահպտակության շքերթին, քանի որ նրանք ընդամենը քարոզչական մակարդակում սպասարկում են այն քաղաքականությունը, որի վերջը Հայաստանն ու Ղարաբաղը Ռուսաստանի մաս դարձնելն է:

Տեսանյութեր

Լրահոս