Ինչպիսի համագործակցություն է ենթադրում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը
«Հայաստանը երբեք, նույնիսկ սեպտեմբերի 3-ից առաջ, չի պատրաստվել Վիլնյուսում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» վերլուծաբան, Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի փորձագետ Ամանդա Փոլը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին և հիշեցնելով, որ խոսքը միայն նախաստորագրման մասին է եղել:
«Ավելի շուտ ծրագրվել է նախաստորագրել (ինչպես, ասենք, Վրաստանի և Մոլդովայի հետ), սրանք սկզբունքորեն տարբեր բաներ են: Հետևաբար, թեև Հայաստանը Արևելյան գործընկերության մյուս հինգ պետությունների հետ կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին, բայց նա չի ստորագրի Ասոցացման համաձայնագիր: Եվրոպական միության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն շատ հստակ ասաց այս մասին` սեպտեմբերին Երևան կատարած այցի ժամանակ»,- նշեց Ամանդա Փոլը:
Նա նշեց` քանի որ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (ԽՀԱԱՀ) բավական միաձուլված է Ասոցացման պայմանագրին, ԵՄ-ի ու Հայաստանի միջև նոր փաստաթուղթ կազմելու համար անհրաժեշտ է այն կրկին շարադրել, ինչը երկար ժամանակ է պահանջում:
«Ասոցացման համաձայնագրի նպատակը ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացումը խորացնելը և Հայաստանում եվրոպական արժեքների արմատավորմանն աջակցելն է: Առանց ԽՀԱԱՀ-ի` պայմանագրում մնում է ևս երկու գլուխ` համագործակցություն ԵՄ-ի հետ 1) ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության և 2) արդարադատության և ներքին գործերի հարցերում, և կա ևս մի գլուխ, որը ենթադրում է ոլորտային համագործակցություն, բայց ԽՀԱԱՀ-ն հանելով` համագործակցությունը զգալիորեն թուլանում է: Եթե Հայաստանն ուզում է շարունակել ստանալու ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը և վիզաների ազատականացումը, ապա պետք է իրականացնի ԵՄ-ի պահանջած բարեփոխումները»,- նշեց Ամանդա Փոլը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում` ԵԽԽՎ նստաշրջանին, նշել էր, որ Հայաստանն այժմ էլ պատրաստ է ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, սակայն քանի որ Եվրահանձնաժողովի գործընկերները, իր խոսքերով, գտնում են, որ Մաքսային միությունը և ԽՀԱԱՀ-ն հակասում են միմյանց, ապա այժմ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ մտցնել պայմանագրի մեջ և ստորագրման պատրաստել Ասոցացման համաձայնագրի «քաղաքական մասը»:
«Մենք մասնակցելու ենք Վիլնյուսի գագաթաժողովին, և մեր ակնկալիքն է մինչ այդ որոշակի փոփոխություններ մտցնել բանակցված փաստաթղթում և ամբողջովին պատրաստ ենք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»,- մասնավորապես նշել էր Սերժ Սարգսյանը:
Մանրամասները` «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: