Բաժիններ՝

ԳԱԼԱ ՀԸ գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթ է ընդունվել

ԳԱԼԱ հեռուստաընկերության կողմից ներկայացված ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթ է ընդունվել: Դատարանը կառավարությանը հարցեր է ուղղել, որը գործի քննության սկիզբն է: Դիմումը ՄԻԵԴ ուղարկվել է դեռեւս 2009 թվականի մարտ ամսին՝ փաստաբան Կարեն Թումանյանի եւ ԱԺ պատգամավոր, փաստաբան Էդմոն Մարուքյանի կողմից:

Է. Մարուքյանը համոզված է, որ Եվրոպական դատարանի որոշումը կլինի հօգուտ ԳԱԼԱ հեռուստաընկերության, եւ որ ՄԻԵԴ-ը կպարտադրի Հայաստանի իշխանություններին վերականգնել այն ամբողջ վնասը, որը կրել է հեռուստաընկերությունը ՀՀ տարբեր գերատեսչությունների հետ առճակատման ամբողջ ժամանակահատվածում:

Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը Է. Մարուքյանի հետ:

-Պարո՛ն Մարուքյան, երբ է ՄԻԵԴ-ը վարույթ ընդունել «ՉԱՊ» ՍՊԸ դիմումը եւ այս պահին ի՞նչ ընթացակարգում է գտնվում գործի քննությունը:

– Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայքում դրված է տեղեկություն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ԳԱԼԱ հեռուստաընկերության գործը (ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ) վարույթ է ընդունել, եւ ՀՀ կառավարությանը ուղղվել են հարցեր:

Մենք  հարցեր էինք հղել, թե արդյո՞ք Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի շրջանակներում արդար դատաքննության իրավունքը պահպանվել է Եվրոպական դատարանում եւ քրեական մեղադրանքի շրջանակներում: Եվրոպական դատարան ուղարկված դիմումում փաստարկել էինք, որ այնքան մեծ է տուգանքը եւ այն հարկերի հաշվարկը, որոնք որ դրվել են հեռուսաընկերության վրա, որ այդ մեղադրանքը մենք հավասարեցրել ենք քրեականի, եւ մենք այն ժամանակ գտնում էինք, որ սա քրեական մեղադրանքին հավասար մեղադրանք է, հետեւաբար փաստարկել ենք, որ եվրոպական դատարանը պետք է վեցերորդ հոդվածի շրջանակներում նայի հետեւյալը.

6.3-ի դ կետի համաձայն պետք է հնարավորություն ունենայինք հարցեր ուղղելու վկաներին, հարցաքննելու դատարանում եւ փորձագետներին: Որի հիման վրա ըստ էության կայացել էր վճիռ՝ ընդդեմ հեռուստաընկերության: Եվրադատարանի հարցերը հենց դրան են ուղղված, թե արդյո՞ք վեցերորդ հոդվածի շրջանակներում քրեական մեղադրանքին հասցված էր ըստ էության գործը, արդյո՞ք 6 բ կետով արդար դատաքննություն ապահովվա՞ծ է եղել, եւ արդյոք 6.3 դ կետով ապահովվա՞ծ են եղել կողմին հակառակ կողմին, վկաներին եւ փորձագետներին հարցաքննելու հնարավորությունները:

Այսինքն՝ հիմնական մեխը, որ մենք դրել ենք ըստ էության, հենց դրանք էլ Եվրադատարանը հիմք է ընդունել եւ հարցեր է հղել ՀՀ կառավարությանը:

-ՀՀ կառավարությունը որքա՞ն ժամանակում է պատասխանելու այս հարցերին, եւ ըստ էության գործընթացը որքա՞ն կտեւի:

-Երբ որ նամակը կստանանք, նամակում նշված կլինի նաեւ, թե կառավարությանը որքան ժամանակ է տրված նշված հարցերին պատասխանելու համար: Մոտավորապես երեք ամիս ժամկետ է տրվում:

Ընդհանուր գործընթացը երկար կտեւի, կառավարությունն ուղարկում է իմ կողմից արդեն նշված հարցերի վերաբերյալ իր մեկնաբանությունները Եվրոպական դատարանին, իսկ Եվրոպական կողմը իր կողմից այդ մեկնաբանություններն ուղարկում է ԳԱԼԱ-ի ներկայացուցիչներին: Այդ ժամանակ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը իր դիրքորոշումն է հայտնում ՀՀ կառավարության դիրքորոշման վերաբերյալ, եւ այս ձեւով շարունակվում է գրագրություն դատարանի, ՀՀ կառավարության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության միջեւ:

Որից հետո դատարանը հանգում է ինչ-որ վերջնական եզրակացության: Եւ կայացնում է որոշում: Տվյալ պարագայում երկու տարի եւ նույնիսկ ավելի հնարավոր է, որ տեւի գործընթացը: Զուտ վարույթ ընդունվել է, ես կարծում եմ, որ դա արդեն մեծ բան է գործը առաջ տանելու համար:

– Պարոն Մարուքյան, եթե պարզվի, որ ԳԱԼԱ-ի ներկայացուցիչների փաստարկները հիմնավոր էին, ինչ տեղի կունենա:

– Հետեւանք կարող է լինել այն, որ գործը Հայաստանի Հանրապետությունում վերանայվի, եւ ԳԱԼԱ-ի կողմից կրած վնասների վերականգնում տեղի կունենա: ԳԱԼԱ հեռուստաընկերությունը չի փակվել, բայց մեծ գումարներ է վճարել, այդ ամենը վերադարձվելու է:

Դա ընթացքը ցույց կտա, առայժմ ինձ համար կարեւորն այն է, որ ըստ էության արձանագրվի, որ տեղի է ունցել խախտում, եւ տեղի է ունեցել ըստ էության այնպիսի մոտեցում հեռուստաընկերության նկատմամբ, որը միտված է եղել հեռուստաընկերության գործունեության դադարեցմանը եւ մյուս հանգամանքը, որ շատ կարեւոր է, ԳԱԼԱ-ն այսօր նորմալ աշխատում է, բայց մեզ համար կարեւոր է, որ նախադեպը այլեւս չկրկնվի: Դրա համար խիստ կարեւոր է, որ Եվրոպական դատարանը եւս մեկ անգամ վերահաստատի իր մոտեցումները:

Մտավախություն ունեի, որ չհասնենք այն փուլին, որ վարույթ ընդունվի, բայց ընդունվեց, եւ ես մեծ հույսեր ունեմ, որ գործը կհասնի նրան, որ կճանաչվեն խախտումները: Տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի դատարանը: Ըստ էության, սա շատ հետաքրքիր է, քանի որ

Հայաստանում յուրահատուկ գործ է, ԳԱԼԱ-ի հետ համեմատելու մենք գործ չունենք… եթե նայենք Ա1+-ը՝ այս գործը տարբերվում է ԳԱԼԱ-ից. ԳԱԼԱ-ի դեմ ուղղակի վարչական լծակներ են ուղղվել, այսինքն՝ տուգանքներ, հարկերի հաշվարկ, ՊԵԿ-ի ստուգումներ եւ այլն, եւ այլն: Սա այլ է, դրա համար եմ ասում, որ կարող է նախադեպ լինել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ մյուս 47 անդամ պետությունների համար: Այդ իսկ պատճառով մեծ հույս ունեմ դատարանից, որ այլեւս նման գործ չկրկնվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս