
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունն ունի ընդդիմադիր քաղաքական գործիչների ու գործարարների «սև ցուցակ»

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) խոստովանել է, որ ունի ընդդիմադիր քաղաքական գործիչների ու գործարարների «սև ցուցակ», ինչի նպատակը բաց մրցույթներին նրանց մասնակցելուն խոչընդոտելն է:
MIT-ի ուշադրության կենտրոնում են գտնվում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (ԺՀԿ) ու «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունների պատգամավորները, ինչպես նաև այդ կուսակցությունների հետ կապված գործարարները:
Նշվում է, որ «սև ցուցակի» ստեղծումը միտված է թուրքական պետության անվտանգության ապահովմանը, նրան ներքին ու արտաքին օգուտներ պատճառելուն: Թերթն այս մասին առաջին անգամ ահազանգել է դեռևս հունիսի 13-14-ին, ինչից հետո MIT-ը պահանջել էր արգելք դնել տվյալ թեմայով հրապարակումների վրա:
Անկարայի Հանրապետական դատախազությանը հղած MIT-ի նամակում ընդգծվել է, որ թերթի հրապարակած փաստաթղթերը պարունակում են գաղտնի տեղեկատվություն և պետք է մատչելի չլինեն հանրության համար: MIT-ը պահանջել էր 10 տարի ազատազրկման դատապարտել Taraf թերթի լրագրող Մեհմեթ Բարանսուին այդ հրապարակման համար:
Թերթի պնդմամբ՝ MIT-ը քաղաքական ու կրոնական հայացքների, անձնական կյանքի վերաբերյակ տեղեկատվություն է հավաքել ընդդիմադիր 6 պատգամավորի և քաղաքական գործչի մասին: