Բաժիններ՝

ԱԻՆ բացառիկ նախաձեռնությունը

Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան ընդառաջ՝ այսօր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կազմակերպվել էր հանդիպում միջազգային և հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին ԱԻՆ համակարգ ներգրավելու բացառիկ փորձը։

Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրն այս տարի անդրադառնում է այն մեկ միլիարդ մարդկանց, որոնք ապրում են հաշմանդամության որոշակի աստիճանով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են աշխարհի բնակչության մեկ հինգերորդը, և նրանք դեռևս լուրջ դերակատարում չունեն աղետների կանխարգելման և ռիսկի նվազեցման պլանավորման կամ աղետակայուն հասարակություններ և համայնքներ ստեղծելու գործում:

Խոցելի խավից՝ գործընկեր
ՀՀ ԱԻ նախարարությունն առաջին և առայժմ միակ պետական կառույցն է, որի համակարգում աշխատում են հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ։ Խոցելի խավից նրանք այսօր դարձել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման գործողությունների ակտիվ մասնակիցներ, ներգրավված պլանավորման, քաղաքականության մշակման և բնակչության հետ աշխատանքի ոլորտներում։

Մենք անում ենք այսքանը, դուք կարող եք ավելին
Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարար Ա. Երիցյանը հանգամանալից ներկայացրեց այս եզակի նախաձեռնության նախապատմությունը, մարտահրավերներն ու նվաճումները.
– Օգտվելով առիթից իմ շնորհակալական խոսքն եմ ուղղում գործընկեր միջազգային և հասարակական կազմակերպություններին, որոնք վստահել են մեզ, հավատացել և օգնել միասին գնալու առաջ: Ինչպես արդեն գիտեք՝ ՄԱԿ-ն այս տարի իր հայացքն ուղղել է դեպի հաշմանդամների հարցերը: Հայաստանում հաշվառված է 189 700 հաշմանդամ, որից 2300-ը տեղաշարժման խնդիրներ ունեն: Անցյալ տարի ՀՀ նախագահի հանձնարարականից անմիջապես հետո մենք սկսեցինք ոլորտի ուսումնասիրությունը և խորհրդակցություններն այս բնագավառում փորձառություն ունեցող տարբեր կազմակերպությունների հետ:

ԱԻՆ աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմում ստեղծվել էր առանձին թեմատիկ խումբ` ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց համար, նրանց կարիքների ու խնդիրների արձանագրման, աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներգրավման և որոշումների կայացման մեջ նրանց կարծիքների հաշվառման համար: Խմբում ուսումնասիրվել և մշակվել են ԱԻՆ համակարգում աշխատանքի ընդունվող երիտասարդներին ներկայացվող պահանջները՝ գիտելիքների, հմտությունների, անհրաժեշտ ունակությունների վերաբերյալ: Սկզբում շատ բարձր պահանջներ էինք ներկայացնում, սակայն տեսնելով, որ այս մարդկանց զգալի մասը (իհարկե ոչ իրենց մեղքով) հնարավորություն չեն ունեցել բարձրագույն կրթություն ստանալու, որոշեցինք անհատական մոտեցում ցուցաբերել:

Ներկայումս ԱԻՆ համակարգում աշխատում է 26 սայլակավոր հաշմանդամ, և համապատասխան պայմանների առկայության դեպքում` տրանսպորտային միջոցներ, հատուկ վերելակներ և այլն, նախարարությունը պատրաստակամ է ավելացնել նրանց հատկացվող աշխատատեղերի թիվը, ընդ որում՝ ոչ միայն Երևանում, այլև՝ մարզային կառույցներում և Արցախում:

Նշեմ նաև, որ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան մեր հանրապետության հազվագյուտ ԲՈՒՀ-երից է, որտեղ կան սայլակավոր հաշմանդամների ուսուցման համար բոլոր հարմարությունները, և մեր աշխատակիցներից մի քանիսն ակադեմիայում սովորելու ցանկություն են հայտնել:

ԱԻ նախարարի ելույթից հետո ցուցադրվեց նախարարությունում աշխատող հաշմանդամների առօրյան ներկայացնող տեսահոլովակ, իսկ համառոտ հարց ու պատասխանից հետո հյուրերը հնարավորություն ունեցան շրջելու ԱԻՆ “Արտակարգ քաղաքում” և համոզվելու, որ այստեղ հաշմանդամների համար ստեղծված են միջազգային չափանիշներով սահմանված բոլոր պայմանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս